Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատժելու մարդ կա, թող պատժեն»․ Սամվել Բալասանյանը՝ իրեն պատկանող գարեջրի գործարանում հայտնաբերված չարաշահումների մասին

Հունիս 25,2018 10:03

Ինչպես հայտնի է, օրերս Պետական եկամուտների կոմիտեն, ուսումնասիրություններ կատարելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի-Գարեջուր» ընկերությունում, պարզել էր, որ այն պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ: Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ:

«Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից:

ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ», -նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս թեմայի շուրջ որոշակի պարզաբանումներ ներկայացրեց լրագրողներին։ Նա ասաց, որ նախապատմությունը սկսվում է 2016 թվականից, երբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել էր ստուգումներ, պարզապես այս մասին հիմա չի ուզում խոսել, որպեսզի չխանգարի հետաքննությանը։

«Մենք բոլորս, բոլորս պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի մեր հարկերն ու տուրքերը հավաքենք։ Սա սկզբունք է, առանց դրա հնարավոր չէ բյուջե ունենալ։ Եթե ինչ-որ խախտումներ կան, կպարզաբանեն և, բնականաբար, ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե, իհարկե, կա այդպիսի բան։ Ես չգիտեմ, ճիշտն ասած, ես չորս տարի «Գյումրի-Գարեջուր» չեմ մտել։ Եկեք ես մանրամասների մեջ չմտնեմ, որովհետև հետաքննություն է գնում, չխանգարենք։ Հիմա ամենակարևոր խնդիրը, իրականությունը, որը կա, բացահայտվի, դա սկսվել է 2016 թվականից; Եվ այդ ժամանակ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն էր, ոչ թե ՊԵԿ-ն էր»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Գյումրու քաղաքապետը ստուգումները բնական է համարում, ըստ նրա, ինքն էլ ամեն օր ծանուցում է տալիս քաղաքի բնակիչներին, որպեսզի հարկերն ու տուրքերը մուծեն․ ինչպես կարելի է հարկ չհավաքել ու կարողանան գոյատևել։

«Նույնը տնտեսությունն է, բյուջեն ո՞նց կազմենք։ Բյուջեն էդպես են կազմում, ի՞նչ կարևոր է, գարեջուրն է, չգիտեմ թեթև արդյունաբերությունն է, թե որն է, բոլորը պետք է մուծեն։ Կարող է ձևակերպումներ կան, խաղի այլ կանոն է եղել և այլն, որը չգիտեմ ինչ-որ տեղ տարբեր բաներ է առաջացրել, բայց հիմա, դա կապ չունի, կա օրենք, բոլորս պետք է ենթարկվենք ու մուծենք, սա իմ կարծիքն է»,-ասաց քաղաքապետը։

Մեր հացին՝ եթե հաստատվի, որ իրոք չարաշահումներ են կատարված, կփակե՞ք գործարանը, Գյումրիում նման խոսակցություններ են շրջանառվում, Սամվել Բալասանյանը պատասխանեց․ «Երբ որ վերջացավ, կհայտարարվի այդ ամենը։ «Գյումրի- Գարեջուրը» լուրջ հարկատու է, Շիրակի մարզում առաջին հարկատուն է, եթե չեմ սխալվում տարեկան 1,8-2 միլիարդ գումար է տալիս։ Այն գումարի չափն է, որով մենք սուբսիդիա ենք ստանում կենտրոնական բյուջեից մեր քաղաքի համար։ Այնպես որ գարեջուրը լուրջ ձեռնարկություն է, ճիշտն ասած աշխատողները ինձ մոտեցել, ասում են՝ ճի՞շտ է, որ ուզում են փակել, այսպիսի խոսակցությունները տրամաբանական չեն, որ միակ գործարանն է, աշխատում է, ուզում են փակել։ Այդպիսի տպավորություն թող չստանան, սովորական ստուգում է, սովորական։ Կուսումնասիրեն, կասեն, եթե պատժելու մարդ կա, պիտի պատժեն, եթե հարկը չեն մուծել, պիտի հարկը մուծեն, բոլորս պիտի անենք դա»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ խոսքը ձեր որդո՞ւն էլ է վերաբերում, Սամվել Բալասանյանն ասաց․ «Ի՞նչ կապ ունի, ի՞նչ է՝ իմ որդուն ասել եմ պիտի չմուծե՞ս, կարո՞ղ է պատահի որևէ մեկի մտքից անցնի այդպիսի բան, չի կարող այդպիսի բան լինել։ Մենք ազնիվ բիզնես աշխատող ենք եղել, մենք աղբակույտերի միջից ենք հանել, վեր հառնել այդ գործարանը, ոչ միայն դա, շատ գործարաններ»։

Սամվել Բալասանյանը ՊԵԿ-ի հրապարակումից անակնկալի չի եկել, նա նշում է, որ բոլոր տեղերում էլ ստուգումներ պետք է անցկացնեն։ Միայն թե հիշեցնում է, որ այս ամենը սկսվել է 2016 թվականից, ուղղակի չի խոսում հետաքննությանը չխանգարելու նպատակով։

