Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքի նախագիծը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ նախագծում ընդգծվում է մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դերը իրավահավասարության ապահովման հարցում, նաեւ հաշվի առնելով, որ շրջանառության մեջ է դրվել «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքը, որով ընդգծվում է պաշտպանի դերը այդ հարցում, առաջարկում է ՄԻՊ-ի օրենքում էլ լրացում կատարել. «Պաշտպանը ստեղծում է իրավահավասարության խորհուրդ, որը պաշտպանին առընթեր խորհրդակցական մարմին է»: Խորհուրդը պետք է մարդու իրավունքների պաշտպանին աջակցի անձանց իրավահավասարության եւ խտրականության բոլոր դրսեւորումներից՝ իր լիազորությունների շրջանում:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հարցրեց՝ հասարակական հիմունքներո՞վ պետք է աշխատի խորհրդակցական մարմինը, թե՞ վճարովի: Փոխնախարարը պատասխանեց, որ հասարակական հիմունքներով է լինելու:
Կոստանյանը հարցրեց՝ «Եթե հասարակական հիմունքներով է, ինչո՞ւ մենք պաշտպանին հնարավորություն չենք տալիս իրեն կից մի քանի խորհրդակցական մարմիններ ստեղծի՝ տարբեր հարցերով՝ կանանց, անչափահասների հարցերով, անմեղության կանխավարկածի հարցերով: Իրեն տանք ազատ հնարավորություն՝ ստեղծելու խորհրդակցական մարմիններ, ինչո՞ւ ենք սահմանափակում, որ իրավահավասարության հարցերով խորհրդակցական մարմին լինի, եթե սա հասարակական հիմունքներով է եւ բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չի պահանջում»: Փոխնախարարը պատասխանեց, որ պաշտպանը կարող է ստեղծել, բայց երբ օրենքով ամրագրում են, իմպերատիվ պահանջ է, որ կոնկրետ այդ հարցի հետ կապված պաշտպանն ունենա անպայման խորհրդակցական մարմին:
Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ դեռ «Իրավահավասարության մասին» օրենքը ԱԺ չի եկել, ինչո՞ւ նախապես պաշտպանի վրա նման պարտավորություն դնեն. «Իսկ եթե պաշտպանը չի ստեղծում այդ խորհուրդը, որովհետեւ ոչ մեկը չի համաձայնում հասարակական հիմունքներով լինել այդ խորհրդակցական մարմնում, մենք ունենալու ենք նորից մեռելածին մի հոդված»:
Հանձնաժողովի անդամները հորդորեցին չշտապել եւ այդ փոփոխությունը նախագծում առայժմ չներառել: Օրենքի նախագծին կողմ քվեարկեցին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































