Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը

Հունիս 26,2017 14:27

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների, մասնավորապես Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Մայրաքաղաքի շենքերին փակցված գովազդային ցուցանակների գույքագրման և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման վերաբերյալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ  արդեն իսկ նախաձեռնվել և հնգամյա զարգացման ծրագրի մեջ են ներառվել շենքերի գովազդային անձնագրերի կազմման աշխատանքները: Գովազդային անձնագիրը ենթադրում է շենքի՝ գովազդի համար նախատեսված տեղերի, գովազդի չափերի և տեսակի նախօրոք սահմանում` հաշվի առնելով նաև տվյալ շենքի ճարտարապետական հորինվածքը: Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ գույքագրվել և արդեն իսկ ապամոնտաժվել են այն գովազդները, որոնք խոչընդոտում էին շենքերին փակցված հուշատախտակների տեսողական ընկալումը: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:

Զեկուցվել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են  մաքրման, խոտհնձի, կրապատման, ծաղկապատման և երկհերթ ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ առկա է հրդեհների առաջացման վտանգ, սահմանվել է հսկողություն և սահմանափակվել է հրավառությունների թույլտվությունների տրամադրումը: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները և ամենօրյա խստացված հսկողությունը:

Զեկուցվել է, որ վարչական շրջաններում գտնվող արհեստական ջրավազաններում լողալը բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ, բնակչության շրջանում էլ տարվում են բացատրական աշխատանքներ: Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը՝ հանձնարարվել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և արհեստական ջրավազանների հարակից տարածքները կահավորել նաև կենդանիների զբոսանքը և ջրավազաններում լողալն արգելող համապատասխան ցուցանակներով և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խստորեն վերահսկել կենդանիների տերերի կողմից վերոնշյալ պահանջների կատարումը՝ նրանց իրազեկելով, որ իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը՝ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930