Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրվում է ամբաստանյալ

Մարտ 02,2018 18:55

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած Լեւոն Գասպարյանի գործով դատական նիստը չկայացավ:

Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է անցյալ տարի ապրիլին խորհրդարանական ընտրությունների օրը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Նույն օրը եւ նույն ընտրատեղամասի հարակից տարածքում Ջուլիետա Կոկոլյան էլ խոչընդոտել է Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի (ներկայումս աշխատում է Factor TV-ում) աշխատանքը: Մինչեւ փետրվարի 5-ի նիստը այս երկու ամբաստանյալների գործը միասին էր վարվում: Սակայն փետրվարի 5-ին դատարանը որոշեց Ջուլիետա Կոկոլյանի գործը առանձնացնել:

Շողիկ Գալստյանի՝ դատարանում շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գործով ամբաստանյալ Կոկոլյանը չէր ներկայանում դատական նիստերին եւ ամեն անգամ պատճառաբանվում էր, թե առողջական խնդիրներ ունի, չի կարողանում գալ դատարան, բայց բժշկական որեւէ փաստաթուղթ դատարան չեն ներկայացրել:

«Բերման ենթարկելու որոշում էր կայացվել, դրանք էլ չէին կատարվում, դատարանը որոշեց առանձնացնել գործերը եւ ամբաստանյալ Ջուլիետա Կոկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարել»,-ասաց Կարեն Տոնոյանը:

Նրա ներկայացմամբ՝ այս գործով դատաքննությունը կսկսվի, երբ հայտնաբերվի Կոկոլյանը: Փաստաբանի խոսքերով՝ ամեն անգամ, երբ բերման ենթարկելու որոշում էր կայացվում, ոստիկանները զավեշտալի պատասխաններ էին տալիս Կոկոլյանին դատարան չներկայացնելու վերաբերյալ. «Բացի Կոկոլյանից Կոնդից Կոկոլյանի հարեւաններն էլ պետք է բերեին: Ու ոստիկաններն ասում էին՝ բոլորի դռները փակ են: Այսինքն՝ 10 մարդու դռներն ամեն անգամ փակ էին ու ոչ մեկին չէին կարողանում դատարան բերման ենթարկել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031