Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Զաքիր Հասանովի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի բանակը դեռ պատրաստ չէ պատերազմական գործողությունների»

Հունիս 23,2018 16:00

Ըստ Արման Մելիքյանի՝ մինչեւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձեւավորումը պետք է ամեն րոպե պատրաստ լինենք նոր Սարդարապատի:

«Եթե պարոն Հասանովն իսկապես այսօրինակ հայտարարություն է արել, ապա ընդամենը վկայում է այն մասին, որ իր կարծիքով՝ ներկայումս Ադրբեջանի բանակը դեռ պատրաստ չէ պատերազմական գործողությունների, եւ այս տեսանկյունից ցանկալի արդյունքն ունենալու համար իրենք դեռ անելիքներ ունեն»,- «Առավոտի» հիշեցմանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է՝ մեր նպատակն է նախապատրաստել բանակը պատերազմի, եւ հարցին՝ այս հայտարարությունը վտանգավո՞ր է, այն ի՞նչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ, այսպես պատասխանեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Ըստ նրա՝ ցանկացած պետության պաշտպանության նախարարության թիվ մեկ խնդիրը հենց դա է՝ պատերազմին պատրաստ զինված ուժեր ունենալը:
Անդրադառնալով հոգեբանական տեսանկյունին՝ պարոն Մելիքյանը վստահեցրեց՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այս կարգի ելույթների ազդեցությունը հայկական զինուժի վրա զրոյական է լինելու. «Այդուհանդերձ, անկախ այն բանից, թե ինչ է ասում Հասանովը, մեր զինված ուժերը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն պատերազմական գործողությունների վերսկսմանը»:
Հարցին՝ Ադրբեջանի կողմից հնչող նմանատիպ հայտարարությունները կապվա՞ծ են ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, Արման Մելիքյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ Ադրբեջանում կանխազգում են, որ առաջիկայում լուրջ խնդիրների առջեւ են կանգնելու հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում եւ փորձում են պատերազմի նախապատրաստել սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը»:

Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների եւ որոշ շրջանակներում հնչող մտահոգությունների մասին, թե կատարվածը հնարավոր է բացասական ազդեցություն ունենա այն առումով, որ Ադրբեջանն, այսպես ասած, օգտվի առիթից, ի վերջո, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս էր, Արման Մելիքյանն ասաց՝ Ադրբեջանում պետք է որ լավ իմանան՝ Արցախյան պատերազմից հետո անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների զինված ուժերի սպայակազմում սերնդափոխություն է տեղի ունեցել. մեր նոր հերոսներն իրենց ցույց տվեցին 2016-ի ապրիլյան քառօրյա ռազմագործողության ընթացքում՝՝ հակառակորդին պատճառելով հսկայական մարդկային կորուստներ. «Ի վերջո, համոզված եմ, որ Բաքվում հստակ գիտակցում են, որ իրենց դեմ ոչ թե առանձին հերոսներ են կռվում, այլ լավ պատրաստված բանակի հայրենասեր մարտիկներ, որոնցից յուրաքանչյուրը, ինչպես ցույց տվեց քառօրյայի փորձը, ունակ է հերոսանալ իրեն վստահված մարտական տեղամասում, այնտեղ, որտեղ իրավիճակն առավել թեժ է: Կմաղթեմ միայն, որպեսզի մեր քաղաքական ղեկավարությունն իր պահվածքով ու գործողություններով եւս համարժեք գտնվի՝ իրապես զորավիգ լինի հայ զինվորին»:

Նշենք, որ երեկ երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմից հնչող այսօրինակ հայտարարությունները, կարծիք էր հայտնել, թե դրանք տարիներ շարունակ նույնն են: Նրա խոսքից պարզ էր դառնում, որ հատուկ մտահոգվելու կարիք չկա: Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ իրոք իրավիճակը նո՞ւյնն է, թե՞, այնուամենայնիվ, իրողություն է փոխվել, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Իրավիճակը քաղաքական առումով է փոխվել, ու եթե պատերազմական գործողությունները վերսկսվեն, ապա Ադրբեջանի աջակիցների քանակը կարող է ավելին լինել, քան նախկինում է եղել:

Մենք մինչեւ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձեւավորումը պետք է ամեն րոպե պատրաստ լինենք նոր Սարդարապատի»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

22.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930