Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում աշխատակազմը կօպտիմալացվի, կներդրվի էլեկտրոնային կառավարման համակարգ

Հունիս 12,2017 15:35

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Խորհրդակցության օրակարգում են եղել Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի եւ հաստիքացուցակի օպտիմալացման հարցերը: Ազգային ժողովի նախագահը աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին հանձնարարել է ապահովել անձնակազմի աշխատանքի արդյունավետությունը եւ խիստ հսկողություն սահմանել աշխատանքային կարգապահության նկատմամբ:

Արա Սաղաթելյանը ներկայացրել է աշխատակազմին ամրացված գույքի գույքագրման աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով, որ գույքագրման առաջին փուլի ավարտից հետո իրականացվելու են գույքագրման եւ գույքի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքներ, ինչն էապես կավելացնի աշխատանքների արդյունավետությունը: Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է նաեւ աշխատանքային կարգապահությունը վերահսկելու նպատակով նախատեսվող փոփոխությունների փաթեթը:

Արա Բաբլոյանը հանձնարարել է աշխատանքների արդյունավետության բարձրացման գործընթացը դարձնել մշտական, իսկ աշխատակազմի օպտիմալացումը` շարունակական:

Ազգային ժողովի նախագահն աշխատակազմի ղեկավար կազմին տվել է հստակ հանձնարարականներ` ստեղծելու եւ ներդնելու էլեկտրոնային կառավարման համակարգ, որը պետք է էապես հեշտացնի պատգամավորների գործունեությունը` բացառելով ավելորդ թղթաշրջանառությունը: Մասնավորապես հանձնարարվել է ներդնել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա պատգամավորների աշխատասենյակներում եւ դահլիճում նույն պատգամավորի համակարգիչները միացնելով իրար` ունենալ աշխատանքային մեկ ընդհանուր հարթակ: Ստեղծվող էլեկտրոնային կառավարման համակարգը միաժամանակ հնարավորություն կտա ապահովել աշխատակազմի փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով` այդպիսով ունենալով էական խնայողություններ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930