ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի կարևոր նկատառում. նախընտրական փուլում, երբ բոլորը բոլորին խոստանում էին բռնել, կախել, վենդետաների ենթարկել, նստեցնել, նույնիսկ նկարագրում էին, թե ում բանտախուցը ինչպիսին պետք է լինի, միայն Ծառուկյանն էր, որ խոսում էր ներքին համերաշխության և վենդետաների անթույլատրելիության մասին։ Խոսում էր ազգային կոնսոլիդացիայի սկզբունքային դիրքերից։ Ու հենց նա դարձավ ամենակոշտ հարձակման թիրախը։ Սա նորմալ չէ։ Այստեղ խորքային աննորմալություն կա։
Հենց Ծառուկյանի ուժին ամբողջ աշխարհի աչքի առաջ իբր ԿԸՀ որոշմամբ թույլ չտվեցին մտնել ԱԺ, հենց Ծառուկյանի ուժից գողացան 60 հազար ձայն։
Այսինքն` ստացվում է, որ Հայաստանում հարձակման և անարդարության թիրախը այն անհատն է ու այն ուժը, որը հանդես է գալիս ներքին համերաշխության, երկրում հանդարտության, իրար մորթելը բացառելու գաղափարներով։ Այսպես է ստացվում։ Բա այս տրամաբանությամբ ո՞ւր ենք գնում։
Ու հենց Ծառուկյանի սեփականության վրա սկսվեց Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող իշխանական հարձակում։ Խլեմ, զրկեմ, արգելեմ, չեղարկեմ՝ էս մտածողությամբ երկրում գոնե մեկ նորմալ ներդրող չի գա։ Բնականաբար Ծառուկյանը բոլոր ատյաններում և միջազգային դատարաններում պաշտպանելու է իր իրավունքը, բնականաբար Հայաստանում և ամբողջ աշխարհում ձևավորվելու է նրա սատարման շարժում, բնականաբար չի մոռացվելու ոչ մի ապօրինություն, բայց երկիրը միևնույն է տուժելու է։
Կարդացեք նաև
Հիմա արդեն Հայաստանի բոլոր առողջ շրջանակները հրապարակային իրենց սատարումն են հայտնում Ծառուկյանին և ԲՀԿ-ին։ Մարդիկ, ովքեր երբեք չեն համարվել Ծառուկյանի համախոհ, երբեք չեն քվեարկել նրա օգտին, մոտենում են ու աջակցության խոսքեր ասում։
Փորձեք Գագիկ Ծառուկյանի հետ 10 րոպե քայլել Երևանի փողոցներով։ Ամեն վայրկյան մարդիկ մոտենում են, գրկում, նկարվում ու աջակցության խոսքեր ասում։
Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է։


















































