Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբաններ. Ռուսական հիստերիայի ետեւում Ադրբեջանի ականջներն են

Փետրվար 02,2018 15:47

Փորձ է արվում ռուսական հանրությանը Նժդեհին ներկայացնել իբրեւ դավաճան հայի կերպար եւ ասել, թե ահա հայերն այսպես են միշտ վարվել, թիկունքից են հարվածել: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն`անդրադառնալով Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ՌԴ-ում սկսված եւ չհանդարտվող արշավին: Բանախոսը գտնում է, որ Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու հարցում շահագրգիռ են ոչ այնքան «առանձին ռուսական ուժերը», որքան մեր «որոշ հարեւաններ»:

Իբրեւ պատմաբան փաստում է` Նժդեհի հետ կապված ամբողջ այս մեղադրանքները ոչ ճիշտ պատմական հիմքերի վրա են կառուցված: Մասնավորաբար, պատմաբանն անհիմն է համարում պնդումները, թե նա մեղադրվել է նացիզմի մեջ. «Նժդեհի մեղադրանքի մեջ մեկ բառ անգամ չի եղել նացիզմի հետ համագործակցության համար: Նրան դատել են հակախորհրդային գործունեության համար: Չնայած, դատավարության մեջ եղել են հարցաքննության կետեր`կապված նացիզմի հետ»:

Այն, որ ՌԴ-ի որոշ գործիչներ Նժդեհին «կոլաբորացիոնիստ» են անվանում, պատմաբանին ստիպում են հարցեր տալ` արդյոք ԽՍՀՄ քաղաքացի էր Նժդեհը: Ասում է`նա Բուլղարիայի քաղաքացի էր:

Քննարկմանը ներկա «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանն էլ ասում է՝ ռուսական մասնագիտական շրջանակներում լավ գիտեն նացիզմի գաղափարախոսության նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքի մասին: Փաստում է`հայ ժողովրդի համար Նժդեհը իսկապես հերոս է, եւ որ Հայաստանն այսօր անկախ հանրապետություն է, մեծ ներդրում ունի հենց Նժդեհը. «Նրանք, ովքեր այժմ փորձում են խաղալ հայ ժողովրդի նվիրական զգացմունքների հետ, մեր բարեկամները չեն»։ Ինքը կարծում է, որ այս ամբողջ պատմության մեջ Ադրբեջանը «խիստ առարկայական շահեր ունի»:

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Արթուր Ղազարյանն էլ նկատեց` երբ հարցը քաղաքականացվում է, օբյեկտիվ ճշմարտությունը դժվարանում է տարբերել:
ՌԴ-ում, Նժդեհի արձանի շուրջ առաջացած այս աժիոտաժի մասին, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսել էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ասում է`չի բացառվում, որ Հայաստանի քաղաքական ազատ կամքի դրսեւորումն անհանգստացնում է մեր դաշնակիցներից շատերին: Կարծում է` պետք է զգոն լինենք թե մեր ռազմավարական դաշնակցի, թե միջազգային խաղացողների հետ հարաբերություններում. «Լինելով փոքր երկիր՝ մենք բավականին խոցելի ենք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728