2026 թվականի հունիսի 22-ին կգումարվի «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում կամփոփվեն Բանկի 2025 թվականի գործունեության արդյունքները և կքննարկվեն հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Բաժնետերերի ժողովը նաև որոշում կընդունի 2025 թվականի ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման վերաբերյալ։
2025 թվականին Յունիբանկը շարունակել է պահպանել աճի բարձր տեմպերը՝ ապահովելով հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի բարելավում։ Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են 393.8 մլրդ դրամ: Վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 32.5%-ով՝ 2025 թվականին հասնելով 264.6 մլրդ դրամի։ Մանրածախ վարկային պորտֆելը աճել է 24%-ով՝ գերազանցելով 183 մլրդ դրամը։ Հիփոթեքային վարկավորման ուղղությամբ գրանցվել է գրեթե 40% աճ։ Բանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաև քարտային բիզնեսը․ գործող քարտերի քանակն աճել է շուրջ 21%-ով։
Ձեռնարկատիրության աջակցությունը մնացել է Յունիբանկի ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Կորպորատիվ վարկային պորտֆելն աճել է 37%-ով և կազմել 77 մլրդ դրամ։ Փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման շրջանակում Բանկը շարունակել է զարգացնել նաև բիզնես լիզինգը՝ գրանցելով լիզինգային պորտֆելի 55% աճ։
2025 թվականի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են 343.6 մլրդ դրամ։ Թողարկված պարտատոմսերի պորտֆելը տարվա ընթացքում աճել է 70%-ով։ Յունիբանկը հաշվետու տարին ավարտել է 9.8 մլրդ դրամ զուտ շահույթով՝ հաստատելով իր կայուն ֆինանսական դիրքերը և զարգացման արդյունավետ ռազմավարությունը։
Կարդացեք նաև
Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը։


















































