Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 2400 մասնակցի մեջ Հայաստանը ներկայացնող շուրջ 30 մասնակիցներն արձանագրել են փայլուն արդյունք. Լևոն Մկրտչյան

Հունիս 07,2017 17:56

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակությունը ներկայացել է 11 անվանակարգում՝ նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եվս 9 մասնակից պարգևատրվել է դիպլոմներով: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը: Այսօր Դելփյան խաղերի մրցանակակիրներին ընդունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ համարվել է գիտակրթական տարածք՝ ունենալով հին մշակույթ և քաղաքակրթություն: «Առարկայական միջազգային և սպորտային օպիմպիադաներում մեր երեխաները միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը, իսկ Դելփյան խաղերի մրցանակակիրները դա անում են մշակույթի նման կարևորագույն ոլորտում, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է իր ուրույն ձեռագիրը: Անկախ  պետականությունից՝ մեր ժողովուրդը մշտապես  նվիրված է մշակույթին: Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ուսուցիչներին և ընտանիքներին, որոնց հաջողվել է դեռ փոքր հասակից ձեզ փոխանցել այդ գիտելիքները և հնարավորությունը: Շուրջ 2400 մասնակցի մեջ Հայաստանը ներկայացնող շուրջ 30 մասնակիցներն արձանագրել են փայլուն արդյունք, որը, ինչ խոսք, ոգևորիչ է»,-նշել է նախարարը՝ Դելփյան խաղերի մասնակիցներին մաղթելով նաև հաղթանակներ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:

Նշենք, որ Դելփյան խաղերին մասնակցել են պատվիրակություններ` Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ադրբեջանից: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է շուրջ 30 մասնակից 11 անվանակարգերում /դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական, էստրադային, ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, դեկորատիվ կիրառական արվեստ/:

ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերին ՀՀ թիմի` պատվավոր 2-րդ տեղը զբաղեցնելու կապակցությամբ Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Եվս 17 հոգի խրախուսվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930