Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հարցաքննված ոստիկանը մարդկանց կեսով էր չափում». Փաստաբան

Դեկտեմբեր 05,2017 21:21

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սարի թաղի դեպքերով այսօր հարցաքննվեց երեք ոստիկան:

Ըստ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի՝ այս վկաներն էլ նախորդ վկաների պես գործով ոչ մի էական հանգամանք չեն մտաբերել:

Ոստիկանության աշխատակից, վկա Վիլեն Համբարձումյանը դեպքի օրը քաղաքացիական հագուստով է եղել, լսել է բարձր բղավոցներ ու մոտեցել հավաքված քաղաքացիներին.

«Հենց հասա քաղաքացիներին, քարեր սկսեցին նետել: Ես մոտակա տների բնակիչներից պահանջում էի մտնել տները, քանի որ գնդի մոտից կրակոցներ էին լսվում։ Որմնադիրներ փողոցի բնակիչները չենթարկվեցին, եկան դեպքի վայր, իսկ Սարի թաղի բնակիչները սկսեցին վերեւից քարեր նետել»:

Հաջորդ վկան՝ ոստիկանության աշխատակից Հրաչ Մուրադյանը նույնպես դեպքի օրը քաղաքացիական հագուստով է եղել, նա փորձել է բերման ենթարկել մի քաղաքացու, որը քարերով հարվածել է ոստիկանների. «Դեղին մայկայով մի անձ կար, նրա կողմից քաշքշոց եմ տեսել, կարմիր շապիկով անձը եւս ակտիվ էր»:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը Հրաչ Մուրադյանի հարցաքննությունից մի դրվագ առանձնացրեց, երբ Մուրադյանը իր նախաքննական ցուցմունքում գրել էր, որ դեպքի օրը ծառայության է եղել Հրաչ Մուրադյանի եւ Արմեն Առուշանյանի հետ, երբ այսօր Լիպարիտ Սիմոնյանը նրանից հետաքրքրվել է՝ Հրաչ Մուրադյան ազգանունով այլ անձ ևս աշխատե՞լ է իրենց հետ, վկան բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ եղել է Արմեն Առուշանյանի և Վիլեն Համբարձումյանի հետ:

«Հարց ուղղեցի՝ այդ դեպքում, ստացվում է, որ Դուք Ձեզ հետ եք ծառայություն իրականացրել, վկան էլ պատասխանեց՝ այո»,- պատմեց Լիպարիտ Սիմոնյանը:

Պարոն Սիմոնյանի խոսքով, Հրաչ Մուրադյանն այսօրվա դատական նիստին չի կարողացել մտաբերել նաեւ բերման ենթարկելու ընթացքում տեսած մարդկանց թիվը. «Այս ոստիկանը մարդկանց կեսով էր չափում, սկզբում մոտավոր թվեր էր ասում, հետաքրքրվեցի՝ հնարավո՞ր է, օրինակ, 7,5 հոգի լինեին, ինչին վկան քմծիծաղով պատասխանեց՝ այո»:

Հիշեցնենք, որ Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին եւ Էդուարդ Զեյթունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 19.07.2016թ. ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031