Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող եմ զանգել տիկին նախարարին և մտահոգող խնդիրների մասին նրան տեղեկացնել». Կարինե Խոդիկյանը՝ Լիլիթ Մակունցի մասին

Հունիս 06,2018 17:06

Ընդհանրապես մերժել, հերքել արվածը, ստացվում է, որ այսօր սպիտակ էջից պետք է սկսենք, դա սխալ է,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը:

Ըստ նրա՝ հոմոսովետիկոսի՝ամեն բան քանդելու հոգեբանությունից պետք է ձերբազատվենք. «Դա է պատճառը, որ հին Երևանը քանդվեց, այն մտայնությունը, որ մենք կգանք, նոր Երևան կկառուցենք, կքանդենք և կգանք նոր թանգարան կստեղծենք»:

Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրին՝ տիկին Խոդիկյանն այն ժամանակավոր, հայեցակետային ծրագիր համարեց և հորդորեց սպասել:

Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ ցավով նշեց՝ ՀՀ կառավարության ծրագրի հետ կապված առանձնապես քննարկելու բան չկա. «Ցավալիորեն քննարկելու նյութ չկա, քանի որ այն, ինչ կար կառավարության ծրագրում մշակույթին վերաբերող, շատ ընդհանուր է: Ժամանակավոր բան է: Զգացվում է, որ մշակույթի վերաբերյալ ոչ գիտակ մարդ է տեքստը գրել: Այնտեղ կային ոչ պրոֆեսիոնալ ձևակերպումներ։ Պարտադիր չէ, որ մշակույթի նոր նախարարը ամեն ինչից գիտակ լինի, բայց պետք է գիտակ մարդկանցից խորհուրդ հարցնել։ Խոսում են կոռուպցիայից, և պետք է արձանագրել, որ կոռուպցիան մտել է նաև մշակույթի, արվեստի մեջ։ Ես շատ կուզենայի, որ նոր իշխանությունները մտածեն այս մասին, կարևորեն այն փաստը, որ մշակույթի ոլորտում կան բաներ, որ սովետից ենք ժառանգել, բայց լավ բաներ են։ Դրանք պետք է պահպանել, ինչպես օրինակ միությունները՝ նկարիչների միություն, ճարտարապետների միություն․․․․ սրանք պետք է պահպանել ու գործառույթները փոխել։ Սրանք կարելի է շտկել. խորհրդակցական հարցեր են։ Ահա այսպիսի խնդիրներին նոր ծրագրում թռուցիկ էին անդրադարձնել»:

Պարոն Շահումյանի համար անհասկանալի է այն միտքը, թե մշակույթի նախարարությունը պետք է մարդկանց երջանկացնի: Այս առիթով նկարիչն ասաց. «Ինչքան հասկանում են նկատի ունեն արվեստը, բայց մշակույթը միայն արվեստը չէ: Պետք էր խորհրդակցել ավելի գիտակ անձանց հետ: Երջանկացնել ասելով՝ երևի մտածել են շոու ծրագրերը և այլն: Բա երջանկությունը որտեղի՞ց պետք է բերենք, ապահովենք»:

Մշակութաբան Կարինե Հակոբյանն, արձագանքելով Կարինե Խոդիկյանին, նշեց. «Ոչ մեկ նախորդին չի մերժել, հենց խնդիրը դա է: Եթե չես մերժում, դառնում ես այդ արատավոր երևույթների իրավահաջորդը»:

Անդրադառնալով երջանկացնելու գործառույթին՝ տիկին Հակոբյանն ասաց. «Խոսքն այն մասին է, որ արվեստը մոտեցնենք ժողովրդին: Իհարկե, դա ընդամենը մշակութային քաղաքականության միայն մեկ կարևոր բաղադրիչն է, հասարակության գեղագիտական դաստիարակությունն է: Մինչդեռ հստակ պետք է գրվի մշակութային քաղաքականությունը հաջորդ ծրագրում»:

Կարինե Հակոբյանը հայտարարեց՝ մշակույթի նախարարությունը պետք է լինի գերակա նախարարություն: Aravot.am-ի հիշեցմանը՝ նոր կառավարության ձևավորման նախնական փուլում նույնիսկ քննարկվում էր ընդհանրապես այս նախարարությունը փակելու հարցը, տիկին Հակոբյանն արձագանքեց. «Այնպիսի խոպան, ցածր մակարդակ է ընկալման, որ հարց է ծագում լինի այդ նախարարությունը, թե՝ ոչ: Հարց է ծագում՝ անկախություն ձեռք բերեցինք որ ի՞նչ անենք, որ մշակութային ինքնություն պահպանենք: Մինչև այսօր չի եղել այն գիտակցումը, որ անկախությունը, ազգային ինքնությունը, մշակույթը սերտորեն կապված են։ Կարծում եմ՝ հիմա գոնե կունենանք իրական մշակութային քաղաքականություն։ Այս կառավարության հիմնական խնդիրը նախկին արատներից ազատվելն է։ Մեր երկրում տեղի է ունեցել ոչ միայն գաղափարական, այլև սոցիոմշակութային հեղափոխություն: Ինքս նախաձեռնելու եմ մշակութային քաղաքականության հիմնական ուղղությունների քննարկում, քանի որ դա մեկ հոգու բան չէ»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մշակութային գործիչների հետ հանդիպմանը, տիկին Խոդիկյանը փաստեց. «Հանդիպմանն այսպես ասած համակարգային խնդիրներ չառաջադրվեցին, նախորդ տասնամյակների բնազդն էր: Ես ոչինչ չխոսեցի, քանի որ չեմ կարծում, որ նման մեծ դահլիճում կարելի է խոսել և առաջ քաշել համակարգային խնդիր: Հիմա բաց ձեռքերը նաև բաց շփում են ենթադրում, եթե ինչ-որ խնդիր լինի, կարող եմ զանգել տիկին նախարարին և մտահոգող հարցերի, խնդիրների մասին նրան տեղեկացնել»:

Մեր հարցին՝ անձամբ ճանաչո՞ւմ է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, Կարինե Խոդիկյանը պատասխանեց՝ ոչ:

Անդրադառնալով նախարարության փակման մասին քննարկումներին՝ տիկին Խոդիկյանն արձագանքեց. «Ես կպատասխանեմ այն դեպքում, երբ կոնկրետ նման պաշտոնական հայտարարություն լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կիմա says:

    Անիմաստ հարցազրույց…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930