Լրահոս
Օրվա լրահոսը

26 տարվա կրակը դեռ այրվում է…

Հունիս 08,2017 13:30

Ծնվել և մեծացել եմ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Լինելով սահմանամերձ գոտի՝ համայնքը միշտ եղել է թշնամու կրակահերթերի տակ և դարձել ռազմական գործողությունների կիզակետ: Այդպիսի մի ողբերգական իրավիճակ է եղել 1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ոսկեպարի անտառում, երբ Նոյեմբերյանի ՆԳ բաժնի ոստիկանները գնում էին հայրենիքի սահմանը պաշտպանելու, բայց ընկել էին ադրբեջանական օմոնի և խորհրդային զինուժի դավադիր ծուղակը. նրանց տեղափոխող ավտոբուսը միանգամից պայթեցրել էին ու խաչաձև կրակ բացել գնդացիրներից ու ավտոմատներից: Տղաները չէին հասցրել նույնիսկ մեքենաներից դուրս գալ: Հարձակման ենթարկվելով ոճրագործ թշնամու կողմից՝ զոհվեցին նոյեմբերյանցի 14 ոստիկաններ, մի քանի տասնյակ ոստիկաններ էլ գերեվարվեցին և ծանր, սարսափելի օրեր ու ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտերում, խոշտանգումների ենթարկվեցին, բայց չընկճվեցին, դիմացան հերոսաբար՝ հույս տալով միմյանց:

Գերեվարվածների թվում է եղել նաև հայրս, և միգուցե դա է պատճառը, որ այս իրադարձությունը դրոշմված է մտքիս մեջ, ու այն չարաբաստիկ լուսաբացը նոյեմբերյանցիների հիշողության մեջ մնացել է որպես եղերական լուսաբաց:

Զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր է կառուցվել և՛ Նոյեմբերյանում, և՛ դեպքի վայրում: Յուրաքանչյուր տարի մայիսի 6-ին բազում տավուշցիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Նոյեմբերյան քաղաքում վեր խոյացող՝ զոհված միլիցիոներների հուշահամալիրում, որը կառուցվել է 1994 թվականին Ներքին գործերի բաժնի նախկին շենքի տեղում: Հուշակոթողը սրբատեղի է, որտեղ տնկած բարձրուղեշ, սլացիկ բարդիներից յուրաքանչյուրը զոհերից մեկին է մարմնավորում, իսկ հուշապատին գրված են նրանց անունները: Հուշակոթողը սխրագործության հիշողությունն է, անմար հիշողությունը՝ անցյալը չմոռանալու համար: Սա մեզ համար դարձել է ավանդույթ, և արդեն 26 տարի է, ինչ չենք խախտում այդ ավանդույթը: Իսկ այս տարի մայիսի 6-ին լրացավ ողբերգության 26-րդ տարին… Այս պատմությունը իմ սրտին ավելի քան հարազատ է, քանի որ ինքս էլ՝ մանկուց չեմ խախտել ավանդույթը. հայրիկս է այդպես սովորեցրել՝ խոսելով իր մարտական ընկերների մասին: 6 տարեկան էի, երբ հայրս առաջին անգամ ծաղիկը տվեց ձեռքս և տարավ հուշակոթողի մոտ, հիշում եմ նրա խոսքերը, այսպես ասաց. – Նրանք բոլորն էլ իմ եղբայրներն էին, պետք է միշտ հիշենք նրանց…

Սա մնացել է հիշողությանս մեջ, ու միշտ հիշելու եմ:

Այո՛, արդեն 26 տարի է անցել արյունոտ լուսաբացից, բայց վերքերն այդպես էլ չեն սպիացել տավուշցիների սրտերում: Ցավն ու հպարտությունը իրար են ձուլվել:

Գերությունից ազատվելուց հետո ոստիկանները հենց դեպքի վայրում՝ անտառի բարձունքում մեկ այլ խաչքար-հուշակոթող կանգնեցրին՝ հավերժացնելով զոհված ընկերների հիշատակը: Խաչքարի աջ և ձախ կողմերում գրված են նրանց անունները, և ամեն տարի մայիսի 6-ին ընկերները կարծես թե այս ձևով հաղորդակցվում են հավերժացածների հետ: Ավանդույթի համաձայն, ողջ մնացած ոստիկանները մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը դեպքի վայրում խարույկ են վառում՝ վերհիշելով ծանր ու դաժան լուսաբացը:

Նախկինում հաճախակի էի հարցեր տալիս հայրիկիս այդ սարսափազդու դեպքերից, բայց նա խուսափում էր պատասխանել, ես հետո գիտակցեցի, որ հիշողությունը կրկին ու կրկին ցավ է պատճառում նրան. հայրս հիշում է կորցրած ընկերներին, գերության դժոխային օրերը, այն, ինչ զգացել է իր մաշկի վրա և ընդհանրապես պատերազմը՝ իր ողջ դառնությամբ: Հարցերիս որոշ չափով փորձում էր պատասխանել տատիկս ու երբ ինչ-որ բան էր պատմում այդ օրերից, միշտ արտասվում էր, այսօրվա պես հիշում եմ նրա պատմություններն ու արցունքոտված աչքերը: Սա մեր Ազգային ազատագրական պայքարի ցավագին դրվագներից էր… երբ ադրբեջանական իշխանությունների և խորհրդային բանակի կողմից իրականացվեց տխրահռչակ «Օղակ» օպերացիան: Քսանվեց տարի առաջ կատարվեց մի ողբերգություն, որը հավերժ կմնա որպես մեր սահմանամերձ համայնքի արյունոտ էջ ու երբեք էլ չի մոռացվի:

Սերունդները դեռ երկար կհիշեն ոսկեպարյան արյունահեղությունը և կհարգեն զոհվածների հիշատակը, քանի որ նրանք անմահ են ու ապրում են մեր հոգում և հիշողության մեջ: 26 տարվա կրակը դեռ այրվում է…

 

 ԱՆՈՒՇԻԿ ԳԻՇՅԱՆ

ՀՊՄՀ 3-րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ

07.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930