Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ անում են մեր կառավարության անդամները, մեծ իմաստով օգնում է ԶԼՄ-ներին». Նունե Սարգսյան

Հունիս 15,2018 22:33

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը մեծ սպասելիքներ ունի, որ հեղափոխությունից հետո լրատվադաշտում գոյություն ունեցող խնդիրները կլուծվեն:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սարգսյանն արձանագրեց՝ լուրջ խնդիրներ ունենք հեռարձակման ոլորտում: Ըստ նրա՝ այսօր ունենք պետական մենաշնորհ այս ոլորտում, և նպաստավոր պայմաններ չկան, որ մասնավոր մուլտիպլեքսները դաշտ մտնեն: Նունե Սարգսյանը նշեց նաև մեկ այլ խնդիր. «Բացի այդ այս տարվա մրցույթն է հետաձգված, դեռ չգիտենք՝ ինչպես կլինի, խնդիր է առաջանում օրենքում եղած այդ դրույթի հետ: Չեմ խոսում սեփականության հետ կապված տարբեր հարցերի մասին: Հեռարձակման հետ կապված ամեն ինչ պետք է ազատականացնել»:

Տիկին Սարգսյանն ասաց՝ հասկանում են, որ կառավարությունն առայժմ չի հասել այդ հարցերին, ուստի իրենք պատրաստվում են առաջիկայում բարձրաձայնել: Նունե Սարգսյանի համար մտահոգիչ է նաև Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում մեկ այլ դրույթ. «Հեռարձակման հետ կապված դրույթը երկմտությունների տեղիք է տալիս: Օրենքի տրամաբանությունն ասում է այն մասին, որ մասնավոր մուլտիպլեքսներին վերաբերող մրցույթը պետք է ամեն տարի հայտարարվի: Բայց այս տարի կան տարբեր մոտեցումներ նաև հանձնաժողովի կողմից, որոնք հիմնվում են օրենքի այդ դրույթի վրա՝ ասելով, որ օրենքը չի պարտադրում երկու անգամից ավել մրցույթ հայտարարել: Փորձել այդ կերպ մեկնաբանել օրենքը, հերթական փորձն է հետաձգել այդ խնդիրների լուծումը»:

Մեր այն հիշեցմանը՝ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից էլ պատճառաբանում են, թե մրցույթ հայտարարվում է, բայց մասնակից չի լինում, Նունե Սարգսյանն այսպես արձագանքեց. «Դա էլ է ճիշտ: մենք անընդհատ խոսում ենք նրա մասին, որ պայմանները գրավիչ չեն բիզնեսի համար»:

Օրենքի մյուս խնդրահարույց դրույթն ըստ տիկին Սարգսյանի՝ այն է, որ պարզվում է՝ հնարավոր չէ ռադիոլիցենզիաներ ստանալ մարզերում. «Մենք ունենք ընդամենը երկու ռադիոկայան, և լիցենզիայի հնարավորությունն այլևս փակ է, ինչը ինձ համար անտրամաբանական է: Ռադիոն դինամիկ է, կարող է բավականին փոքր ներդրումների դեպքում բերել շատ հնարավորություններ, ծառայել քաղաքացիներին, մարզային համայնքին: Կարող են լինել երիտասարդական նախաձեռնություններ. փոքր տեղերում տեխնիկական հնարավորություն կա ռադիոկայաններ բացելու: Այնպես որ, այս խնդիրների հետ կապված մոտ ապագայում մենք ինչ-որ բաներ կնախաձեռնենք»:

Դիտարկմանը՝ որոշ լրատվամիջոցների խմբագիրներ մտահոգություն են հայտնում, թե ներկայիս բացասական միտումներից է այն, որ լրագրությունը փոխարինվում է ուղիղ եթերներին, տիկին Սարգսյանն արձագանքեց. «Սա իրողություն է, և դրա հետ լրատվամիջոցները պետք է համակերպվեն ու փորձեն աշխատել այնպես, որ կարողանան լրացնել դաշտը: Ի վերջո, նպատակը նախարարի խոսքը մեջբերելը չէ, այլ կառուցողական քննադատությունը: Շատ դրական եմ համարում այն, որ տեղեկատվական դաշտը բացվել է: Որքան մարտահրավեր կա, այնքան էլ հնարավորություն: Այն, ինչ անում են մեր կառավարության անդամները, մեծ իմաստով օգնում է ԶԼՄ-ներին մի քայլ առաջ անել և զարգանալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930