Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ասելով լիներ…

Հունիս 06,2017 10:00

Վերջերս ինձ մի ճանապարհային ոստիկան մոտեցավ եւ առանց երկար նախաբանի սկսեց՝ «էս ի՞նչ է լինելու էս ժողովրդի վիճակը, մի բան ՊԵՏՔ Է անել, սաղ էթում են երկրից, էս անարդարությունները… էս կաշառակերությունը…»: Երբ նրան հարց տվեցի՝ «իսկ անձամբ դուք վարորդներից կաշառք վերցնո՞ւմ եք», պատասխանը նույնպես սպասելի էր՝ «բա իրանց տված կոպեկներով ո՞նց ընտանիք պահեմ»:

Այստեղ առանցքային բառը՝ «պետք է»-ն է: Ինչ-որ բաներ ՊԵՏՔ Է տեղի ունենան՝ իմ կամքից եւ իմ գործողություններից անկախ: Ծառերը ՊԵՏՔ Է ծաղկեն, արտերը ՊԵՏՔ Է բերք տան, Հայաստանում ՊԵՏՔ Է լավ, այսինքն՝ ժողովրդին «լավ նայող» իշխանություն լինի եւ այլն:

Իրականում է այդ թեմայով հնարավոր է խոսել ժամերով եւ օրերով՝ հուզվելով, բողոքելով ու բորբոքվելով: Մեր մտքով շատ հազվադեպ է անցնում մի պարզ հարց՝ «իսկ ի՞նչ ՊԵՏՔ Է անեմ ես»: Մասնավորապես, իմ զրուցակից «գաիշնիկը» ՊԵՏՔ Է դադարի մարդկանց գլխին գործ սարքել եւ դրանով ընտանիք պահել: Գլոբալ հարցերից խոսելը հեշտ է, մայթին ընկած կոնֆետի թուղթն աղբամանը գցելը շատ ավելի դժվար է:

Մամուլի ակումբներում ամեն օր հյուրընկալվում են քաղաքական գործիչներ, եւ բոլորը խոսում են «պետք է»-ի տեսանկյունից՝ «Հայաստանը ՊԵՏՔ Է դառնա զարգացած, քաղաքակիրթ երկիր», «իշխանության ճյուղերը ՊԵՏՔ Է տարանջատվեն», «դատական համակարգը ՊԵՏՔ Է անկախ լինի», «ՊԵՏՔ Է զարգացնել ռազմարդյունաբերությունը», «ՊԵՏՔ Է իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ», «ժողովուրդը ՊԵՏՔ Է ոտքի կանգնի», «այս իշխանությունը չարիք է եւ օր առաջ ՊԵՏՔ Է հեռանա»: Քանի որ այս ամենը ես լսում եմ եւ որպես լրագրող ստիպված վերարտադրում եմ արդեն 26 տարի, ապա հայտնեմ իմ համեստ կարծիքը՝ օդի անիմաստ տատանումներին ՊԵՏՔ Է վերջ տալ:

Վերջերս մի հեռավոր երկրից հերթական ազգային գործիչն եկավ ու ասաց. «Հայաստանը շատ վատ վիճակում է՝ ժողովուրդը քիչ է, տարածությունը՝ փոքր, բնական պաշարներ չկան, և այդ վատ վիճակից դուրս գալու համար ՊԵՏՔ Է աշխատանք տարվի, ՊԵՏՔ Է Սփյուռքին համոզել, որ գան, գործարաններ հիմնեն Հայաստանում: Այդ գործիչը նշեց նաեւ. «Հայաստանը ՊԵՏՔ Է ադամանդ դարձնենք, ՊԵՏՔ Է այստեղ աշխատատեղ ստեղծենք: Եթե մարդ գործ չունենա, ապագա էլ չի լինի»: Լավ է՝ ասաց, թե չէ մենք չգիտեինք:

