Լրահոս
Օրվա լրահոսը

Լաբորատոր փորձաքննությունը հաստատեց՝ ռուսական «բատոնչիկը» որդնած էր

Մարտ 31,2018 14:30

«Առավոտի»՝ փետրվարի 24-ի «Այստեղ որդերը մի լավ «աշխատել են» հրապարակմամբ անդրադարձել էինք «Երեւան սիթի» սուպերմարկետներից մեկում վաճառվող ռուսական կոնֆետների կասկածելի համին եւ տեսքին:

Մենք մասնավորապես գրել էինք. «Փետրվարի 24-ին Տիգրան Մեծ փողոցի «Երեւան սիթիից» ձեռք բերված ռուսական արտադրության եւ ժողովրդին ավելի հայտնի «բատոնչիկ» կոնֆետները փչացած են: Դրանց փաթեթները բացելուն պես ակնհայտ երեւում է, որ որդերն այստեղ մի լավ քչփորել են, քանի որ կոնֆետները, այսպես ասած, տարօրինակ «ծակոտիներով էին»: Համենայնդեպս, նախկինում այս նույն խանութից ձեռք բերված նույն կոնֆետները նկարում պատկերված տեսքը չեն ունեցել»:

Այս խնդրի մասին «Առավոտն» ահազանգել էր Սննդի անվտանգության պետական ծառայություն, որն էլ մեր ահազանգից հետո այցելել էր նշված սուպերմարկետ եւ ուսումնասիրել խնդիրը: ՍԱՊԾ-ն այդ օրը մեզ վստահեցրել էր՝ կոնֆետները որդնած չեն, նույնիսկ ժամկետանց չեն՝ ըստ փաստաթղթերի: Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենք նշված խանութից գնում էին կատարել եւ ուղղակի տեսքին նայելով կամ գուցե համտեսելով՝ որոշել, որ դրանք փչացած չեն: Առնվազն անհասկանալի էր, որ ՍԱՊԾ-ն խնդիր չէր տեսել այդ կոնֆետներում, որովհետեւ անգամ անզեն աչքով նկատելի էր, որ դրանք հին են, փչացած, նույնիսկ տարօրինակ համով: Այդ ժամանակ ՍԱՊԾ-ից մեզ խոստացէլ էին ավելին պարզել:

Հրապարակման հաջորդ օրը մենք ՍԱՊԾ-ի հորդորով իրենց փոխանցեցինք այն կոնֆետները, որոնք մեզ համար կասկածելի էին:

Սննդի անվտանգության պետական ծառայությունն այդ կոնֆետները լաբորատոր փորձաքննության է ենթարկել եւ օրերս մեզ է տրամադրել այդ մասին իրենց եզրակացությունը:

««Առավոտ» օրաթերթի հրապարակման հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շրջայց է կատարել «Երեւան Սիթի» իրացման ցանցում, տարբեր հասցեներում գտնվող վաճառքի կետերից (այդ թվում նաեւ Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող) ձեռք բերել նույն խմբաքանակի կոնֆետներ. դրանք եղել են ժամկետի մեջ, անհամապատասխանություններ չեն եղել: Ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ լրագրողի՝ մեզ ներկայացրած նմուշը եղել է որդնած եւ ոչ պիտանի:
Արդյունքում՝ ՌԴ «РОТ ФРОНТ» ընկերության կողմից արտադրվող եւ «Ապեյրոն» ՍՊԸ ընկերության կողմից ՀՀ ներմուծվող «Батончик Рот Фронт Шоколадно Сливочный Вкус» կոնֆետը՝ 14.01.2018-ին արտադրության եւ մինչեւ 12.08.2018 պիտանիության ժամկետով, հետ է կանչվել շուկայից: Ներմուծողը պարտավորվել է կազմակերպել նշված արտադրանքի հետկանչը ՀՀ վաճառակետերից եւ իրացման կասեցումը՝ մինչեւ նշված խմբաքանակի վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները ստանալը:
Պահեստում առկա նույն խմբաքանակի՝ 14.01.2018թ. արտադրության եւ մինչեւ 12.08.2018թ. պիտանիության ժամկետով, կոնֆետների լաբորատոր փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»:

Թե ի՞նչը կարող է պատճառ լինել, որ կոնֆետի մի խմբաքանակում կան որդնածներ, իսկ ՍԱՊԾ-ի ձեռք բերածում՝ ոչ, ծառայությունից ասացին՝ պատճառները տարբեր են, օրինակ՝ իրացման ցանցում պահման պայմանների խախտումը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

30.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031