Լրահոս
Օրվա լրահոսը

Հունական համայնքը դիմել է Տ.Մարգարյանին Երևանի փողոցներից մեկը Հոմերոսի անունով կոչելու առաջարկով

Օգոստոս 22,2017 12:12

Երևանի քաղաքապետ

Պ-ն Տ.Ա. Մարգարյանին

Մեծարգո պ-ն Մարգարյան,

Այս նամակով Հայաստանի և Արցախի  «Պատրիդա» հունական համայնքը Ձեզ է դիմում Ֆիրդուսու փողոցի օրինակով Երևանի փողոցներից մեկը «Իլիական» և  « Ոդիսական» հռչակավոր դյուցազնավեպերի հեղինակ, հույն առասպելական բանաստեղծ Հոմերոսի անունով կոչելու առաջարկով: Երևանում Հոմերոսի անվան փողոցը համաշխարհային քաղաքակրթության ընկալման մեր ձգտման ևս մեկ ապացույց կլինի: Աշխարհում միայն երեք բանաստեղծ  համամարդկային նշանակության  գլուխգործոց ստեղծող են ճանաչվել: Դրանք Հոմերոսը, Նարեկացին ու Ֆիրդուսին են: Այսօր աշխարհում չեն դադարում վեճերը, թե նրանցից ով է առաջինը  մարդկային հանճարի գագաթին: Նարեկացին ու Ֆիրդուսին հասակակիցներ էին,  նույն  ժամանակաշրջանի ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին Նարեկացուն սրբացրել է, դասել է Եկեղեցու ուսուցիչների շարքը, նրան արձան կանգնեցրել: Մեծ բանաստեղծի անունը հայտնի է տասնյակ երկրներում, որտեղ երկու միլիարդից ավել մարդ է ապրում: Ֆիրդուսու արձաններ կամ նրա անվան փողոցներ, ամենայն հավանականությամբ,  միայն պարսկախոս երկրներում կան:  Բայց չէ՜ որ  Նարեկացու անունն էլ նախկինում քչերը գիտեին: Երկար տարիներ Նարեկացու անվան փողոց նույնիսկ Երևանում չկար:

Մենք  առաջարկում ենք լրացնել այդ փառավոր եռյակը, Երևանում  Նարեկացու և Ֆիրդուսու փողոցների հետ ունենալով նաև Հոմերոսի փողոց, որ համապատասխանելու է մեր ազգային աշխարհահայացքին: Հետևելով քրիստոնեական «Մեծարի՜ր՝  և կմեծարվե՜ս» ուսմունքին, մենք գովերգում ենք մարդկային հանճարի  արարածը: Հանճարների ոգին գովերգելով՝ մենք գովերգում ենք մեզ և մեր ապագա սերունդներին:

Պարոն Մարգարյան,

Հոմերոսի դյուցազնավեպերն ուսումնասիրում են աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Նրա ստեղծագործություններով աշխարհի բոլոր ծայրերում բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել:

Դիմելով Ձեզ Հայաստանի և Արցախի հունական համայնքի անունից, ես առաջարկում եմ  Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներից մեկը վերանվանել Հոմերոսի անունով: Այդ անվանումը դառնալու է հայ և հույն ժողովրդների բարեկամական կապերի, դեպի վեհն ու ազնիվը մեր ձգտումների  ևս մի ապացույց:

Ընդունեք հարգանքներիս հավաստիքը

«Պատրիդայի» նախագահ  Էդ. Պոլադով (Պոլատիդիս)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031