Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն ու Նարեկ Սարգսյանը իրար հետ չե՞ն խոսում

Հոկտեմբեր 02,2017 15:00

Ներդրողին չեն ներկայացվում պատրաստի նախագծերը

Այս տարվա մայիսի 31-ին «Ոչ ստանդարտ քայլերի սպասելիս. կառավարությունը գործարարին չի ներկայացնում ներդրումների առաջնահերթ ոլորտները» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ շվեյցարաբնակ գործարար Վարդան Սիրմաքեշը մտադիր է ներդրումներ անել Հայաստանում՝ Գյումրիում մանվածքային ֆաբրիկայի, լոկոմոտիվային դեպոյի վերակառուցում, ժամացույցի արտադրության (այդ թվում՝ արտադրանքի ցուցասրահի) հիմնում, Երեւանում 8 հեկտար տարածքով բնակելի թաղամասի կառուցում՝ «Դալմա Գարդեն Մոլ» կենտրոնի ետնամասում: Վարդան Սիրմաքեշը «Հին Երեւան» ծրագրի ներդրողն է: Հայաստանի կառավարությունը գործարարին չի ասում, որ այսօր Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծելը 100 000 000 անգամ առաջնահերթ ու պահանջված է բնակելի թաղամասի կառուցումից, եւ լավ կլինի բնակելի թաղամասի համար նախատեսված գումարն էլ ուղղել աշխատատեղերի ստեղծմանը:

Ցավոք, արձագանք չեղավ: Պետական որեւէ կառույց չխոսեց: Դատելով իրերի դրությունից՝ պետական կառույցները ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ իրար հետ չեն խոսում: Վարդան Սիրմաքեշի հետ հիմնականում աշխատում է կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեն, իսկ Երեւանի քաղաքապետարանը Երեւանում ներդրումային ավելի քան 50 ծրագիր է մշակել եւ հրապարակել. «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցում եւ արդիականացում, Երեւանում «Վարպետաց քաղաք» մշակութային համալիրի ստեղծում, Հրազդանի կիրճում հյուրանոցային համալիրի ստեղծում, բազմաֆունկցիոնալ առողջարարական-վերականգնողական համալիր-կենտրոնի ստեղծում, Երեւանում «Հեքիաթային քաղաքի» զվարճանքների կենտրոնի կառուցում՝ ջրային ատրակցիոններով եւ այլն: Այս ծրագրերի հայեցակարգային նախագծերը պատրաստ են, գները՝ 1-80 միլիոն ԱՄՆ դոլար, շինարարության տեւողությունը՝ 1-5 տարի: Սրանք ենթադրում են, որ ստեղծվելու են «փող բերող» հաստատություններ եւ աշխատատեղեր՝ բժշկական ծառայություններ մատուցող կենտրոն, կինոսրահներ, հանգստի եւ զվարճանքի օբյեկտներ, ցուցասրահներ, գրասենյակային տարածքներ եւ այլն: Վարդան Սիրմաքեշի «Դալմա Գարդեն Մոլ» կենտրոնի հետնամասում կառուցվելիք ութ հեկտար մակերեսով բնակելի թաղամասը մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար կարժենա՝ տարածքը մոտ 20 տոկոսով փոքր է 134 միլիոն դոլար արժեցած Հյուսիսային պողոտայի տարածքից: Այս 100 միլիոնով կարելի է իրականացնել Երեւանի քաղաքապետարանի մշակած ներդրումային ծրագրերից 4-5-ը: Գուցե 6-ը: Իսկ եթե ընտրվի մինչեւ 6 միլիոն դոլարանոց ծրագիր, որոնք մոտ մեկ տասնյակ են (նորագույն տեխնոլոգիաներով հագեցած զարգացման կենտրոն՝ 5 միլիոն, առեւտրի կենտրոն եւ ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 2 միլիոն, առեւտրային, սպասարկման եւ այլ ծառայությունների համար տարածքներով բազմաբնակարան բնակելի շենք՝ 5,5 միլիոն, «Պլանետարիում» աստղագիտական, գիտակրթական կենտրոն՝ 2 միլիոն եւ այլն), ապա ութ հեկտար տարածքով բնակելի թաղամաս կառուցելու համար անհրաժեշտ գումարի մի մասով մի 10 ծրագիր կյանքի կկոչվի: 3-5 տարի շինարարությունը կաշխուժանա, Վարդան Սիրմաքեշը եկամտի մի շարք աղբյուրներ կունենա, Երեւանը՝ համայնքային բյուջեի լրացուցիչ մուտքեր, երեւանցիները՝ աշխատատեղեր, հանգստի ու զվարճանքի նոր վայրեր: Կշահեն բոլորը: Բայց, չգիտես ինչու, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին չի առաջարկում ներդրողին ցույց տալ արդեն մշակված այս ավելի քան 50 ծրագիրը: Սա հիշեցնում է Իվան Կռիլովի 190 տարի առաջ գրած «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» առակը:

Կամ Տարոն Մարգարյանն ու Նարեկ Սարգսյանը իրար հետ չեն խոսում, ու այդ «չխոսկանության» եւ անհամերաշխության արդյունքում տուժում է Երեւանը: Ու հասկանալի չէ, թե ինչու են նախագծերը մշակվել՝ փող ծախսվել, եթե դրանք չեն ներկայացվելու ներդրողին: Սա վատ է: Կամ Տարոն Մարգարյանը փորձել է առաջ տանել մշակված նախագծերը, սակայն Նարեկ Սարգսյանը կամ որեւէ այլ պաշտոնյա փակել է ճանապարհը, ինչը շատ վատ է: Կամ էլ ո՛չ Հայաստանի պետական պաշտոնյաները, ո՛չ ներդրողները լուրջ չեն վերաբերվում Տարոն Մարգարյանի առաջարկած ներդրումային ծրագրերին: Սա էլ վատ է: Շատ:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

30.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031