Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ձեռնամարտի տիրապետի»

Մայիս 26,2017 18:00

Հայաստանում մարտարվեստի տարբեր ոճերի ֆեդերացիաներ են գործում, բայց «Ձեռնամարտի ռուսական մարտ» ոճի ֆեդերացիան տարբերվում է մյուսներից: Այդ տարբերության մասին «Առավոտի» հետ հարցազրույցում պատմեց ֆեդերացիայի նախագահ Վարդան Հակոբյանը:

– Բոլորն էլ գովում են իրենց ֆեդերացիան ու պատմում մյուսների նկատմամբ իրենց մարտաոճի առավելությունների մասին: Ձերն ինչո՞վ է տարբերվում:

– Ես մեր մարտաոճը մյուսների հետ չեմ համեմատի: Ընդամենը կարճ կներկայացնեմ ձեռնամարտի ռուսական մարտ ոճը: Այն հիմնվել է Ռուսաստանում եւ աշխարհում հայտնի բոլոր մարտարվեստների կիրառական լավագույն հնարքների սինթեզ է: Հիմնադիրներն ուսումնասիրել են բոլոր մարտարվեստները, սկսած արեւելյաններից, վերջացրած ըմբշամարտով, բռնցքամարտով ու ազգային մենապայքարային ձեւերով, համեմատել, թե որ ձեւի այս կամ այն հնարքը մյուսների նկատմամբ առավելություն ունի եւ դրանք համադրելով՝ ստեղծել ձեռնամարտ-ռուսական մարտ ոճը: Եվ պատահական չէ, որ շատ երկրներում հատուկ ջոկատները եւ էլիտար զորքերը յուրացնում են հենց այս մարտարվեստը:

– Այն ի՞նչ է տալիս մարդուն, սովորական քաղաքացուն:

– Շատ բան, գրեթե ամեն ինչ: Այս մարտարվեստով զբաղվողը սովորում է ոչ միայն պաշտպանել ինքն իրեն ու շրջապատին՝ ատրճանակով, դանակով, մահակով ու զենքի գրեթե բոլոր տեսակներով կամ դատարկ ձեռքերով հարձակումներից, այլեւ կարճատեւ կամ երկար ժամանակով վնասազերծել հարձակվողին: Սա, իմ խորին համոզմամբ, օդի պես անհրաժեշտ հմտություն է, որին անպայման պետք է տիրապետի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ ինչպես բանակում եւ սահմանին, այնպես էլ առօրյա կյանքում: Մոտ երկու ամիս առաջ Հայաստանում ձեռնամարտի ֆեդերացիաների միջեւ ընկերական առաջնություն կազմակերպվեց: Մեր սաներից մասնակցեցին վեցը եւ բոլորն էլ մրցանակային տեղ զբաղեցրին, իսկ թիմը հաղթող դարձավ:

– Մարզվողներ շա՞տ ունեք եւ տարիքային ու սեռային սահմանափակում կա՞:

– Քիչ չեն, բայց շատ-շատ էլ չեն: Պայմանները չեն բավարարում, ֆինանսավորում, հովանավորներ չունենք: Ստիպված ենք լինում ժամանակ առ ժամանակ մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխվել: Եթե մեր մշտական վայրն ունենանք, մեր ուժերով կնորոգենք, նոր մարզագույք կբերենք, թեեւ գույքը մշտապես թարմացնում ենք:

Ինչ վերաբերում է տարիքային եւ սեռային սահմանափակումներին, տարիքային նվազագույն շեմը վեց տարեկանն է, սեռային սահմանափակում չկա: Առաջին ու գլխավոր պահանջը առողջ լինելն է: Բայց մեզանում տարածված մտածելակերպ կա. մարտարվեստ է, ուրեմն կանանց ու աղջիկների համար չէ: Կտրականապես դեմ եմ դրան: Ինքնապաշտպանության հնարքներին տիրապետելն ավելի շատ հենց աղջիկներին է պետք: Առավել եւս, եթե սիրողական խմբում ես եւ մեծ ծանրաբեռնվածություններ չես ստանում:

Վեց տարեկան երեխան մեզ մոտ գրեթե երկու տարի զբաղվում է ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարձրացնելով, ընդհանուր բազա է հավաքում, որից հետո են սկսվում աստիճանական ծանրաբեռնվածությունները:

-Դուք աշխատում եք նաեւ «Բերկուտ» թիկնապահական քոլեջում:

– Այո, դասավանդում եմ եւ այնտեղ որակյալ թիկնապահներ ենք պատրաստում:

– Բայց ժողովրդի մեջ թիկնապահի կերպարը, մեղմ ասած, համակրանք չի վայելում:

– Ցավոք, նման վերաբերմունք կա ու երբեմն էլ՝ հիմնավորված: Բայց իսկական թիկնապահական ծառայությունն ամենեւին էլ այն չէ, ինչի ականատեսը ժամանակ առ ժամանակ մարդիկ դառնում են: Թիկնապահական ծառայության աշխատանքն ավելի շատ իր պաշտպանյալի, կամ իրեն վստահված տարածքի, շենքի անվտանգությունը նախապատրաստել, կազմակերպելն է, հնարավոր վտանգները նախապես բացառելը կամ նվազագույնի հասցնելը: Ճիշտ աշխատելու դեպքում թիկնապահները հիմնականում աննկատ են մնում: Թեեւ, մեկ-երկու հոգի, այնուամենայնիվ, պետք է գտնվեն իրենց պաշտպանյալին մոտ՝ արտակարգ իրավիճակի համար:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

26.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031