Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» փաստաբաններն այսօր զբաղված են դատավարությունները տապալելով. «Հրապարակ»

Հունիս 29,2017 12:35

Այն օրվանից, երբ կալանավորումից հետո առաջին անգամ «Սասնա ծռերին» բերեցին դատարան, առանց այն էլ մեր ոչ հաճելի կյանքը վերածվել է իսկական դժոխքի։ Տպավորություն է ստեղծվում, որ խնդիրը «ծռերին» դատել-չդատելը չէ, այլ մարդկանց նյարդերը մինչեւ վերջ սղոցելը, նրանց գժանոցի դուռը հասցնելը։ Էս ի՞նչ ենք անում։

Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ դատական նիստերի տապալման գլխավոր հերոսները փաստաբաններն են։ Նրանք հենց նիստի մեկնարկին կռիվ են գցում, լեզվակռվի բռնվում նիստի մյուս մասնակիցների հետ, ոգեւորում իրենց պաշտպանյալներին, դատավորն էլ ընդմիջում է անում կամ հայտարարում, որ նիստը փակվեց, կշարունակվի այսինչ օրը։ Եվ ամեն օր թերթերն ու կայքերը ժրաջանորեն այս կրկեսը պտտում ու վերապտտում են տանը, տրանսպորտում, աշխատանքի վայրում, ամենուր, որտեղ կա թեկուզ մեկ հատիկ ականջ։ Նույն բանն է տեղի ունենում թե ժիրայր Սեֆիլյանի, թե «Սասնա ծռերի» գործերով դատավարությունների ժամանակ։

Փաստաբաններն իրենց սեւ գործն սկսում են բողոքներով, թե իրենց փորձել են մինչեւ նիստերի դահլիճ մտնելը խուզարկել՝ բացել պայուսակները։ Բայց, դատելով քննվող գործերի բնույթից եւ հնչեղությունից, դա նույնիսկ նորմալ է։ Եվ եթե փաստաբանը լուրջ ճակատամարտի է պատրաստվել, ապա նրա համար պայուսակի պարունակությունը հսկիչներին ցույց տալն այդպիսի բախտորոշ բան չպետք է լինի։ Փաստաբանը կասկածից դուրս կամ անձեռնմխելի անձ չէ, որ նրան չստուգեն։

Եթե չեմ սխալվում, քննվում է քրեական գործ, կան լրջագույն մեղադրանքներ։ Ո՞րն է փաստաբանի դերն այդ դեպքում՝ հասնել իր պաշտպանյալի արդարացմանը կամ նրա նկատմամբ առավելագույնս թեթեւ մեղադրանքների ամրագրմանը։ Սակայն մեր փաստաբաններն այսօր զբաղված են դատավարությունները տապալելով։ Ըստ երեւույթին, նրանց նպատակը բոլորովին այլ է՝ գործընթացի քաղաքականացումը, չնայած, որ քննվող գործերում քաղաքական մեղադրանքներ չկան։ Եթե նման մի իրադարձություն տեղի ունենար ԱՄՆ-ում, վստահեցնում եմ, ոչ միայն քաղաքական մեղադրանքներ չէին լինելու, այլեւ եղած մեղադրանքների պոչից ահաբեկչության հոդված էին կախելու, էլ չեմ ասում, որ մեկ ամիս էլ չէին սպասելու, որ տղերքն ինքնակամ հանձնվեին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930