Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

 «Նպատակս մեկն է` նվաճել բոլոր գոտիները». բռնցքամարտիկ Ռաֆայել Սիմոնյան

Հուլիս 12,2018 21:42

Այս օրերին Վանաձորում է գտնվում սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, աշխարհի առաջնության արծաթե, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆայել Սիմոնյանը: Ծնունդով վանաձորցի բռնցքամարտիկը բնակվում է Մոսկվայում, հայրենի քաղաք է վերադարձել հանգստանալու նպատակով:

2016 թվականի օլիմպիական խաղերից հետո, 91 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկը սիրողականից տեղափոխվել է պրոֆեսիոնալ ռինգ. «Նպատակս մեկն է` նվաճել բոլոր գոտիները: Առաջարկ ունեմ ԱՄՆ-ից, որպեսզի գոտու մենամարտից հետո գնամ Ամերիկա, այնտեղ շարունակեմ: Բայց դեռ չեմ որոշել` կգնա՞մ, թե՞ ոչ: Բայց եթե գնամ էլ, միանշանակ շարունակելու եմ ներկայանալ Հայաստանի դրոշի ներքո, եւ պետք է ներկայացնեմ Վանաձոր քաղաքը: Այստեղ եմ ծնվել, այստեղ եմ սկսել բռնցքամարտով զբաղվել»:

Գոտի նվաճելու համար առաջարկ է ստացել նաեւ սեպտեմբերին մենամարտել Ղազախստանում: Սակայն որոշում դեռ չեն կայացրել. «Հրավերը դեռ չենք ընդունել: Մի 2 շաբաթից պարզ կլինի` կմասնակցե՞մ, թե՞ ոչ: Պատճառն այն է, որ մենամարտելու եմ Ղազախստանում, իրենց երկիրը ներկայացնող մարզիկի հետ: Բացի այդ, բոլոր մրցավարները լինելու են Ղազախստանից, այդ իսկ պատճառով մեզ համար ռիսկային է, արժե՞ գնալ այնտեղ, թե՞ ոչ»,- ասում է բռնցքամարտիկը:

Ռաֆայելի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում հայ մարզիկների հաղթանակները: Ինքն էլ արդեն իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում միայն հաղթանակներ է գրանցել: Ունեցել է 5 մենամարտ, դրանցից 4-ը հաղթել է նոկաուտով: Իսկ մենամարտից առաջ պարտադիր ուսումնասիրում է հակառակորդի մարտավարական ոճը:

Այժմ բռանցքամարտիկը բնակվում է Մոսկվայում, սակայն մշտապես ներկայացնում է ՀՀ-ն ու Վանաձորը: Առաջարկներ եղել են, հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո, սակայն մշտապես մերժել է. «Եղել է առաջարկ, որպեսզի ներկայացնեմ Ռուսաստանը, բայց ես հրաժարվել եմ: Ճիշտ է, դրանից հետո մի քիչ խնդիրներ առաջացան, բայց ոչինչ: Ես միշտ պետք է ներկայանամ իմ դրոշի ներքո: Միշտ Հայաստանն եմ ներկայացրել, եւ շարունակելու եմ այդպես»,- ասում է չեմպիոնը:

Ռաֆայելը պրոֆեսիոնալ բռնցքամարտով կզբաղվի եւս մեկ տարի, որից հետո, կրկին կվերադառնա սիրողական ռինգ. «2019 թվականին նորից ուզում եմ վերադառնամ սիրողական բռնցքամարտին: Հետ կգամ Հայաստան,  որպեսզի մասնակցեմ օլիմպիական խաղերին: Հետո, երբ որ թիմը ձեւավորվի, կգնանք վարկանիշային մրցումների: Եվ եթե Աստծո կամքով հաջողվի վարկանիշ վերցնել, կգնամ Օլիմպիադա: Հետո նորից կզբաղվեմ պրոֆեսիոնալ բռնցքամարտով»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031