Լրահոս
Օրվա լրահոսը

Կորեական թերակղզու խաղաղությանն ուղղված ստորագրահավաքին ներկա քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէր, թե իրենց ինչի համար են կանչել (Ֆոտոշարք)

Փետրվար 02,2018 23:13

Կորեական թերակղզում ծագած միջուկային համաշխարհային պատերազմի սպառնալիքը համախմբել է աշխարհի 100-ից ավելի պետությունների: 2017 թվականի տարեվերջին Սեուլում մեկնարկել է «10 միլիոն ստորագրահավաք հանուն կորեական թերակղզու խաղաղության» քարոզարշավը: Այսօր ստորագրահավաքին միացավ նաեւ Վանաձորը:

ՀՍԻԿ ՀԿ նախագահ Գեւորգ Մանուկյանը, որը վանաձորյան քարոզարշավի նախաձեռնողն է, վստահ է, որ այս ստորագրահավաքն իր արդյունքը կունենա. «Շնորհիվ այսօրվա զարգացվածության, մենք բոլորս շատ մոտիկ հարեւաններ ենք: Եվ եթե որեւէ մեկի տանը հրդեհ է բռնկվում, այն չի կարող չխաթարել քո անդորրը, որովհետեւ հարեւանի տանը հրդեհ է: Եվ դա է պատճառը, որ այսօր Հայաստանում այդ քարոզարշավը նախաձեռնում ենք, մանավանդ, որ Հայաստանը, Արցախը, անընդհատ պատերազմի սպառնալիքի տակ ենք: Այս նախաձեռնությունն իր արդյունքը կատ»:

Օրվա երկրորդ կեսից Հայքի հրապարակում մեկնարկած ստորագրահավաքին ներկա էին ներկայացուցիչներ Վանաձորի քաղաքապետարանից, հոգեւոր այրեր ու Վանաձորի ուսումնական հաստատությունների ուսուցիչներ եւ աշակերտներ: «Ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի, չպատերազմեն: Պատերազմ ոչ մեկիս պետք չէ: Եկել ենք մեր կոչն ու մեր ձայնը միացնենք հանուն խաղաղության: Անգամ մանկապարտեզի երեխան պետք է գիտակցի, որ պատերազմը բարիք չի բերում»,- ասում է թիվ 6 դպրոցի ուսուցչուհի Գայանե Մանկիկյանը:

Վանաձորի թիվ 20 դպրոցի ուսուցչուհի Հավերժուհի Նահապետյանը եւս կարեւորում է խաղաղությանն ուղված միջոցառումները: Ասում է պատրաստ են ամեն կերպ աջակցել խաղաղությանն ուղված ցանկացած նախաձեռնության. «Գիտեմ, որ սա ակցիա է հանուն խաղաղության, թեկուզ փոքր ձայն միացնելու: Խաղաղությունը հղում ենք աշխարհի բոլոր անկյուններին, որովհետև մենք ամենաառաջին ազգն ենք, որ խաղաղությունը մեզ անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Մենք մինչեւ հիմա զինվոր ունենք, որը զենք է բռնում: Թող բոլորի համար լինի խաղաղություն: Պատրաստ ենք պաշտպանել ու միանալ բոլոր նրանց ովքեր ունեն խաղաղության կարիք»:

Ակցիային ներկա ուսուցիչների մի մասն էլ տեղյակ չէր, թե ինչ համար են եկել միջոցառման, եւ որն է ակցիայի բուն նպատակը: Վերջիններս դժգոհում էին ստեղծված իրավիճակից. «Սա ինչ անկազմակերպ բան է: Դասերից երեխաներին հանել են բերել էստեղ: Անչափահաս երեխային կանչում են, որ գա ստորագրի՞: Չգիտեմ, ով է կանչել, ուսուցչանոցում ինչ-որ հայտարարություն էր փակցված»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին միջոցառման եկած ուսուցիչներից մի քանիսը:

Աշակերտների մեծ մասը եւս տեղյակ չէր թե ինչ միջոցառման է եկել, կամ ինչի համար է ստորագրելու. «Մեզ ասեցին, որ ուսուցիչները պետք է ինչ-որ ստորագրություն տան, եւ մենք էլ պետք է ներկա լինենք: Նախավերջին ժամին մեզ դասերից ազատեցին, եկանք: Չգիտեմ, մենք էլ պետք է ստորագրենք, թե ոչ, տեղյակ չեմ»,- ասում է թիվ 6 դպրոցի աշակերտուհի Մարիամ Միրզոյանը:

Նախատեսվում էր, որ օրվա ընթացքում քարոզարշավին կմիանան 700-ից ավելի քաղաքացիներ: Իսկ ստորագրահավաքը կլինի շարունակական:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728