Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյանին քաղաքապետարանը պատասխանել է՝ ցույցերում ոստիկաններն ինչ հիմքով են միկրոավտոբուսները գծերից հանել, ավտոբուսների մասին՝ ոչ մի խոսք

Մայիս 04,2018 21:21

Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր «Առավոտին» փոխանցեց Երեւանի քաղաքապետարանից ստացած պատասխանը:

Պարոն Խաժակյանը քաղաքապետարանից պահանջել էր պարզաբանել, թե ինչու է այդ օրերին հասարակական տրանսպորտը, որը նախատեսված է քաղաքացիներին սպասարկելու համար, երթուղագծերից հանվում եւ ծառայեցվում ոստիկաններին:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին եւ դրան հաջորդող օրերին, երբ «Իմ քայլը» նախաձեռնության հորդորով Երեւանի փողոցներում հազարավոր քաղաքացիներ անհնազանդության խաղաղ ցույցեր էին իրականացնում, լրատվամիջոցների տեսախցիկներն արձանագրել էին, որ ոստիկանները երթուղագծերից հանում են միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ` տարածքից տարածք տեղափոխվելու նպատակով: Մասնավորապես` գծերից հանվել էին թիվ 58, 31, 29 երթուղագծերի «գազելները» եւ տարբեր երթուղագծերի ավտոբուսներ:

Այդ գործողությունը ոստիկանությունը կատարել էր առանց մասնավոր երթուղագծերի սեփականատերերին տեղյակ պահելու եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցում վերոնշյալ երթուղագծերի սեփականատերերն էին ասել` այդ մասին «ուղիղ եթերներից» են տեղեկացել, ոստիկանությունն իրենց այդ մասին ո՜չ հարցրել է, ո՜չ էլ հետո` տեղյակ պահել:

Այս առնչությամբ «Առավոտի» հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ քաղաքապետարանը Երեւանի բնակիչներից որեւէ բողոք դրա վերաբերյալ չի ստացել եւ որ միկրոավտոբուսները պատկանում են մասնավոր ընկերություններին եւ նրանք էլ պետք է պատասխան տան: Մեր այն դիտարկմանը, թե քաղաքապետարանը վերահսկող մարմին է, քաղաքապետարանից ասել էին, որ, եթե բողոք չկա, ապա մասնավոր կազմակերպությունը պետք է մեր հարցերին պատասխանեն:

Պարոն Խաժակյանի դիմումին պատասխանել է Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշելով, որ. «Երեւանի ներքաղաքային բոլոր միկրոավտոբուսային երթուղիները սպասարկվում են մասնավոր կազմակերպությունների կողմից: ՀՀ ոստիկանության կողմից հանրային տրանսպորտի շարժակազմի շահագործման իրավական հիմքերը սահմանված են «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետով»:

Դավիթ Խաժակյանն արձագանքելով քաղաքապետարանի պարզաբանմանն ասաց, որ նախ` ինքը քաղաքապետարան ուղղված գրության մեջ միկրոավտոբուսներից բացի նշել էր նաեւ ավտոբուսների մասին, որոնք գտնվում են «Երեւան Ավտոբուս»-ի ենթակայության տակ, սակայն քաղաքապետարանը պատասխանել է միայն միկրոավտոբուսների մասով. «Ակնհայտորեն կադրերում երեւում են մեծամասամբ ավտոբուսներ: Իրենք հղումը կատարելով այդ հոդվածին, նշում են, որ ոստիկանությունն անհատ վարորդից պահանջել եւ ստացել է մեքենա, բայց քանի որ մենք տեսնում ենք ծավալները շատ մեծ են եղել, մեծ քանակությամբ միկրոավտոբուսներ եւ ավտոբուսներ են օգտագործվել, ակնհայտ է, որ դա եղել է քաղաքապետարանի համապատասխան ՓԲԸ-ի եւ անձամբ քաղաքապետի իմացությամբ եւ թույլտվությամբ: Այս պատասխանով իրենք, պարզապես, պատասխանատվությունը գցում են անհատ վարորդների վրա եւ խնդիրը թողնում են ոստիկանության եւ անհատ վարորդների դաշտում: Ինչը, վստահաբար, այդպես չէ»:

Դավիթ Խաժակյանի խոսքով, այդ, ճշտելը հեշտ է, պարզապես պետք է հարցում կատարեն ճանապարհային ոստիկանությանը` պարզելու համար, թե այդ ո՞ր վարորդներին են դիմել եւ ինչ են ստացել. «Ավտոբուսների մասով արձանագրում եմ, որ խուսափել են պատասխանել այդ մասով եւ կարող ենք եւս մեկ անգամ դրա վերաբերյալ հարց ուղղել: Այդ հարցերի պատասխանները պարզելն այնքանով է կարեւոր, որ մենք այս շրջանում ակնհայտորեն տեսել ենք, որ վարչական շրջանների աշխատակիցները մասնակից են եղել ապօրինություններին, համայնքային գույքը ոստիկանության կողմից օգտագործվել է եւ դրա վերաբերյալ օրինական հիմքերը մեզ չեն ներկայացվում: Այդ արձանագրումները կատարում ենք եւ պետք է պատասխանատուներին անուն առ անուն պարզենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031