Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակ» բառը սենսացիա ապահովելու լավագույն միջոց

Օգոստոս 28,2017 12:22

Հայկական բանակի, զինվորի, սպայի և պաշտպանության մասին խոսում են բոլորը: Խոսում են երբեմն ուղղակի, երբեմն սեփական կարծիքն արտահայտելու, երբեմն էլ ինքնահաստատման միտում հետապնդելով: Ամենախոցելի, ցավոտ ու անհանգստացնող երևույթները կապված են բանակի և հատկապես հայ զինվորի հետ: Յուրաքանչյուր հայ օջախ զինվոր ունի, սահմանին կանգնած որդի, կյանքը հայրենիքին նվիրած սպա, բանակով ապրող հրամանատար…

Իսկապես մենք գիտակցումով, պատասխանատվությամբ ու նվիրումով ենք մոտենում հայրենիքին, նրա պաշտպանությանն ու անվտանգության պահպանմանը: Բայց միշտ չէ, որ բանակի մասին խոսելը, պատմելն ու ներկայացնելը ճիշտ է կամ արդարացված: Հասարակության շրջանում անդադար մեծանում են տագնապները, վախերը: Մարդիկ նույնիսկ կորցրել են հավատը բանակի նկատմամբ: Տեղեկատվությունը հավատ չի ներշնչում, և բազմիցս հասարակությունը գերի է դառնում ոչ հավաստի տեղեկատվական հոսքերին:

Այս մասին շատ է խոսվել: Բայց հարկ եմ համարում ևս մեկ անգամ խոսել ապատեղեկատվության, բանակային խնդիրների ոչ ճիշտ լուսաբանման, և հատկապես մահվան ելքով դեպքերի առնչությամբ ոչ պրոֆեսիոնալ մատուցման ու հրապարակման մասին: Խոսքը ինչպես էլեկտրոնային լրատվամիջոցների, այնպես էլ սոցիալական հարթակներում անհատ օգտատերերի անհարկի գրառումների մասին է:

Եվ այսպես՝ հարգելի գործընկերներ, սիրելի հայ հասարակություն: Մենք ծայրահեղական ազգ ենք: Կամ ուռճացնում ենք, կամ փոշիացնում: Սա նաև տեղեկատվությանն է վերաբերում: Այն, որ մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ՝ մի քանի լայք ավեիլ հավաքելու համար գնում են սենսացիոն վերնագրերի, ապատեղեկատվության, ոչ հավաստի՝ նույնիսկ անձնական բնույթի հրապարակումների հետևից, որպես լրագրող ուզում եմ հասկանալ, բայց…

Երբ հարցը հասնում է բանակին, ամեն ինչ փոխվում է այլ հարթության և այլ բնորոշման դաշտ: Շատ հաճախ հանդիպում եմ հրապարակումների, երբ բանակում դժբախտաբար զոհ ենք ունենում: Պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրությունից առաջ որոշ լրատվականներ տարածում են ինֆորմացիան՝ սենսացիոն «բում» վերնագրով: Կամ սահմանին տիրող վերջին ժամանակների լարված դրության մասին՝ կրկին առաջ ընկնելով գերատեսչությունից, տարածում են տեղեկատվություն՝ անհարկի կամ նաև հարկի անհանգստացնելով հասարակությանը:

Հարգելիներս, լրագրողի մասնագիտության անաչառության և էթիկայի նորմերի մասին չեմ ուզում ամպագորգոռ հայտարարություններ ու քարոզներ իրականացնել: Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի, հետո միայն որպես լրագրող՝ հորդորում եմ, որ բանակին առնչվող տեղեկատվությունը, որը կցավեցնի, վիշտ ու անհանգստություն կպատճառի մարդկանց՝ թողեք համապատասխան գերատեսչությանը:

Ստացվում է այնպես, որ զինվորի հարազատները, շատ դեպքերում, ցավոք մահվան բոթը իմանում են կայքերից…

Մենք պետք է ըմբռնենք ու գիտակցենք, որ քանի դեռ Պաշտպանության նախարարության տեղեկատվությունը չի հրապարակվել՝ նշանակում է, որևէ լրատվամիջոց, անհատ պետք է չզբաղվի ինֆորմացիայի տարածմամբ: Եթե գերատեսչության մամլո հաղորդագրությունը ուշանում է՝ նշանակում է էլի պետք է սպասել, որովհետև մենք չգիտենք ստույգ պատճառը, թե ինչու է ուշանում «հրատապ» լուրը:

Մեկ դիտարկում ևս: Բանակը մեր անվտանգության առհավատչյան է: Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել անվտանգության կանոնները: Անվտանգությունն ահռելի չափով կապված է տեղեկատվության հետ: Ավելի հեշտ ու դյուրին չդարձնենք մեր թշնամու առանց այն էլ զավթողական պահանջմունքների մատչելիությունը: Հրապարակված ամենաչնչին լուսանկարն անգամ, որը կարող է չմտածված քայլ լինել՝ հնարավոր է ինֆորմացիայի աղբյուր հանդիսանա մեր թշնամու համար:

Սիրելի լրագրողներ, մենք պիտի նեցուկ լինենք մեր սահմանին կանգնած զինվորին: Հայ զինվորի կողքին լինել՝ նշանակում է լրագրողական գործիքներն օգտագործել հանուն զինվորի պաշտպանության, նրա բարեկեցության և անփորձանք ծառայության: Եվ դա անել ոչ թե մրոտելով հայ սպային, հայ իշխանավորին կամ կողքին կանգնած հայ հասարակությանը, այլ ընդհակառակը՝ սիրել հայրենիքը, բանակը ,հայ զինվորին ու սպային: Տեղեկատվությունը զենք է, հզոր զենք, որը կարող է շատ բան փոխել մեր հասարակության շրջանում:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ ՄԱԳՈՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031