Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր թիմով միացել ենք տիկին Փոստանջյանի՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու խոստմանը». Մարինա Խաչատրյան

Օգոստոս 28,2017 12:46

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ահազանգում է, որ Երևանում 30 հազար երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու հերթին, սակայն այժմ ունենք հնարավորություն ընդունելու ընդամենը 12 հազարի:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Սոնա Աղեկյանն այս առիթով մանրամասնեց. «Ունենք մանկապարտեզներ, որոնց շենքերի մի հատվածը վարձույթով տրված է օգտագործման՝ որպես առևտրի կենտրոններ կամ ժամանցի վայրեր: Ստացվում է, որ այս պատճառով շատ երեխաներ փողոցից միանգամից գնալու են դպրոց: Երևանում նախադպրոցական կրթությունը շատ ծանր ու կատաստրոֆիկ վիճակում է գտնվում: Միայնակ ծերերը, հաշմանդամություն ունեցող մարդիկ ևս ամենուրեք բախվում են իրենց իրավունքների խախտման հետ»:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամերը առանձնացրին նաև հանրային տրանսպորտին, առողջապահությանը, քաղաքացիների իրավագիտակցության բացակայությանը, քաղաքի աղտոտվածությանը, կանաչապատման ցածր ծավալներին վերաբերող խնդիրներ: Այնուհետև վստահեցրին, որ դրանց լուծման մեխանիզմներ արդեն մշակել են և ի տարբերություն ոմանց՝ խորհրդատվության համար չեն վճարել:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախորդ ամսվա ընթացքում երևանցիների հետ հանդիպումներ են ունեցել բոլոր վարչական շրջաններում:

Անդրադառնալով տրանսպորտի հետ կապված խնդիրներին՝ Մարինա Խաչատրյանն ասաց. «Մենք՝ երևանցիներս, առանց այդ էլ սուղ վիճակում բյուջեից վճարում ենք շուրջ մեկ միլիոն դոլար անգլիական ընկերությանը խորհրդատվության համար: Սակայն ներկայացված փաստաթուղթը արժեք չունի: Մի՞թե Հայաստանում նման մասնագետներ չկային, որ ուսումնասիրեին տրանսպորտի ոլորտում միջազգային փորձը և կատարեին նաև Հայաստանում ուսումնասիրություն, և մենք այդ խորհրդատվությունը ստանայինք ավելի մատչելի գներով»:

Այն դիտարկմանը՝ մեխանիզմները մշակել են, սակայն ռեսուրս ու ձայներ չունեն իրականացնելու դրանք, Մարինա Խաչատրյանն արձագանքեց. «Ավելի լավ է մի քանի մտահոգ անձանց ձայն ունենալ ցանկացած խորհրդում, քան ունենալ 40-ից ավելի մարդ, որոնք գալիս են ընդամենը ձեռք բարձրացնելու և ապօրինի որոշումներ կյանքի կոչելու համար»:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամերը վստահեցրին նաև, որ շաբաթօրյակները բյուջեի պլանավորված թալան են: Ըստ նրանց՝ ծրագրում նշվում էր, որ բակային հատվածների մաքրման աշխատանքներ են կատարվելու, բայց այժմ բակերի մեծամասնությունում աղբահանության հետ կապված խայտառակ վիճակ է:

Հիշեցմանը՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք է դարձնելու, Մարինա Խաչատրյանն արձագանքեց. «Մենք մեր թիմով միացել ենք տիկին Փոստանջյանի՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու խոստմանը, և դա այդպես է լինելու: Դա կտեսնեք մեր աշխատանքի ընթացքում»:

ԵԼՔ-ի հետ համագործակցության մասին հարցի կապակցությամբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամը փոխանցեց հետևյալը. «Եթե դու իրական ընդդիմադիր ես, չես կարող այլ՝ ոչ իրական ուժերի հետ համագործակցել: Դա ցույց է տալիս նրանց վարքը: Իրական ընդդիմադիր մարդիկ կան, և մենք նրանց հետ աշխատում ենք»:

Անդրադառնալով ԵԼՔ-ի ՝ հայ բոլշեւիկների, կոմունիստ գործիչների անուններով երեւանյան փողոցներն անվանափոխելու առաջարկին՝ Մարինա Խաչատրյանն ասաց, որ համաձայն են այդ մտքի հետ, սակայն դա առաջնահերթ հարց չէ:

Դառնալով «Երկիր Ծիրանի» խմբակցության պառակտմանը՝ Մարինա Խաչատրյանը հավաստիացրեց, որ դա ոչ թե պառակտում, այլ ինքնամաքրման գործընթաց է: Այն հիշեցմանը՝ խմբակցությունից հեռացված անձինք պնդում են, որ իրենք աշխատելու են որպես անկախ ավագանի՝ Սոնա Աղեկյանը պատասխանեց. «Ամեն ինչ կարգավորվում է Երևանի Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով: Այնտեղ հստակ նշված է, որ Երևանի ավագանին անկախ լինել չի կարող: Նրանք, ովքեր անցյալում են, խնդրում ենք նրանց այլևս չանդրադառնալ»:

Սոնա Աղեկյանը նաև մտահոգություն հայտնեց՝վարչական շրջաններ՝ իրենց այցերի ժամանակ պարզել են, որ թաղապետարանների աշխատակիցների մեծամասնությունն աշխատանքի ժամին աշխատանքային համակարգչով հայկական կամ հնդկական սերիալներ է դիտում. «Բացառությամբ մի թաղապետարանի կրթության գլխավոր մասնագետի, որ զբաղված էր այդ պահին երեխաներին մանկապարտեզի հերթագրումների ստուգմամբ, փաստեցինք, որ մնացած բոլոր գործակցուհիներն ու գործավարուհիները զբաղված էին սերիալներ դիտելով: Ունենք նաև տեսաձայնագրություններ: Ուստի ստացվում է, որ բյուջեից մեկ միլիոն դոլարը, որ վճարում ենք նրանց, ուղղակի նվիրատվություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031