Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազն էլ սրանից մեծ հետեւություններ կանի». Ղուկասյանի փաստաբանի կոշտ ելույթը

Մայիս 07,2018 18:06

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ այսօր Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նա ազատ արձակվեց (նիստերին այսուհետ չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակով):

Մինչ այդ, երբ դատավարության կողմերը քննարկում էին միջնորդությունը, կոշտ ելույթ ունեցավ Ղուկասյանի շահերի պաշտպաններից փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Նա «Իմ քայլը» ժողովրդական շարժմանն անդրադարձավ: «Մեր երկրում տեղի ունեցավ ժողովրդավարության հաստատում: Այդ գործընթացը վաղը վերջնականապես կամրագրվի՝ ի դեմս ժողովրդի վարչապետի ընտրության: Հուսով եմ՝ ՀՀ գլխավոր դատախազն էլ դրանից մեծ հետեւություններ կանի: Նա դահճի վերաբերմունք է ցույց տվել նախորդ մեկ ու կես տարում, եւ դրան մասնակից էին «անկախ» դատարանները»,-հայտարարեց փաստաբանը:

Նրա բնորոշմամբ՝ նման ժողովրդական շարժում պետք է լիներ, որ վերջապես բոլոը հասկանային՝ չի կարելի անձանց հետապնդել նրանց քաղաքական հայացքների համար եւ զրկել ազատությունից: «Կարծում եմ՝ շուտով դատախազության կազմից էլ կլսենք հրաժարականների մասին»,-դիմելով այս գործով, ինչպես նաեւ՝ «Սասնա ծռերի» գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ ասաց Ինեսա Պետրոսյանը:

Դատավոր Վարդան Գրիգորյանը փաստաբանի ելույթը որպես զգացմունքային որակեց, ապա նկատեց. «Սա դատական նիստերի դահլիճ է, ոչ թե Հանրապետության հրապարակ»:

Ի դեպ, մինչ դատավորը կգնար խորհրդակցական սենյակ, իսկ ավելի ուշ՝ կորոշեր ազատ արձակել Ղուկասյանին, նիստերի դահլիճում բավականին լարված մթնոլորտ էր: Քաղաքացիները դատախազ Պետրոսյանի հասցեին «ամոթ» էին վանկարկում, իսկ դատավորի հետեւից բղավում՝ «դուխով»:

«Սասնա ծռեր» գրությամբ շապիկով մի տղամարդ էլ անվանարկեց դատախազին, երբ վերջինս, ինչպես նախորդ պարագաներում, առարկեց Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդության դեմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031