Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանում առաջին փառատոնն ենք, որ ընդունել է արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմեր. Արտյոմ Բաղդասարյան

Հունիս 22,2026 15:01 Share

Հունիսի 25-29-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը: Բացման մեկնարկը կտրվի հունիսի 25-ին՝ Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում, իրանցի ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմիի «Մշուշը վերացել է» ֆիլմով:

«3 օր շարունակ Կինոյի տանը կայանալու են փառատոնի միջոցառումները, մրցութային ֆիլմերի ցուցադրությունները, այնուհետև փառատոնը շարունակվելու է Գյումրիում: Հունիսի 28-ին Թումո-Գյումրիում իրականացվելու են փառատոնի միջոցառումները, իսկ հունիսի 29-ին Հոկտեմբեր կինոթատրոնում լինելու է փառատոնի փակման արարողությունը:

Մեր փառատոնն ունի ավանդույթ, որ բացի Երևանից, նաև մարզերում են միջոցառումներ իրականացվում: Շիրակի մարզն արդեն թվով 6-րդ մարզն է, որտեղ հյուրընկալվում է փառատոնը: Որպես փառատոնի տնօրեն՝ պիտի վստահությամբ ասեմ, որ արդեն 9 տարի շարունակ այս ավանդույթը դրական ազդեցություն է ունենում մարզային մշակութային կյանքի ակտիվացմանը, իսկ մեր թե՛ ազգային, թե՛ միջազգային մասնակիցները հնարավորություն են ունենում ծանոթանալու Հայաստանի հետաքրքիր կինոլոկացիաներին»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը:

Գուժ Թադևոսյան

Նա հավելեց, որ փառատոնի շրջանակում կկայանան նաև հանդիպումներ, քննարկումներ, հնարավորությունների ներկայացում:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի ձևակերպմամբ, փառատոնն իր արժանի տեղն է զբաղեցրել Երևանի մշակութային օրացույցում, դարձել միջազգային կինոհանրության կողմից ճանաչված հարթակ:

Դանիել Դանիելյանը՝ ձախից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այն փառատոններից է, որ իսկապես արժանի է պետական ֆինանսավորման: Նա կարևորեց մարզային երիտասարդության ներգրավվածությունը, ընդգծեց նաև, որ փառատոնը կտրված չէ արտաքին աշխարհից, այն տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը՝ մասնակիցների, ժյուրիի, հանդիսատեսի առումով:

Արտյոմ Բաղդասարյան

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արտյոմ Բաղդասարյանն ուրախությամբ նշեց, որ ամեն տարի աճում է ոչ միայն ֆիլմերի հայտերի թիվը և որակը, այլև աշխարհագրությունը: «Այս տարի 95 երկրից հայտեր ենք ստացել, անգամ փոքր կղզի երկրներից, որոնցից շատերի անունները չգիտեինք: Ի դեպ, տարածաշրջանում առաջին փառատոնն ենք, որ ընդունել է արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմեր»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930