Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին զանգի» քեֆի ժամանակ ոստիկանի ծնոտը կոտրելու սպառնալիքը իրական չի եղել

Հուլիս 07,2017 14:39

Նախկինում հայտնել ենք  Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի դպրոցում «Վերջին զանգի» արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Այգեհովիտի բնակիչ, 1988թ. ծնված Սասուն Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. մայիսի 27-ին Այգեհովտի միջնակարգ դպրոցի «Վերջին զանգ» հանդիսությունից հետո 12-րդ՝ ավարտական դասարանների շրջանավարտների՝ դպրոցի ճաշարանում կազմակերպված ճաշկերույթի եւ տոնակատարության ընթացքում, ժամը 18.30-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, շրջանավարտների թվում գտնվող հորեղբոր որդու՝ Էրիկ Չոբանյանի հետ տոնակատարությանը մասնակցելու նպատակով մտել է դպրոցի ճաշարան:

Հասարակական կարգը պահպանելու նպատակով տարածքում ծառայություն իրականացնող, ոստիկանության Իջեւանի բաժնի ՀՈԲ տեսուչ Մարինե Բաղդասարյանը ու նույն բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Արտաշես Բեգինյանը նկատելով Ս. Չոբանյանին՝ մոտեցել են նրան եւ ի կատարումն բաժնի պետ Կ. Հակոբյանի 17.05.2016թ «Ոգելից խմիչք օգտագործած անձանց կողմից հակաօրինական վարքագծի կանխման նպատակով, անկախ շրջանավարտի մերձավոր ազգական լինելու հանգամանքից, անձանց մուտքը հանդիսությունների եւ միջոցառումների անցկացման վայրեր բացառելու վերաբերյալ» թիվ 130-Ա հրամանի դրույթների պահանջել են դուրս գալ ճաշարանից:

Ս. Չոբանյանը իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների լիազորությունների իրականացմանը հակազդելու եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դիտավորությամբ ճաշարանում, ապա նաեւ դպրոցի մուտքի դարպասների մոտ ճաշարանից դուրս հրավիրելու հարցի շուրջ վիճաբանել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցներ Մարինե Բաղդասարյանի եւ Արտաշես Բեգինյանի հետ, որի ընթացքում Մ. Բաղդասարյանին տվել է ուսադիրները պոկելու, իսկ Ա. Բեգինյանին՝առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու՝ ծնոտը կոտրելու սպառնալիքներ:

Այնուհետեւ նա ոստիկանության Իջեւանի բաժնի շրջիկ խմբում, հետո հերթապահ օպերատիվ խմբում ընդգրկված ոստիկանության աշխատակիցներին եւս տվել է ուսադիրները պոկելու սպառնալիքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ, շուրջ մեկ ժամ ձեռքերով ավտոմեքենայից բռնվելով՝ հակադրվել է ոստիկանների կողմից իրեն բերման ենթարկելու գործողություններին, որից հետո միայն բերման է ենթարկվել ոստիկանության Իջեւանի բաժին:

Նախկինում չդատված Ս. Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սույն քրեական գործով դատավարությունը մեկնարկել է 2017թ հունվարի 19-ին:

Դատարանը արձանագրել է, որ համաձայն գործով տուժող Ա. Բեգինյանի եւ վկա Մ. Բաղդասարյանի ցուցմունքների՝ Ս. Չոբանյանը Բեգինյանին տվել է ծնոտը կոտրելու սպառնալիք, սակայն այն իրագործելու ուղղությամբ որեւէ շարժում չի արել: Տուժողն իրեն տրված սպառնալիքից չի անհանգստացել, ավելին, լավ ճանաչելով՝ ամբաստանյալին, որի հետ համագյուղացիներ են, միասին սովորել են տեխնիկումում, համոզված է եղել, որ նման բան չէր անի, որի պատճառով որեւէ որոշում չի կայացրել:

Իսկ Մ. Բաղդասարյանը նման կերպ չի մտածել եւ լինելով օրվա պատասխանատուն, անհանգստանալով, որ վերջին զանգի արարողությունը կխանգարվի, կանչել է օգնող ուժեր, որոնց գալուց առաջ եւ դրանից հետո եւս, Ս. Չոբանյանը խախտել է հասարակական կարգը, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ոստիկանության աշխատողներին սպառնացել պոկել ուսադիրները:

Մոտ մեկ ժամվա ընթացքում Ս. Չոբանյանի կողմից հնչել են հայհոյանքներ, որի պատճառով դպրոցի դարպասների մոտ գյուղի բնակչությունը հավաքվել է, շրջանավարտներից մի քանիսը դպրոցից դուրս են եկել, ահազանգով այդտեղ են եկել համայնքի ղեկավարն ու դպրոցի տնօրենը: Եկել է նաեւ Ս. Չոբանյանի հայրը, ով փորձել է կարգի հրավիրել որդուն: Հայրը ցանկանալով սթափեցնել՝ ապտակել է որդուն, սակայն Ս. Չոբանյանը հորը նույնպես չի ենթարկվել: Որոշ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները նրան ուժով նստեցրել են ավտոմեքենան եւ բերման ենթարկել բաժին:

Ըստ «Դատալեքս« դատական տեղեկատվական համակարգի՝ պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել նրա խնամքին 3 տարեկան երեխայի առկայությունը, նաեւ այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական:

Դատարանը նրա պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Հունիսի 27-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Սասուն Չոբանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով եւ նշված հոդվածով նրան դատապարտել 50 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31