Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուրը կօգտագործի երեւանյան համերգի ձեւաչափը (Ֆոտոշարք)

Հունիս 08,2017 14:00

Նաիրե Ստեփանյանը «կամրջել» էր Փարիզն ու Երեւանը

«Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել՝ սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ՝ երջանկության պատրանքներ են տվել ինձ…»,- իր՝ «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» գրքում փաստում է շանսոնյեն։ Նա Հայաստանից հեռացավ այս դեպքում մի կնոջ կողմից երջանկության պատրանքներ ստանալով։ Խոսքը վերաբերում է Ազգային օպերային թատրոնում կայացած «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագրի ռեժիսոր Նաիրե Ստեփանյանին։ Ազնավուրի բարձր գնահատականը երեկոյից հետո «Առավոտին» հայտնեց ազնավուրյան երգերի թարգմանիչ Պերճ Թուրաբյանը։ Վերջինիս հավաստմամբ՝ լեգենդն այնքան տպավորված է եղել համերգից, ավելի ստույգ՝ սցենարական եւ ռեժիսորական աշխատանքից, որ նշել է, թե առաջիկա իր մենահամերգներից մեկում կօգտագործի երեւանյան համերգի յուրօրինակ ձեւաչափը, ասել է թե՝ էկրանից դահլիճ եւ հակառակը։

Թոփչյանն այսպես գնահատեց Հայկին:

Հիշեցնենք, որ ազնավուրյան համերգի սցենարիստ եւ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի անունը սկսեց հոլովվել 2016թ. օպերային թատրոնում Պուչինիի «Տոսկա» օպերայի բեմադրության պրեմիերայից հետո։ Մինչ այդ թատերասերները հիշում են նրա երաժշտությամբ եւ ռեժիսուրայով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրած «Կարմիր գլխարկը» մանկական մյուզիքլը, որը թատրոնի խաղացանկում էր շուրջ 5 տարի ¥2005-2010 թթ.)։ Ասենք նաեւ, որ արվեստագետը ավելի քան 10 տարի հանդիսանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստվածության ամբիոնի դասախոս։ Այս գարնանն էլ ռեժիսորը դարձյալ օպերային թատրոնում իրականացրեց «Բարսեղ Թումանյան եւ ընկերներ» ու Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված թատերականացված համերգները։

«Առավոտի» հետ զրույցում Նաիրե Ստեփանյանն ասաց, թե սիրով է համագործակցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, վերջինիս ասիստենտ Վարդուհի Մինասյանի, մեր էստրադային եւ օպերային երգիչների հետ։ Հատուկ նշեց համերգի կազմակերպչական աշխատանքները կոորդինացնող, ֆիլհարմոնիկի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի անունը, հետո էլ շեշտեց, թե այս համերգ-բեմադրության գլխավոր կերպարը, անկասկած, տաղանդավոր Հայկ Պետրոսյանն է, որը նախ շանսոնյեի արվեստի գիտակ է, իսկ երեկոյի ընթացքում հանդես եկավ որպես ե՛ւ պատմիչ, ե՛ւ համերգավար, ե՛ւ շոումեն։ Հավելեց նաեւ, թե Հայկը իսկը հայրն է՝ ճանաչված ու սիրված դերասան Վարդան Պետրոսյանը։

Ռեժիսորից հետաքրքրվեցինք Ֆրանսիայում իրականացրած նկարահանումներից, որոնք Հայկի մասնակցությամբ սահուն էկրանից «անցնում» էին օպերային թատրոնի բեմ եւ հակառակը։

Նախարարի ժպիտը գոհունակության արտահայտություն է:

«Եռօրյա մեր նկարահանումներին Փարիզում աջակցել էր մշակույթի նախարարը,- հայտնեց մեր զրուցակիցը, ապա մանրամասնեց,- Փարիզի օդանավակայանում Ազնավուրի գրքի շապիկը պատկերող պաստառով մեզ դիմավորեց Վարդան Պետրոսյանը, առանց որի պարզապես անհնար էր մեր ծանոթությունն այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են կոմպոզիտոր Ռոլան Ռոմանելին, օպերային երգիչ Բաստիեն Դելլին, Ֆրանսիայի հայտնի ձայն Բենուա Ալմանը, որոնց խոսքին՝ ուղղված իրենց ընկերոջը՝ Ազնավուրին, եւ ելույթին էկրանի միջոցով ականատեսը եղավ նաեւ հայաստանցի հանդիսատեսը»։ Մենք էլ հավելենք, որ Վարդան Պետրոսյանին կարոտած հանդիսատեսը վերջապես լսեց նրա կատարմամբ ազնավուրյան 1-2 երգ։

Նաիրե Ստեփանյանը հայտնեց, որ փարիզյան նկարահանումներին աջակցել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը։

Հետաքրքրությանը, թե իր եւ Վարդան Պետրոսյանի միջեւ մասնավոր զրույցների թեմայի առանցքում ի՞նչն էր, Նաիրե Ստեփանյանի պատասխանը հակիրճ էր. «Վարդանը անչափ կարոտել է իր հանդիսատեսին…»։

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Նաիրե Ստեփանյանը լեգենդի հետ:

«Առավոտ» օրաթերթ

07.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930