Իսկ 2016 թվականին Արտակ Շաբոյանի գլխավորած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ստուգումներ անցկացնելով «Գյումրի-Գարեջուր» ընկերությունում, հայտարարել էր, որ այստեղ անիրատեսական ծախսեր ավելացնելու միջոցով գնային բարձրացում էին կատարել և փորձել էին նվազեցնել հարկային պարտավորությունները։

Հանձնաժողովը կենտրոնացել էր «Գյումրի-Գարեջուր» ընկերության տրանսպորտային ծախսերի վրա՝ խնդրահարույց համարելով այն, որ ընկերությունը իր սեփական մեքենաներն անհատույց տրամադրել է փոխկապակցված ընկերության և վերջինից վարձակալել է այդ նույն մեքենաները, ինչի արդյունքում տրանսպորտային տարեկան ծախսերը կազմել են 276 միլիոն դրամ։

«Պարզվել է նաև, որ ընկերությունը իր մի քանի նախկին աշխատակիցների, ինչպես նաև որոշ անհատ ձեռնարկատերերի պատվիրել է իրականացնել շուկայի վիճակագրական ուսումնասիրություն կամ մատուցել մարքետինգային ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է մինչև 29 մլն դրամի: Ընդ որում` այս ծառայությունների մատուցման վերաբերյալ որևէ փաստ կամ պատշաճ հաշվետվություն առկա չէ: Անիրատեսական ծախսերի ավելացման միջոցով «Գյումրի Գարեջուրը» փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները ։

Վերը նշված, ինչպես նաև մի շարք այլ բացահայտումներ, հիմք են տալիս եզրակացնելու, որ մարքեթինգային և տրանսպորտային ծախսերի անվան տակ «Գյումրի Գարեջուր» ընկերությունը արհեստական կերպով բարձրացրել է ծախսերը, ինչն էլ իր հերթին ազդել է վերջինիս եկամտաբերության վրա: Նմանատիպ ծախսեր ցույց տալու միջոցով ընկերությունը փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները»-եզրակացրել էր Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը՝ որոշելով ուսումնասիրման արդյունքներն ուղարկել ՊԵԿ՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

«Գյումրի-Գարեջուր» ընկերության ներկայացուցիչներն էլ, այն համարել էին պատվեր՝ մանրամասնելով, թե «շաբոյանատիպ բութ գործիքների» կիրառումը ինչ ծանր հետևանքներ կարող են ունենալ գործարար միջավայրի վրա։

Նրանք հետևյալ պատասխանն էին հրապարակել․

«Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակումների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով:

ՏՄՊՀ-ի կողմից իրականացվող և երեք տարիներ տևած ստուգումները հենց սկզբից պատվերի տպավորություն էին թողնում, իսկ վերջին հրապարակումը իսպառ փարատեց բոլոր կասկածները: «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ին վերագրվող «խախտումները» հիմնավորված չեն, ինչը մանրամասն պարզաբանվում է կից ներկայացված տեղեկանքով, սակայն ուզում ենք անդրադառնալ նաև հարցի բարոյական կողմին և հարցնել, թե նմանատիպ գործողությունները և շաբոյանատիպ բութ գործիքների կիրառումը ինչ հետևանքներ կարող են ունենալ գործարար միջավայրի և ներդրումային մթնոլորտի վրա:

Ավելին, ապրիլյան պատերազմի օրերին, երբ ողջ հայությունը, այդ թվում «Գյումրի -Գարեջուր» ընկերությունը, միավորվելով մեկ միասնական գաղափարի շուրջ, զբաղված էր զոհերով, վիրավորներով և ռազմաճակատի խնդիրներով, Շաբոյանի հիմնարկը 12 հոգանոց խմբով ստուգում էր իրականացնում մեր ընկերությունում՝ ապշեցնելով ընկերության հանրույթին իրենց սառնասրտությամբ:

«Գյումրի -Գարեջուր» ընկերությունը մեկն է այն մի քանի ընկերություններից, որոնք գյումրիակենտրոն են և ունեն համապետական սպառում, ինչպես նաև իրականացնում են արտահանման ծրագրեր, և ընկերությունը համարվում է մարզի ամենախոշոր հարկատուն ու գործատուն. հիշեցնենք, որ վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունը վճարել է վեց միլիարդից ավել հարկ:

Մամուլում նաև վարկած շրջանառվեց, որ Շաբոյանի այս վերջին սրացումները կապված են ԱԺ գալիք ընտրությունների հետ, և եթե այս ամենը ճիշտ է, ապա մեր ժողովուրդը պետք է հստակ ճանաչի այն ողորմելի մարդկանց, ովքեր մանդատի համար պատրաստ են մարզի և Գյումրու սոցիալ- տնտեսական վիճակին այդպիսի հարված հասցնել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930