Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե 29.8, այլ 55%. Հայաստանում աղքատության ցուցանիշի սուտը

Հունիս 05,2017 17:09

sut.am. Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. առաջին եռամսյակում ՀՀ պարենային ապահովության և աղքատության վերաբերյալ մի զեկույց, ըստ որի՝ ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմում է 29,8%: Սա նշանակում է, որ Հայաստանում մոտ 900 հազար մարդ աղքատ է, որից մոտ 300 հազարը շատ աղքատ, իսկ մոտ 60 հազարը՝ ծայրահեղ աղքատ: Այսուամենայնիվ, ՀՀ բնակչության լայն շերտերում առկա կենսապայմանները մեզ ստիպում են որոշակի կասկածամտությամբ մոտենալ անգամ այս բարձր ցուցանիշին:

Խնդիրը կայանում է նրանում, որ ԱՎԾ կողմից կիրառվող մեթոդաբանությամբ՝ բնակչության բարեկեցության գնահատումը իրականացվում է ոչ թե տնային տնտեսությունների եկամուտների, այլ նրանց կողմից իրականացվող սպառման ագրեգացված ցուցանիշի հիման վրա: Իսկ սպառման ագրեգացված ցուցանիշում ներառվում է ոչ միայն պարենային և ոչ պարենային ապրանքների սպառման արժեքը, այլև սեփական արտադրության ապրանքների, մարդասիրական կազմակերպություններից և այլ աղբյուրներից ստացված օգնության ինչպես նաև քաղաքացիների կողմից տիրապետվող երկարատև օգտագործման ապրանքների հաշվարկային արժեքները: Իսկ ահա տնային տնտեսությունների անվանական եկամուտների ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում:

Կից ներկայացված գծապատկերում արտացոլված է ՀՀ ամենաաղքատ և ամենահարուստ խավերի միջև անվանական եկամուտների բաշխումը: Այդ գծապատկերում ՀՀ տնային տնտեսությունները դասակարգված են 10 դեցիլային խմբերում՝ արտացոլելով բնակչության ամենաաղքատ 10%-ից մինչև ամենահարուստ 10%-ի միջին եկամուտները: Այս տվյալներից պարզ է դառնում, որ ՀՀ բնակչության մոտ 55%-ը (կամ շուրջ 1,6 մլն մարդ) ստանում է 41.000 դրամից քիչ եկամուտ՝ այդպիսով գտնվելով աղքատության գծից ներքև: Նրանցից շուրջ 25%-ի եկամուտներն անգամ ցածր են եղել աղքատության ստորին գծից, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում ավելի քան 700 հազար մարդ շատ աղքատ է: Ավելին, ՀՀ բնակչության մոտ 65%-ի պարագայում ստացվող եկամուտները նվազագույն սպառողական զամբյուղից (49.000 դրամ) ցածր են եղել:

Ըստ այդմ, ստացվում է մի իրավիճակ, երբ Հայաստանում շուրջ 300 հազար մարդ ամսական ստանում է մոտ 10.300 դրամի հասնող եկամուտ: Ու քանի դեռ ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ-ում աղքատ է բնակչության միայն 29,8%-ը. նկատենք, որ բնակչության այդ 29,8 տոկոսի ամսական եկամուտները չեն գերազանցում նույնիսկ 30 հազար դրամը:

Մյուս կողմից, բնակչության դեցիլային խմբերի եկամուտների կառուցվածքը ակնհայտ է դարձնում նաև Կառավարության սոցիալական քաղաքականության ծայրահեղ անարդյունավետ լինելու հանգամանքը: Ըստ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ բնակչության ամենաաղքատ 10%-ը ամսական կտրվածքով ստանում է 4,945 դրամի հասնող կենսաթոշակներ և նպաստներ, իսկ ահա 6-րդ դեցիլային խմբում գտնվող քաղաքացիները միջինում ստանում են 12 հազար դրամի հասնող աջակցություն, այնինչ սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի ողջ իմաստը հենց ամենախոցելի խավին ֆինանսապես աջակցելն է և ոչ հակառակը:

Այսպիսով, վերոնշյալ փաստերը մեզ բերում են այն եզրահանգման, որ կամ ԱՎԾ կողմից բնակչության սպառման ծավալների և աղքատության մակարդակի վերաբերյալ հրապարակված ցուցանիշները ճշգրիտ չեն, կամ ՀՀ հարկային մարմինները պարզապես ի զորու չեն բազային վարչարարություն իրականացնելով՝ գնահատել տնային տնտեսությունների եկամուտները, ինչն էլ իր հերթին վկայում է ստվերային տնտեսության ահռելի մասշտաբների մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930