Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի ինքնավստահությունը իսկապես տպավորում է, կամ գուցե մե՞նք ենք այս ընթացքում ինչ-որ բան բաց թողել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 20,2017 11:53

Լիբանանահայ գործիչ Համբիկ Մարտիրոսյանը վարչապետին հարց ուղղելիս շնորհակալություն է հայտնել նրան վերջին մեկ տարվա գործունեության համար, ասել է, որ նա «հեղափոխական գործիչ է, իսկական շախմատ խաղացող, որը շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ մարդկանց ու հեռացրեց քաղաքական դաշտից»։ Իսկ հարցը եղել է հետևյալը. «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»։ Կարեն Կարապետյանը հենց մեկ բառով էլ պատասխանել է՝ «այո»:

Այս ձոնը, հարցուպատասխանը չեն կարող պատահականություն լինել։ Իսկ դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը լուրջ է տրամադրված, եթե դիմում է քաղաքականության մեջ հաճախ օգտագործվող նման հնարքների։

Նա նաեւ շատ բազմանշանակ է պատասխանել 2018-ին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին հարցին։ «Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել։ Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- ասել է Կարեն Կարապետյանը։ Սույնով նա արժեզրկել է տարբեր մեծ ու փոքր ՀՀԿ-ականների անձնուրաց լոբբինգը Սերժ Սարգսյանի օգտին, երբ նրանք երբեմն սրտաճմլիկ հիմնավորումներ են բերում, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը մնա պետության գլուխը։ Փաստորեն՝ սրանք ընդամենը անձնական կարծիքներ են, ոչինչ ավելի։

Ինչ վերաբերում է համաժողովում իր ելույթին, ապա Կարեն Կարապետյանն այն կառուցել էր այնպես, որ անդրադառնար Սփյուռքին հուզող բոլոր խնդիրներին, ներկայացնում էր դրանք լուծելու իր մոտեցումները, մինչ այժմ ձեռնարկած քայլերը։ Ընդ որում՝ ելույթը ձգտում էր հասնել Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին, որոնք հայեցակարգային են, երկարաժամկետ ռազմավարական նշանակության։ «Այսօր 25 տարեկան, երիտասարդ, անկախ, հաղթանակած պետություն ենք, ամուր կանգնած ենք մեր Արցախի թիկունքին՝ երաշխավորելով Արցախի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը՝ պատրաստ ցանկացած պահի՝ արձագանքելու ցանկացած ոտնձգության»,- ասաց Կարապետյանը, հարվածելով ՀՀԿ-ականների այն անձնական կարծիքներին, թե Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխավորը միայն Սերժ Սարգսյանը կարող է լինել։

«Ներկայումս մշակում ենք «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030»-ը, մշակում ենք Հայաստանի թվային օրակարգը, առանց որի հնարավոր չէ ապահովել արդյունավետության աճ եւ զարգացում, իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ»,- շարունակում է վարչապետը, շեշտելով, թե որքան երկարաժամկետ պլաններ ունի ինքը պետության ղեկավարի պաշտոնում։ «Կառավարությունը ձեռնարկում է համալիր միջոցառումներ դատական համակարգի անկախությունը եւ անաչառությունը ապահովելու համար։ Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա»,- ասաց վարչապետը՝ ուղիղ հարվածելով Սերժ Սարգսյանի իշխանության աքիլեսյան գարշապարին։

Եվ վերջին մահացու հարվածը. «Հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական և ներդրումային ֆորում Հայաստանում… Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա»։

Բանն այն է, որ հաջորդ տարի աշունը 2018-ի ապրիլից հետո է։ Փաստորեն, Կարեն Կարապետյանը պատրաստվում է այդ ժամանակ մեծ ֆորում հյուրընկալել Հայաստանում։ Վարչապետի ինքնավստահությունը իսկապես տպավորում է, կամ գուցե մե՞նք ենք այս ընթացքում ինչ-որ բան բաց թողել։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930