Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի ասած ֆանտաստիկ փողոցը ոտքի է հանել դրսում ապրող գյումրեցիներին

Հունվար 08,2018 17:26

«Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Գյումրու Ռուսթավելու անվան փողոցը, որը վերանորոգումից հետո դարձել է ամենաշքեղ ու գրավիչ վայրերից մեկը, ընդգծել Գյումրու կոլորիտը ու ինչ-որ տեղ եվրոպական շունչ հաղորդել այս քաղաքի պատմական կենտրոնին, սկսել է գայթակղել դրսում ապրող գյումրեցիներին։

Այս մասին իր հաշվետու ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սամվել Բալասանյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանի ու «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքներից բացի կա՞ն այլ խոշոր ներդրողներ, որոնք ցանկություն ունեն «Կումայրի» արգելոցի պատմական շենքերը գնելով՝ սպասարկման օբյեկտներ կառուցել ու նպաստել վարչապետի ծրագրած տուրիզմի զարգացմանը։

«Շատ ներդրողներ ունեցանք, բայց ուզում եմ ֆոնդին հարցնեք (խոսքը «Կումայրի վերածնունդ ներդրումային ֆոնդի» մասին է, ԱՆ․), ես իրենց տեղը չպատասխանեմ։ Իրականում շատ ներդրողներ ունեցանք ու գիտեք գյումրեցիներն են ջիգրոտել»,-կատակեց Սամվել Բալասանյանը։ Ճշտող հարցին՝ դրսում ապրող գյումրեցինե՞րը, թե՞ ներսի, քաղաքապետն ասաց․ «Ներսիններն էլ պակաս չեն, բայց դրսիններն են ակտիվացել»։

Այս հարցը, բնականաբար, ուղղեցինք «Կումայրի վերածնունդ ներդրումային ֆոնդի» զարգացման տնօրեն Սյուզաննա Ազոյանին։ Նա Ռուսթավելու անվան փողոցում ամանորյա տոնավաճառի՝ Cristmas Bazaar-ի բացման արարողության ժամանակ տեղեկացրեց, որ, թե այս փողոցի նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը շատ մեծ է, նրանք իրենց ոտքով են գալիս Գյումրի։ Իսկ թե ովքե՞ր են ներդրողները, մեր զրուցակիցն ասաց, որ նրանց մեջ կան նաև գյումրեցիներ, որոնք երկար տարիներ չեն ապրել Գյումրիում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031