…Ինչպես ժամանակին գրել է Պարույր Սեւակը՝ «թե ասելով լիներ՝ կարելի էր շուռ տալ աշխարհն իրոք եւ իսկույն էլ տեղը նոր աշխարհ շինել»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Ինչից է սկսվում ծննդավայրը (հայրենիքը)»…
    Ներկայիս Հայաստանը (Հյուսիսարեւելյան Հայաստան) փոքր է տարածքով, բայց կան ավելի փոքր երկրներ (Իսրայել, Լիխտենշտեյն…): Ինչու՞ են հայերը լքում ծննդավայրը, հայրենիքը: Ո՞ր «թագադրված» նախագահն է տվել այս հարցի պատասխանը: «Ազատ մամուլն» էլ, որպես չորրորդ իշխանություն, չի հարցնում դրա մասին:
    Քաղաքական, տնտեսական ինքնաբեղմնավորման գործընթացը (պրոցեսը) հանգեցնում է ստրկության:

  2. Լավատես says:

    ՝Պետք է՝ ն տեսական խոսակցությունների բնագավառից է, գործնականից առաջ սկցբից տեսական ծրագիր ես կազմում ՝Պետք է՝ ներով, եթե իմ տեսությանը մեկ այլ մտածող խելքամոտիկ համարի ու այն ավելի զարգացնի իր ՝Պետք է՝ ներով ու ամբողջական տեսք տանք, կարելի է արդեն խոսել գործնական ՝Ես արել եմ կամ Մենք արել ենք, Ես ստեղծել եմ, Ես հայտնաբերել եմ, Ես առաջարկում եմ՝ կամ էլ ՝Չգիտեմ ինչպես լուծեմ, ո՞վ կօգնի հայերից՝: Օրինակ, խնդիր եմ դրել դիմացս՝ ինչպե՞ս պայմաններ ստեղծելով, բայց ոչ ուղղակի ազդելով ստիպել կառավարությանը գործել ազգանպաստ, պատկերավոր նման է սառցի վրա պտտվող մականին, որին ձեռք չես տալիս, բայց ճիշտ ճանապարհն ես հարթում մականի՝ կառավարության համար:

  3. մարդամեկ says:

    «Պետք է »-ով դիմացինը ուղղակի պատճառա հետեվանքային խոսակցությունից , «որը ավելի երկար է», անցնում է վերացական խոսակցության « ավելի կարճ» որոնք բնույթով նույնն են, . Ավելի լավ ձեզ համար, ժամանակի խնայողության առումով.

  4. henri says:

    Հոս ֆրանսայի մէջ ես անոնց յարմար մակդիր մը փակցուցած եմ — ԻԼ ՖՕ — ճիները
    Նոյնն է պարագան սփիւռքի տարածքին – օրական եթէ հարիւր հոգի բարեւ տան ,երկրորդ նախադասութիւնը կ՛ըլլայ — Գիտես՞ մենք մարդ չենք ըլլար- 100000-էն աւելի ենք փարիզի շրջանին մէջ , մէկ հատ սրահ մը չունինք մեր հանդէսներուն,հարսանիքներուն,տարեդարձներուն,և կ՛երթանք թուրքերէն և քիւրտերէն սրահ կը վարձենք -անոնք շատ ունին ՞՞՞ — բայց սիրելիս ոչ մէկ փոքրամասնութիւն ՄԽԻԹԱՐԵԱՆ վարժարանի չափ ընդարձակ տարածութիւն ունի ,փարքինկի /100 տեղանոց,կեդրոնին կպած, ինչու հոն չէք դիմեր՞՞՞ — Քանի մենք հայ ենք ՊԷՏՔ Է ՁՐԻ ՏԱՆ —
    Լիբանահայ բարերար մը նոր վարժարան մը նուիրեց գաղութին ,ինչու՞ զաւակներդ հոն չես խրկեր–
    անոնք ալ դրամ կ՛ուզեն,պէտք է ձրի ընդունին ,,, և այսպէս ՊԷՏՔ Է ըսողը ձեռքերը կը լուայ,և եր կինքէն կը սպասէ որ ամէն ինչ ՁՐԻ տրուի իրեն,քանի ինք հայ է ,և վայրկեան մը կը մտածէ՞ արդեօք այդ վարժարաններուն ֆետայի նուիրեալները ինչ հերոսական միջոցներու կը դիմեն որ կարենան ոտքի պահել այդ մի քանի շաբաթօրեայ հաստատութիւնները որ ամէն տարի աշակերտութիւն կը կորսնցնեն — Դաստիարակութիւնը ընտանեկան յարկէն կը սկսի,իսկ դպրոցը կը զարգացնէ զայն;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930