Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դուրգարյանը ցուցադրեց վստահ կատարում՝ փոխանցելով գերմանացի կոմպոզիտորի ողջ նրբագեղությունը. Կլաուդիո Լիստանցի

Հունիս 22,2026 15:26 Share

Aravot.am-ն արդեն երեք տասնամյակ, տարբեր առիթներով, բարձրաձայնում է մեր երկրում պրոդյուսերական կենտրոնների բացակայության մասին, բայց այդպես էլ ոչ մի շարժ։ Որերորդ անգամ կրկնենք, որ այդ կազմակերպություններն անհրաժեշտ են արվեստագետների և խմբերի մասնագիտական աճի համար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նրանց ստեղծագործական գործունեությունը խթանելու և տարածելու համար։ Այդ կենտրոնները նաև զբաղվում են մարքեթինգով, հասարակայնության հետ կապերով, ֆինանսական ներդրումներով, կրթությամբ և վերապատրաստմամբ, ընդ որում՝ բոլոր զբաղեցրած պաշտոնները զբաղեցնում են բացառապես պրոֆեսիոնալներ։

Նման կենտրոնի մի օրինակ բերենք, որի արտիստն է մաեստրո Կարեն Դուրգարյանը, որը վերջերս է վերադարձել Իտալիա կատարած հյուրախաղերից և, որին առանձնապես ներկայացնելու կարիք չկա՝ և՛ որպես երաժշտի, և՛ որպես Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի։ Ժամանակին դիրիժորի հետ հարցազրույցներից մեկում տեղեկացրել ենք, որ նա պրոդյուսեր ունի, իսկ ավելի գրագետ՝ իտալական Artists Management Company LTD-ի արտիստ է։

Վերջերս, հերթական անգամ, տևական ժամանակահատվածով մաեստրոն մեկնել էր հյուրախաղերի։ Նրա վերադարձից հետո մեզ չհաջողվեց կապվել նրա հետ։ Փոխարենը, այս հարցում մեզ օգնության հասավ համացանցը։

Այսպես. վերոնշյալ կազմակերպության պաշտոնական էջում կարդում ենք.

«Մաեստրո Կարեն Դուրգարյանը Հռոմի օպերային թատրոնում ղեկավարում է Ջորջ Բալանչինի «Միջամառային գիշերվա երազ» բալետը, որը ոգեշնչված է Շեքսպիրի սիրված կատակերգությունից և բեմադրված՝ Մենդելսոնի երաժշտությամբ։ 1962 թվականին Բալանչինի կողմից ստեղծված այս բալետը համատեղում է կոմպոզիտորի հայտնի ու սիրված երաժշտությունը լրացուցիչ նվագախմբային ստեղծագործությունների հետ՝ գերմանացի գրողի փերիների, սիրահարների և ոչ ճիշտ ինքնությունների կախարդական աշխարհը վերածելով հարուստ խորեոգրաֆիայի պարային երեկոյի։ Այս նոր ներկայացումը միավորում է Հռոմի օպերային թատրոնի նվագախումբը, երգչախումբը և բալետի արտիստներին՝ Ջանլուկա Ֆալասկիի զգեստներով ու դեկորներով»։

Իսկ իտալացի ճանաչված արվեստի քննադատ Կլաուդիո Լիստանցին երեկոյից հետո կարծիք է հայտնել, որը մեջբերում ենք՝ խմբագրված.

«…Երբ խոսքը վերաբերում է Մենդելսոնի երաժշտությանը, մենք բոլորս գիտենք դրա կատարման յուրահատուկ և պահանջկոտ բնույթը։ Հայազգի մաեստրո Կարեն Դուրգարյանը, որը ներկայումս Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր երաժշտական ղեկավարն է, ցուցադրեց վստահ կատարում՝ փոխանցելով գերմանացի կոմպոզիտորի ողջ նրբագեղությունը։ Դիրիժորն արդյունավետորեն տիրապետում էր ոչ միայն յուրաքանչյուր առանձին պարի ռիթմերին ու նվագակցությանը՝ ընդունելով ճիշտ տեմպերը՝ պարի անհերքելի պահանջները բավարարելու համար, այլև հաջողությամբ փոխանցելով ճիշտ գույներն այս պարտիտուրների «սիմֆոնիկ» բնույթին… Այս կատարումը բարձրացրեց բալետի հիասքանչ հմայքը և, անշուշտ, իրողություն դարձավ Դուրգարյանի փորձի, բայց նաև օպերային թատրոնի նվագախմբի շնորհիվ, որը ևս մեկ անգամ հաստատեց իր հիմնարար պրոֆեսիոնալիզմը։ Խոսքերիս վկան են ներկայացման ավարտին դիրիժորին իրավացիորեն ուղղված երկարատև ծափահարություններն ու օվացիաները…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ իտալական Artists Management Company LTD-ի պաշտոնական կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930