Երեկ կայացած ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարի ավարտից հետո, որն այս տարի այն ընտրական էր, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ անակնկալներ հիմնականում չգրանցվեցին եւ հաղթեցին ուժեղները: Նա թեեւ մրցաշարի արդյունքները բավարար է համարում, սակայն մարզիչը միշտ ավելին է ցանկանում: «Երիտասարդ ըմբիշներն իրենց շատ լավ դրսեւորեցին եւ տարբեր քաշային կարգերում չեմպիոն դարձան: Նրանք մեծ ներուժ ունեն: Սակայն աշխատելու տեղ, իհարկե, շատ կա:
Մրցաշարն անցկացվեց նոր կանոններով: Սա շատ կարեւոր էր մեզ համար, քանի որ հաջորդ տարի հենց այդ կանոններով ենք հանդես գալու միջազգային մրցագորգերում: Երկու օր կշեռք, երկու նոր քաշային կարգ (79 կգ եւ 92 կգ) եւ այլն: Այս փոփոխությունները մեր վրա դրական ազդեցություն կունենան:
Հունվարի 17-ից Ծաղկաձորում հավաք կանցկացնենք՝ սկսելով նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Մինչ այդ մի քանի հավաք ու միջազգային մրցաշար կունենանք, որպեսզի տղաները լիարժեք պատրաստ լինեն»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Խոսելով ընթացիկ տարվա արդյունքների մասին՝ մարզիչն ասաց. «2017 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հինգ բրոնզե մեդալ ունեցանք, վատ չէ: Բայց, ես կուզեի չեմպիոն տեսնել, որի համար տարիների մեծ աշխատանք է հարկավոր: Կփորձենք առաջիկայում անպայման հասնել ոսկե մեդալին:
Հիմա մեր գլխավոր նպատակն օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Հավաքականի կազմում կընդգրկենք նաեւ երիտասարդ տղաներին, որոնք Տոկիո 2020-ի համար ավելի հեռանկարային են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