Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ազգի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ պետք է կոշտ քաղաքականություն վարել». (Ֆոտոշարք)

Օգոստոս 07,2017 19:55

Aravot.am-ը հուլիսի 7-ի՝ «Բա գիտեք՝ ձկնագողերը բարեխիղճ մարդիկ են ու ուշք ու միտքն իրենց հետեւից աղբը հավաքե՞լն է». «Մաքուր Հայաստան» ծրագիրը Շորժայի ափ չի հասե՞լ» հրապարկմամբ անդրադարձել էր, թե ինչ արդյունքներ է տալիս «Մաքուր Հայաստան» ծրագիրը Սեւանի Շորժայի ափերում:

Հուլիսի 1-ի համապետական շաբաթօրյակից հետո նշված ափն անգամ շաբաթօրյակից հետո աղբակույտերով էր լցված: Մեր այդ հրապարակման համար քաղաքացի Գեւորգ Տեր-Գաբրիելյանը տրամադրել էր լուսանկարներ, որտեղ պատկերված է Շորժայի հատվածում, իսկ ավելի կոնկրետ՝ նկարիչների միության հանգստյան տան մոտակայքում լճի ափին կուտակված աղբը: Այդ աղբը ձկնորսներն են թափել, քանի որ, ինչպես պարոն Տեր-Գաբրիելյանն էր նկարագրել, դրանք իրար միահյուսված պլաստիկե շշեր են, որոնք ձկնորսներն են օգտագործում, իրենց գործն անելուց հետո դրանք ու այլ աղբը թողնում են ափին՝ լողափին ստեղծելով տգեղ տեսարան՝ աղբակույտով: Մեր այս հրապարակումից հետո «Սեւան ազգային պարկի» տնօրենի հանձնարարականով նշված հատվածը մաքրվել էր:

Վերջերս կրկին համապետական շաբաթօրյակ էր, եւ Սեւանի ափերին հանգստյան սեզոնը շարունակվում է: Արդյոք Սեւանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Շորժայի այն հատվածում, որտեղ մեծ ու փոքր Սեւաններն են միահյուսվում, մաքրությունը հետեւողական է պահպանվում, Aravot.am-ը որոշեց տեղում ծանոթանալ իրավիճակին:

Նշված հատվածներում կրկին ձկնորսական նավակներ էին ու որսագործիքներ, աղբակույտեր ու իրար միահյուսված պլաստիկե շշեր, որոնց առկայությունը աղբավայր է հիշեցնում: Ընդ որում, տեղանքը գողտրիկ անկյունում է, եւ հանգիստը վայելելու համար, կարելի է ասել՝ հրաշալի վայր: Սակայն ափին թափված այդ աղբն ու որսագործիքները ուղղակի վանում է հանգստացողներին:

Մեր այցելության պահին տեղանքը հսկող մի տղամարդ մեզ սպառնալիքով դիմեց, թե՝ «Ի՞նչ գործ ունեք այստեղ, էդ ի՞նչ եք նկարում»: Տեղում կուտակված որսագործիքների եւ աղբի մասին մեր հարցին ի պատասխան այս տղամարդն ասաց .«Ձկնորսներին ա, մեկ-մեկ տանում են, մեկ-մեկ թողում են ստեղ, ի՞նչ ա եղել որ»: Մեր դիտարկմանը, որ ձկան որսը, սիգի որսն արգելված է, վերջինս ասաց.«Միշտ էլ ձուկ բռնում ենք, վերեւներն էլ սաղ գիտեն: Խի էս երկրում ուրիշ պրոբլեմ չկա՞, ձուկ բռնե՞լն ա ամենաառաջին պրոբլեմը»:

«Սեւան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլյանն այս անգամ էլ վստահեցրեց՝ աղբը կմաքրվի: Բայց ստացվում է, մաքրելուց օրեր հետո նորից նույն վիճակն է լինելու: Գուլանյանը վստահեցրեց, որ դրանք որսագողերն են եւ այդ պլաստիկե շշերը անօրինական որսագործիքներ են, իսկ այն հայտարարությանը, թե վերեւներում լավ էլ գիտեն, որ ձուկ են որսում, Գուլանյանն ասաց.«Չգիտեմ, թե ինչո՞ւ է այդպես ասել, երեւի գլուխ է գովել, բայց մենք խիստ հետեւում ենք որսագողությանը»:

Անդրադառնալով կուտակված աղբին, եւ ոչ միայն այդ հատվածում, եւ նաեւ անդրադառնալով առաջիկայում նախատեսված տուգանքներին Գուլանյանն ասաց.«Նման մարդկանց վրա տուգանքն էլ չի ազդի: Արդեն չգիտենք՝ ինչ անենք, պետք է կոշտ քաղաքականություն վարենք: Բոլոր հանրային լողափերում 10 օր է աղբամաններ ենք դրել, բայց մարդիկ աղբը գետնին են թափում: «Մաքուր Հայաստան» ծրագիրը հենց մեկնարկեց, մենք բոլոր վարձակալներին զգուշացրեցինք՝ 10 օրյա ժամկետում ներկայացնել աղբահանության ծրագիր: Փոքր մասն է, որ կանոնավոր աղբահանություն է անում, սանիտարահիգիենիկ պայմաններն է ապահովում: Բայց ծրագիրը շարունակում ենք, ու բոլորին պարտադրում ենք մաքուր պահեն: 20 հոգի ընդունել եմ աշխատանքի, ցուցանակները պիտի դնենք, որ կրակ վառել չի կարելի, աղբ թափել չի կարելի: Բայց էդ որսագողերին տուգանքն էլ չի օգնի, տուգանք որսագողության համար, Մինչեւ մեկ միլիոն տուգանք է եղել: Ես չգիտեմ, էս ազգի վրա ոչինչ չի ազդում: Երեւի, ամեն աղբ գցողին պետք է խիստ պատժել: Մարդիկ ծխախոտի մնացորդն ավազի մեջ են գցում, ծնողը երեխային չի ասում՝ այ երեխա, էդ պաղպաղակի թուղթը գետնին մի գցի, տար աղբամանը նետի: Էս ամառվա շոգին մեր հավաքարարները կոտորվում են արեւի տակ հետեւներից մաքրելով: Ամեն օր աղբահանություն ենք անում»:

Գուլանյանը վստահեցրեց, որ անգամ ոստիկանական ուժերի հետ են համագործակցում, բայց միեւնույն է՝ չնախատեսված վայրում աղբ թափողը՝ թափում է: «Մեր ազգի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ պետք է կոշտ քաղաքականություն վարել, բայց արդարամտորեն: Պետք է մարդկանց գիտակցությունը բարձրացնել: Ասում եմ՝ ամեն օր հետեւներից ընկած մաքրում են, էլ չգիտենք՝ ինչ անել: Մտածում ենք՝ պետք է խիստ վարվենք նման մարդկանց հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031