Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչու է ՊՆ-ն երբեմն ուշացնում վիրավորների կամ զոհերի մասին տեղեկատվությունը. մեկնաբանում է քաղաքագետը

Հունվար 09,2018 13:52

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Արցախի պաշտպանության բանակի աշխատանքը բավականին թափանցիկ է զինված ուժերում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու առումով:

«Ցանկացած զոհ, որ ունենում ենք մարտական դիրքերում, դրա մասին տեղակցվում է հանրությանը, հաճախ լինում է, որ տեղեկատվությունը մի քիչ ուշանում է, իսկ այդ ուշացումները, որպես կանոն, պայմանավորված են լինում մի քանի հանգամանքներով: Եթե դեռեւս կա վտանգ ու ինչ-որ գործողություններ են տեղի ունենում առաջնագծում, այդ ընթացքում նման տեղեկատվություն չի մատուցվում, մինչեւ վտանգը չչեզոքացվի եւ կոնկրետ մարտական խնդիր իրականացնող ծառայողները չլինեն կատարյալ անվտանգության մեջ, որովհետեւ այդ ընթացքում հակառակորդը կարող է օգտագործել զոհի մասին տեղեկատվությունը ենթադրություններ անելու համար: Կարծում եմ՝ նման իրավիճակներում պետք էլ չէ պահանջել, որ անմիջապես այդ լուրը տարածվի, որովհետեւ, մեծ հաշվով, հասարակության համար դրանից մեծ բան չի էլ փոխվում, եթե մի քանի ժամ կամ մեկ օր ուշացումով է լուրը հասնում, կարեւորը որ այդ տեղեկատվությունը տրվում է»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ լինում են դեպքեր, երբ ՊՆ-ն ուշացնում է զոհի կամ վիրավոր զինվորի մասին տեղեկության տարածումը, որ վերջիններիս հարազատները առաջինը չտեղեկանան մամուլից, այլ դժբախտ լուրը նրանց հասցնի ՊՆ-ի որեւէ սպա. «Նման տակտիկական ու բարոյական նրբություններից ելնելով՝ կարող է լուրը ուշանալ, բայց ոչ երբեք կոծկվել»:

Անդրադառնալով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած տեղեկանքին, ըստ որի «2017 թ.-ին զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 60 դեպք, 55-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանցից միայն 50-ի դեպքում է առաջնային տեղեկատվություն տարածվել պաշտոնական աղբյուրներով, 10 դեպքի մասին տեղեկություն է տարածվել նախ լրատվամիջոցներով, ապա 9 դեպքում տեղեկատվությունը հաստատվել է պաշտոնատար անձանց կողմից: 1 դեպք լուսաբանվել է միայն լրատվամիջոցներով», պարոն Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ ՊՆ-ի թափանցիկ աշխատանքի լավ ցուցանիշ է արձանագրվել նաեւ այդ տեղեկանքում. «Եթե 60 դեպքից 59-ը պաշտոնապես ուշ թե շուտ տարածվել է, բավականին բարձր ցուցանիշ է, կոնկրետ այդ մեկ դեպքը, տեղյակ չեմ՝ ինչն է պատճառը, բոլոր դեպքերում, այդ ցուցանիշը խոսում է այն մասին, որ թաքցնելու միտում, չհրապարակելու որոշում կամ նման դավադրություն զինված գերատեսչությունում չկա, ու ՊՆ-ն ու ՊԲ-ն լիակատար լուսաբանում են տեղեկատվությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031