Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել՝ վատառողջ զինվորին զորակոչելու համար» Մովսես Հակոբյան. (Տեսանյութ)

Հունվար 08,2018 17:23

Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը եւ կենտրոնական հավաքակայանում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչ փոփոխություններ կան՝ «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքն» ընդունելուց հետո: Նա խոսեց «Ես եմ» ծրագրի մասին, ասաց, որ արդեն դեկտեմբերի 30-ի դրությամբ 120 զինվոր այդ ծրագրով պայմանագիր է կնքել զինված ուժերի հետ:

Մովսես Հակոբյանը նաեւ ասաց, թե որ արտոնությունները չեն գործելու, ինչ նոր արտոնություններ են մտցվել: Նա ասաց, որ սննդի կազմակերպման հետ կապված որոշակի փոփոխություններ են կատարվել. «Այսօր զինծառայողներին ճանապարհելու ժամանակ ոչ թե զինվորական օրապահիկ են ստանալու, որը որոշակի դժվարություն ուներ ճանապարհի հետ կապված, այլ պատրաստի սննդատեսակ են մատակարարելու»:

Մենք հետաքրքրվեցինք՝ դուք զրուցում էիք ծնողների հետ, նրանց մտահոգությունները լսեցիք, այդ մտահոգությունները տարիների ընթացքում փոխվո՞ւմ են, ինչի՞ց էին անհանգստացած ծնողները: Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Բարեբախտաբար, ոչ մեկը մտահոգություն չհայտնեց, միակ մտահոգությունն այն էր, որ կարոտելու են»: Նա ասաց, որ ծնողներ կային, որ օրենքի փոփոխություն են ուզում, բայց օրենքը գրված է բոլորի համար եւ բոլորի համար միատեսակ գործելու է:

Հարցին՝ ծնողները մտահոգություններ ունեին՝ իրենց որդիների առողջական վիճակի հետ կապված, բազմաթիվ ծնողներ նշում էին, որ իրենց որդին առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն անկախ այդ հանգամանքից, զորակոչվել են բանակ, ի՞նչ է արվում՝ բացառելու համար նման մտահոգությունները՝ Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ կա կենտրոնական զինվորական բժշկական հանձնաժողով, որը մանրազնին քննում է զինվորների առողջական վիճակը, կայացնում որոշում՝ իր պիտանելիության վերաբերյալ.

«Եթե ծնողները համաձայն չեն այդ որոշման հետ, ստեղծված է նաեւ բողոքարկման հանձնաժողով՝ ՊՆ նախարարի ավագ խորհրդականի գլխավորությամբ: Հեռախոսների համարները բոլորին հայտնի են, զինծառայողը կարող է ենթարկվել լրացուցիչ հետաքննության: Մեր քաղաքացիների համար բոլոր ատյանները բաց են, ընդհուպ մինչեւ դատարան: Եթե որեւէ անօրինականություն է կատարվել զորակոչիկի հանդեպ, ապա մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել՝ տվյալ վատառողջ զինվորին զորակոչելու համար: Մի պարզ բան պետք է հասկանանք՝ բանակին անառողջ զինվոր պետք չի, բանակին պետք է առողջ, պատրաստ զինվոր, բանակի ծառայությունը որոշակի դժվարություններ է պարունակում, մեզ պետք է առողջ զինվոր, որ զինվոր պատրաստենք, ոչ թե երկու տարի իրեն բանակում բուժենք: Մենք այդպիսի նպատակ չունենք, այդպիսի վատառողջ զինվորները միայն ու միայն մեզ խանգարում են: Բայց միեւնույն ժամանակ մենք ամեն ինչ անելու ենք, որ տվյալ պատճառաբանությամբ բանակից չխուսափեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031