Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են». Գլխավոր դատախազը՝ կաշառակեր դատախազների մասին (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 18:00

«Վերջին տարիներին էապես նվազել է հանցագործությունները չգրանցելու արատավոր պրակտիկայի ռիսկերը»,- այսօր ԱԺ-ում 2016-ի տարեկան գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա ասաց, որ 2016-ին սպանությունների, մահվան դեպքերով ավտովթարների, ավազակության դեպքերը նվազել են՝ 2007-ի համեմատ: Կոռուպցիոն հանցագործությունների, տնտեսական հանցագործությունների դեպքերի էական աճ է գրանցվել: Կաշառք ստանալու, կաշառք տալու 71 դեպք է արձանագրվել, 2007-ին՝ 7 դեպք է եղել:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ իրական պատկերից բացահայտված կոռուպցիոն դեպքերի պատկերը տարբերվում է: Նա հարցրեց՝ ձեր համակարգում երբ բարձրացրեցինք դատավորների, դատախազների թոշակը, աշխատավարձը, մոտիվացիաներից մեկը այն էր, որ կոռուպցիան նվազի, դուք ունե՞ք տվյալներ, որ նվազել է: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ բազմաթիվ բողոքներ է ստանում դատարաններում կոռուպցիոն դրսեւորումներից ու աղքատ այս երկրում բոլոր սոցիոլոգիական հարցումներով ավելի շատ մարդիկ դժգոհում են ոչ թե սոցիալական վիճակից, այլ՝ դատավորների կոռումպացվածությունից:

Զոհրաբյանը նաեւ դժգոհեց կալանքը որպես խափանման միջոց հաճախ են ընտրում. «Անկապ, անիմաստ տեղը կալանքը որպես խափանման միջոց են ընտրում եւ Եվրադատարաններում բազմաթիվ գործեր են քննում: Պետությունը պետք է վճարի այդ տույժերը»:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը զրոյացված են: Ես վստահորեն եմ դա հայտարարում: Ոչ մեկս չենք կարող երաշխավորել, որ 337 դատախազներից որեւէ մեկը մի օր կարող է ներգրավվել դրանում, բայց եթե որեւէ մեկի հետ այդ հանգամանքը կբացահայտվի՝ օրենքի խստագույն պատասխանատվության կենթարկվի»:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ «Ես ձեր փոխարեն այդպես իմպերատիվ եւ միանշանակ չէի հայտարարի, որ կոռուպցիան ձեր համակարգում զրոյացված է»:

Ինչ վերաբերում է կալանքը անհարկի կիրառելուն՝ նա գլխավոր դատախազին առաջարկեց, որ տվյալ դատավորը, եթե սխալ որոշում է կայացրել, անարդար վճիռ է կայացրել, սեփական միջոցներից վճարի, ոչ թե հարկատուների հաշվին պետությունը վճարի:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ասում եք՝ բազմաթիվ դեպքեր, իրավիճակներ կան, ես պատրաստ եմ ձեր հետ քննարկել»: Ինչ վերաբերում է դատավորի հաշվին Եվրադատարանի սահմանած տուգանքները փոխհատուցելուն, նա ասաց, որ խորը քննարկման առարկա է՝ դատավորի անկախության երաշխիքների եւ այլ ինստիտուտների տեսանկյունից:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31