Երբ նորապսակներն ամուսնանում են ու մեղրամիսը վերջանում է, շատ ընտանիքներում սկսվում են դժվար ժամանակներ, որի ընթացքում ամուսնական զույգերը պետք է դիմակայեն կյանքի մարտահրավերներին: Դատելով աշխարհում շատացող ամուսնալուծությունների քանակից՝ կարելի է ենթադրել, որ շատ ընտանիքներում ամուսինները չեն կարողանում հաղթահարել իրենց առջեւ կանգնած փորձություններն ու քանդում են իրենց ընտանիքները: Համաձայն Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի՝ ԱՄՆ ամուսնությունների 40-50 տոկոսը բաժանվում է: Ու հիմնականում բաժանվում են անհավատարմության, փողի, շփումի բացակայության, մշտական վեճի, չաղանալու, չարաշահման եւ անիրական սպասումների պատճառով: Սրանք բոլորը բաներ են, որոնք մարդկանց հեռացնում են իրարից:
Այդ ինչ ուժ է, որ մարդկանց այսպես բաժանում է իրարից ու պատճառում այսքան տառապանք:
Սիրելի ամուսիններ, դուք պետք է ճանաչեք այս չար ուժին եւ իմանաք, թե ինչպես է այն գործում: Իմանաք իր խոցելի տեղերն ու կարողանաք նրա դեմ պայքարել: Դուք պիտի իմանաք այս չար ուժի սահմանները եւ թե ով է ձեզ օգնողն այդ պայքարում, որպեսզի հաղթեք:
Քրիստոնեության մեջ այս ուժի մարմնավորումը կոչվում է սատանա: Սատանա բառը մենք հանդիպում ենք Աստվածաշնչում, եւ այդ բառը եբրայերենում նշանակում է «թշնամի»: Այս ուժը այն թշնամին է, որը պայքարում է մարդու երջանկության դեմ ու ամեն ինչի դեմ, որ աստվածային է: Ու նա մտնում է մեր ընտանեկան կյանք ու ամեն ինչ անում ամուսիններին իրարից հեռացնելու եւ օտարացնելու համար: Սատանան կինոների մեջ ցուցադրված պոզավոր ու պոչավոր էակը չէ: Դա մարդկանց մոտ սխալ տպավորություն է թողնում նրա մասին ու մարդը չի տեսնում իր թշնամուն: Եթե թշնամուդ չտեսնես, ապա նրա դեմ չես պայքարի, իսկ նա միշտ քեզ կհարվածի ու վերք կհասցնի:
Սատանան, այսինքն՝ թշնամին, մարդկանց վրա հարձակվում է մտքերով: Եվ այդ մտքերի պատճառով մարդիկ սկսում են պայքարել իրար դեմ, օտարանալ իրարից, վիճել, կռվել ու տառապել:
Այ, օրինակ, շատ լավ բան է, երբ ամուսինները միասին աղոթում են ամեն օր: Բայց միլիոնավոր ընտանիքներում սա չի պատահում: Ինչո՞ւ: Սա այն պատճառով է, որ ձեր կյանքի թշնամին՝ սատանան, ամեն ինչ անում է, որ խանգարի: Ցանկացած բան, որ ամուսիններին մտքով մոտեցնում է իրար, որ համաձայնություն լինի, վտանգավոր է սատանայի համար, որովհետեւ նա կպարտվի այդտեղ: Նա ձեր դեմ կպայքարի ձեր ուշադրությունը շեղելով, թյուրիմացություններ ստեղծելով, խանգարելով, իրար նկատմամբ վախ առաջացնելով, հոգնածություն բերելով ու հազար ու մի նման հնարքներ առաջացնելով, որ դուք իրար հետ չաղոթեք, կամ իրար հետ միաբան չլինեք մտքով:
Կամ ասենք՝ նա ամուսինների մեջ այնպիսի մտքեր է հարուցում, որի պատճառով կասկածամտությունը, խանդը, իրավունքի ձգտումը, էգոիզմն ու փառասիրությունն են գլուխ բարձրացնում ու դրանից հետո ոչ տղամարդն է իր դիրքում մնում, ոչ էլ կինը:
