Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի ծրագրով Գյումրին կունենա կարմիր փողոց․ Ս․ Բալասանյանը Շիրազի փողոցի համար «բարաթ» է պահանջում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 30,2017 19:40

Վարչապետ Կարեն Կարապետյանի «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրով սկսվելու է Գյումրու երկրորդ պատմական՝ Հովհաննես Շիրազի անվան փողոցի վերանորոգումը։ Այն, ի տարբերություն Ռուսթավելու անվան փողոցի, չի սալիկապատվելու, կարմիր ասֆալտ է փռվելու։

Ու թեև հնչում են առարկություններ, թե ասֆալտը թող մոխրագույն լինի, ոչ կարմիր, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հակադարձում է․ «Շատ մի մտահոգվեք, ընթացքում մոխրագույն կդառնա»։ Նա այսօր տեղեկացրեց, որ արդեն իսկ ճշգրտված է, թե ինչ գումար է պահանջվում վերանորոգման համար, սակայն գումարի չափը չհրապարակեց։ Այսօր քաղաքի փողոցաշինության թեմայով նա իր մոտ էր հրավիրել տարբեր ենթակառուցվածքների՝ էլցանցի, «Վեոլա ջրի», գազի գրասենյակի, «Կումայրի վերածնունդ պատմական կենտրոնի վերանորոգման» հիմնադրամի պատասխանատուներին։

Սամվել Բալասանյանը ներկաներին հիշեցրեց, որ վարչապետի՝ Գյումրիում արտագնա խորհրդակցությունից հետո կար պայմանավորվածություն Շիրազի փողոցում շինաշխատանքները սկսել նոյեմբերի 20-ին, սակայն խորհրդակցելով «Վեոլա ջուր» կազմակերպության հետ՝ համոզվեցին, որ ձմռան -11 աստիճան ցրտին ուղղակի հնարավոր չէ։

Գյումրու քաղաքապետը ներկաներին տեղեկացրեց, որ նոյեմբերի 25-ին նորից խորհրդակցություն է եղել Կարեն Կարապետյանի մոտ ու պայմանավորվածություն են ձեռք բերել շինաշխատանքները սկսել մարտ ամսից, 3 ամիս տևելու են ենթակառուցվածքների անցկացումը, իսկ հունիսի մեկից կմեկնարկեն շինարարակական աշխատանքները։

Սամվել Բալասանյանը հրավիրել էր տարբեր կառույցների պատասխանատուների՝ նրանցից, իր խոսքերով ասած, բարաթ պահանջելու, որ ճիշտ ժամանակին ներկայացնեն նախագծերը ու սկսեն աշխատանքները։ «Եթե անգամ մարտի 1-ին ձմեռ լինի, մենք պիտի սկսենք, այլապես չենք հասցնի, մեր խնդիրն այն է, որ դեկտեմբերի 7-ին կարողանանք այդ փողոցները լրիվ վերականգնված տեսնել՝ իրենց կահավորանքով, արտաքին տեսքով, լուսավորությամբ։ Փորձենք հասցնել անպայման և մեր վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։ Հիմա այս ամեն ինչը գրեք ձեր մոտ, սա վերջնական պայմանավորված խոսակցություն է կառավարության հետ,ըստ ֆինանսավորման՝ դուք եք անելու ձեր բոլոր հաշվարկներով նախագծա-նախահաշվային աշխատանքները, գումարը տրամադրվելու է, այդ մասը ղեկավարելու է պարոն Մարտիրոսյանը՝ վարչապետի առաջին խորհրդականը։

Իհարկե, ընդհանուր կառավարումը դրվել է իմ վրա՝ քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի վրա, մենք պատրաստ ենք այդ ամեն ինչին, բայց էսօրվա դրությամբ դուք պետք է կարողանաք այդ աշխատանքները, ֆինանսավորումը, մյուս, մյուսը, ժամանակացույցի մեջ տեղավորվել»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Նա նաև նշեց, որ Գյումրու 5 հին փողոցներից մեկը՝ Հակոբյանը վերանորոգվելու է քաղաքապետարանի ուժերով, պահպանելու է նույն ճարտարապետական ոճը, այն վերաշարելու են։ 3-ը՝ Ջիվանու, Վարպետաց, Ղորղանյան փողոցները կվերանորոգվեն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տրամադրած վարկի միջոցով։ Խոսքը չարչրկված 23,5 միլիոն եվրոյի մասին է։ Իսկ Շիրազի անվան փողոցը վարչապետի ծրագրով է վերանորոգվելու։

«Որևէ մեկը ժամանակացույցը չխախտի, դուք հիմա մեզ ներկայացնելու եք համապատասխան տեղեկանք, թե այս խորհրդակցության արդյունքում ձեր գործը ե՞րբ եք անելու, սկիզբը և վերջը և ի՞նչ եք անելու, մեզ տվեք։ Ինչպես ասում են՝ բարաթներ տվեք ձեր կողմից, եթե հանկարծ ուշանան աշխատանքները, հանկարծ պատասխանատվությունը մենք չկրենք, հստակ բարաթներ տվեք», -ասաց Սամվել Բալասանյանը։

Սամվել Բալասանյանը նշեց, որ Շիրազի փողոցում չեն լինի բարձր լույսեր, ինչպես Ռուսթավելի փողոցում։ «Կումայրի վերածնունդ պատմական կենտրոնի վերականգման» հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզան Ազոյանն էլ նշեց, որ կահավորանքը՝ թե՛ ծաղկամանները, թե՛ նստարանները, ու թե՛ աղբամանները նույնն են լինելու պատմական կենտրոնի բոլոր փողոցների համար, որպեսզի պահպանվի տվյալ գոտու ամբողջականությունը, լինի նույն ձեռագիրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930