Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերից բնակչության «կորուստներ» ենք ունեցել 

Փետրվար 02,2018 15:00 Share
artagaxt

Այս պահի դրությամբ Հայաստանում բնակվում է 2 միլիոն 972,9 հազար մարդ` նախորդ տարվա 2 միլիոն 986.1 հազարի փոխարեն:

Գյուղական վայրերում ապրում է 1 միլիոն 77,1 հազար քաղաքացի, քաղաքային բնակավայրերում` 1 միլիոն 76,4 հազար մարդ: Երեւանում, անցյալ տարվա համեմատությամբ, բնակչությունը մոտ 1000 մարդով ավելացել է, սակայն բացառությամբ մեկ-երկու մարզի՝ մնացած մարզերում բնակչության թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած Ժողովրդագրական իրավիճակը, բնակչության թվաքանակն ու բնակչության շարժը հրապարակումից: Արագածոտնի մարզում անցյալ տարի բնակվել է 128 հազար 500 մարդ, այս տարի՝ 127 հազար 900 քաղաքացի: Արարատի բնակչության թիվը նույնպես նվազել է, այս տարի 257 հազար 400 մարդ է եղել, անցյալ տարի` 258 հազար 400: Արմավիրում անցյալ տարի 265 հազար 800 մարդ է բնակվել, այս տարվա տվյալներով՝ այս մարզում 265 հազար 400 մարդ է ապրում:

Գեղարքունիքի մարզում նույնպես «կորուստներ» են եղել՝ բնակչության թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1500 մարդով: Եթե 2017-ին 230 հազար 700 մարդ կար Գեղարքունիքում, այս տարվա տվյալներով՝ մնացել է 229 հազար 200: Լոռու մարզի բնակչությունը նվազել է 3300 մարդով: Այս պահի դրությամբ այս մարզում բնակվում է 217 հազար 800 մարդ` նախորդ տարվա 217 հազար 800-ի փոխարեն: Արտագաղթը չի շրջանցել նաեւ Կոտայքի մարզին՝ անցյալ տարի այստեղ բնակվել է 252 հազար 800 մարդ, սակայն այս տարվա ԱՎԾ-ի տվյալներով՝ մարզում մնացել է 250 հազար 700 մարդ: Շիրակի մարզը նույնպես պակասորդ է տվել. 239 հազար 300 քաղաքացուց մարզում այս պահի դրությամբ ապրում է 236 հազար 300 մարդ: Սյունիքի մարզի բնակչությունը 300-ով է պակասել: Անցյալ տարի այս մարզում ապրել է 138 հազար 900 մարդ, այս տարվա տվյալներով` 138 հազար 600: Վայոց ձորում բնակչությունը 500-ով է պակասել: Այս տարի այս մարզում ապրում է 49 հազար 800 մարդ` նախորդ տարվա 50 հազար 300-ի փոխարեն:

Տավուշի մարզի բնակչությունը 1100 մարդով է նվազել. անցյալ տարի Տավուշում բնակվել է 124 հազար 500 մարդ, այս տարի`123 հազար 400: ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներով` 2015 թվականին մեր երկրում բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 998,6 հազար քաղաքացի, 2016-ին` 2 միլիոն 986,1, իսկ 2017-ին` 2 միլիոն 972,9 հազար մարդ: 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին մեր երկրում ծնվել է 37 հազար 699 մարդ: Ամենաշատ ծնունդները եղել են Երեւանում` 14 հազար 441 մարդ, ամենաքիչը ծնվել են Վայոց ձորում` 564 մարդ:

Անցյալ տարի մահացածների թիվը կազմել է 27 հազար 367 մարդ, որոնց թվում՝ 307-ը 0-1 տարեկաններն են կազմում: Ըստ նույն աղբյուրի՝ մեր երկրում անցյալ տարի գրանցվել է 15 հազար 214 ամուսնություն, բաժանվել են 3940 ամուսնացած: Մահացության պատճառներից առաջատարը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, ապա դժբախտ պատահարները, թունավորումներն ու վնասվածքները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները, մարսողական օրգանների հիվանդություններն ու վարակիչ եւ մակաբուծային հիվանդությունները: ԱՎԾ-ն հրապարակել է նաեւ, թե քանի օտարերկրացի է անցյալ տարի Հայաստանից ապաստան հայցել:

Ընդհանուր առմամբ 96 օտարերկրացի է դիմել, որից չորս մարդ՝ Աֆղանստանից, 27 քաղաքացի՝ Սիրիայից, 33 մարդ Իրաքից է դիմել, որ ապաստան գտնի մեր երկրում, հինգ քաղաքացի` Թուրքիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից էլ 7 մարդ է ցանկացել ապրել Հայաստանում: Եմենից 9 քաղաքացի է ապաստան հայցել մեր երկրից, Ուզբեկստանից՝ երեք քաղաքացի, Ուկրաինայից մեկ քաղաքացի է ապաստան հայցել եւ այլն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

01.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728