Սիրելի բարեկամ: Միգուցե դուք չեք հավատում ոչ Աստծուն, ոչ էլ սատանայի գոյությանը: Բայց գոնե տեսնում եք այն բոլոր վեճերը, թյուրիմացությունները, եսասիրությունը, անպատասխանատվությունն ու օտարացումները, որ կան մարդկանց մեջ ու ընտանիքներում: Չէ՞ որ այդ ամենը թշնամի է մարդու երջանկության համար: Այս թշնամուն պետք է ճանաչել ու դրա դեմ պայքարել:
Այս մասին մենք սովորում ենք Աստվածաշնչից: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցնում է, որ առանց իրեն ոչինչ անել չենք կարող: Քանի որ սատանան՝ մեր թշնամին հոգեղեն էակ է, նա ավելի զորավոր է քան մարդը, ով համ հոգեղեն, համ մարմնեղեն էակ է, բայց սատանան ավելի թույլ ու անօգնական է, երբ մարդը կերպարանավորվել է Քրիստոսով՝ Աստուծո Որդվով:
Սիրելի ամուսիններ, հայրեր ու մայրեր, քույրեր, եղբայրներ ու անհատներ, եթե դուք մնաք Քրիստոսի մեջ ու ինքը ձեր մեջ, եթե ձեր միտքը վերանորոգվի Քրիստոսով ու դուք մտածեք այն ամենի մասին, ինչ որ աստվածային է ու բարի, ապա այս սատանա թշնամին ոչ մի արգելք չի կարող լինել ձեր կյանքին: Նա ձեր մեջ ոչինչ չի գտնի, որով կարող է ձեզ հաղթել: Նա ձեր վրա եսասիրություն կբերի, բայց կտեսնի ձեր մեջ խոնարհություն: Նա ձեր վրա փառասիրություն կբերի, բայց ձեր մեջ կգտնի անձնվիրում: Նա ձեր առաջ դժվարություններ կբերի, բայց կտեսնի, որ դուք ձեր սեփական խաչն ամեն օր կրում եք հոժարությամբ ու Աստծուն փառք տալով: Նա ձեր վրա ատելություն կհարուցի դիմացինի նկատմամբ, բայց կտեսնի, որ դուք ներում եք բոլորին ու ոչ մեկին չեք դատում՝ ձեզ բոլորից ավելի խոնարհ համարելով: Հասկանո՞ւմ եք, նա ձեր վրա կգա չար մտքեր հարուցելու համար, բայց ձեր մեջ ոչ մի բան չի գտնի, որ կկրեն այդ չար մտքերը: Ձեր մեջ կտեսնի Քրիստոսին, կվախենա ու կփախչի ձեր կյանքի թշնամին:
Ժողովուրդ ջան, հիշեք, որ «մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ … խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփ 6:12), հիշեցնում է Պողոս առաքյալը: Եթե այս չարի դեմ պատերազմեք Տեր Հիսուսի անունը կանչելով եւ ընտանիքներում իրար հետ աղոթելով, ապա կհաղթեք: Պարզապես պետք է հասկանալ, որ մեր կյանքում ունենք այսպիսի թշնամի, որն ամեն օր մտքերով ու կրքերով հարձակվում է մեր վրա, ու մենք նրա դեմ պետք է պատերազմենք Աստուծո սպառազինությունը հագնելով ու Տիրոջ պատվիրանները կատարելով:
Եթե սա գիտակցեք, տեսնեք այս թշնամուն ու իմանաք իր խոցելի տեղերը, ապա նրա դեմ Քրիստոսով պատերազմելով ոչ միայն կփրկեք ձեր հոգիները, այլ կատարյալ որակական փոփոխություն կբերեք ձեր ընտանեկան կյանքում: Առաջին քայլը այս թշնամուն ձեր ներսում տեսնելն է, որպեսզի հետո մտածեք, թե ինչպես եք Քրիստոսի օգնությամբ պայքարելու սրա դեմ:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ»
27.12..2017