Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, դեմ ենք մեր համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը»

Օգոստոս 02,2017 17:05

Արդվի համայնքը նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն` պահանջելով մերժել «Միռամ» ընկերության հայտը Շեկաղբյուրի ոսկի ոսկի-բազմամետաղային հանքերևակման վերաբերյալ

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները պահանջում են մերժել «Միռամ» ընկերության` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների հայտը: Սույն թվականի օգոստոսի 2-ին համայնքի բնակիչները 94 ստորագրությամբ նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Աշոտ Մանուկյանին:

Նամակում ասված է.

«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի նախարարներ,

նորաստեղծ «Միռամ» հանքարդյունաբերական ընկերությունը մտադիր է Լոռու մարզի Արդվի համայնքի 146 հա վարչական տարածքում` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել:

Սույն թվականի հուլիսի 26-ին Արդվու համայնքապետարանում նախատեսված էր Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի երկրորդ հանրային քննարկումը, մինչդեռ մեզ ոչ մեկ չի տեղեկացրել առաջին հանրային լսումների մասին և չի հարցրել մեր կարծիքը, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և գնահատման մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Առաջին հանրային լսումները չեն անցկացվել, այլ տեղի է ունեցել հանդիպում «Միռամ» ընկերության, համայնքապետի և 4 հոգու միջև, որտեղ արձանագրության տակ ստորագրել է 5 հոգի: Լսումների մասին ոչ մի հայտարարություն չի եղել, և մենք պնդում ենք, որ այդ հանդիպումը չի կարող համարվել հանրային լսումներ և հանրային լսումների մասին արձանագրությունը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ խախտվել է մեր` որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը` երաշխավորված Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայով:

Հուլիսի 26-ին` երկրորդ հանրային լսումների օրը, Արդվիի բնակիչները թույլ չտվեցին «Միռամ» ընկերությանը մտնել համայնք և հանրային լսումներ անցկացնել:

Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, դեմ ենք մեր համայնքի տարածքում որևէ հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը: Հանքերևակումը գտնվում է համայնքից ընդամենը 2 կմ բարձրության վրա: Այս տարածքում է գտնվում գյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը և անասունների արոտավայրը: Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Հանքերևակման տարածքը անտառային հողեր են:

Արդվու անտառներում կան դարավոր կաղնիներ ու հաճարենիներ: Հանքի տարածքում աշխատանքները կազդեն անտառի վրա: Արդյունքում մենք կզրկվենք, մաքուր ջրից և անտառից: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Օձի պորտ բուժիչ ջրերի ակունք

Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովհան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաև Ռուսական կայսրության արիստոկրատ Քալաթարյանների տոհմային դամբարանը և Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է 1000-ավոր զբոսաշրջիկներով:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 20 համայնքների թվում ընտրել է նաև Արդվի համայնքը գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Հանքարդյունաբերական այս նախագիծը կխոչընդոտի նաև այս կարևոր և կայուն «կանաչ» տնտեսական ծրագրի իրականացմանը:

Պահանջում ենք մերժել «Միռամ» ընկերության հայտը»:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ

02.08.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Արդվի գյուղի բնակիչները գնահատում են իրենց գողտրիկ բնաշխարհի գեղեցկությունը, պատմական ու ներկա նշանակությունը և այդ պատճառով էլ պայքարում են իրենց իրավունքների համար: Համայնքի համերաշխության ու հետևողականության դեպքում հանքարդյունաբերական ընկերությունը կնահանջի, քանի որ հանքի շահագործման դեպքում չի կարող ապահովել շրջակա միջավայրի բնապահպանական հիմնական նորմերը: Չի կարելի թույլ տալ, որ գործարարը հարստանա բնակչության առողջության հաշվին: Այսօր առողջությունը կորցնող երեխան վաղը չի կարող իր ընտանիքը պահել և մեր երկիրը պաշտպանել թշնամուց:

  2. Մանթաշ says:

    1 – ին. Շատ ճիշտ ես ասում ախպեր ջան, բայց էսօրվա զորավորները ոնց որ կուրացել են: Մոլուցքի մեջ ընկած ամեն տեղ քարուքանդ են անում, որ ինչ անեն – երկիր «շենացնեն» թե՝ անգլիա կամ ամերիկա տներ առնեն, որ էգուց փախչեն?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031