Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած մեկի վրա գործ են սարքում, «Ոճիր եւ անպատիժ». Ավետիք Իշխանյանը հիշեց 37 թիվը

Հուլիս 18,2017 13:20

Այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել՝ փաստաբանների դերի, դատարաններում ծագած խնդիրների մասին` «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» թեմայով:

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով քաղբանտարկյալների մասին, ասաց, որ մենք արդեն ունենք պերմանենտ քաղբանտարկյալներ մշտական՝ ընտրովի արդարադատության արդյունքում կամ մենք պերմանենտ քաղաքական ճգնաժամի մեջ ենք. «2013-ի Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների երթը կարող էր քաղաքակիրթ իրավական պետությունում ընդամենը վարչական տուգանքներով ավարտվեր կամ լիներ ազատազրկում, բայց ոչ մինչեւ 8 տարի: Սա անհամաչափ վերաբերմունք է: Դրանից հետո, երբ «Էլեկտրիկ Երեւանի» բռնությունները եղան ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ, ոստիկաններից որեւէ մեկը չի պատժվել: Հայտնի տեսանյութ կար, երբ ոստիկանը ապտակում է մի մեծահասակ մարդու եւ ի՞նչ: Ըստ լուրերի, նա հեռացվել է ոստիկանական համակարգից, բայց հայտնի չէ, թե հետո որտեղ են նրան նորից աշխատանքի ընդունել: 8-ից ավելի տարիներ Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները նստած են, իսկ ապտակող ոստիկանը, բռնություն կատարողները, խոշտանգողները լրիվ ազատ են: Գորիսում հայտնի մարզպետի, եղբոր որդիների արածը, որ դաժանաբար սպանում են մեկին՝ դանակի քանի հարվածներով, նրանցից մեկը ընդհանրապես չի դատապարտվում, մյուսը դատապարտվելուց հետո ներվում, ազատ է արձակվում»:

Ավետիք Իշխանյանը նաեւ ասաց, որ Վարդան Պետրոսյանը, որը քննադատում էր իր ելույթներում իշխանություններին, նրան դատապարտեցին, խափանման միջոցն էլ հենց սկզբից եղավ կալանքը, իսկ Հրազդանի քաղաքապետի որդին, որը հոր ծառայողական մեքենան վարելուց մարդ էր գցել մեքենայի տակ եւ մահացել էր մարդը, նրա հետ այլ կերպ վարվեցին. «Այստեղ ոչ միայն հանցագործություն կա, այլ նաեւ կոռուպցիա, երբ ծառայողական մեքենան օգտագործվել է որդու կողմից: Բայց նրա խափանման միջոցն ընտրեցին ազատ արձակել՝ ստորագրությամբ: Իսկ ինչու Վարդան Պետրոսյանը պատժվեց, որովհետեւ սուր քննադատում էր իշխանություններին: Սա է ընտրովի արդարադատությունը»:

Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ Գեւորգ Սաֆարյանը խղճի բանտարկյալ է. «Զրո տեղից մարդը նստած է, բայց ասում են՝ բռնություն է կիրառել: Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները հիշեք անցած տարի, որեւէ արձագանք եղավ, ցավոք սրտի, ոչ մի արձագանք չեղավ նաեւ քաղաքական ուժերի կողմից, պատրաստվում էին ընտրության, հանկարծ հարաբերությունները չփչացնեին Էջմիածնի ֆեոդալի հետ, որ հանկարծ այնտեղից քիչ ձայներ չստանան: Որեւէ պատիժ չեղավ, Ջրառատի դեպքերը, այն ծեծուջարդը, երբ որևէ մեկը չպատժվեց: Ահա ձեզ ընտրովի արդարադատությունը եւ անպատժելիությունը»:

Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանի, Սամվել Բաբայանի գործերը սարքված են: Նա հիշեց 37 թիվը եւ ասաց՝ հիմա կարծես թե այդ միտումն է, ցանկացած մեկի վրա կարող են գործ սարքել, վկայություններ տալ եւ դատապարտել մարդուն. Եթե Հայաստանում արդարադատություն գործեր, լիներ իրավական պետություն, անկախ դատական համակարգ լիներ, «Սասնա ծռերի» ապստամբությունը, համոզված եմ, չէր լինի: Որովհետեւ իրական դժգոհությունը սրանից է՝ ոճիր եւ անպատիժ»,- Դոստոեւսկու ստեղծագործության վերնագիրն այսպես փոխեց պարոն Իշխանյանը՝ հարմարեցնելով հայկական իրականությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31