Լրահոս
Օրվա լրահոսը

Շոն Բեյքերը՝ կինոյում ուսումնասիրությունների եւ հայ գործընկերոջ մասին

Հուլիս 13,2018 17:22

ՀԲԸՄ-ում հուլիսի 13-ին հյուրընկալված ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի հետ հանդիպումը շատ ջերմ մթնոլորտում անցավ: Նա ասաց, որ ուրախ է լինել «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, Հայաստանի նման ջերմ երկրում ու հիասքանչ քաղաքում: Չմոռացավ շեշտել, որ «Ոսկե ծիրանի» գովքն անընդհատ արել է իր յոթ ֆիլմերում նկարահանված Կարեն Կարագուլյանը:

Ռեժիսորն ասաց, որ կինոյի հանդեպ սիրո համար մորն է պարտական, որը նրան տանում էր գրադարան, որտեղ էլ ինքը հնարավորություն է ունեցել փոքրիկ տեսահոլովակներ դիտել, տպավորվել: Ու վեց տարեկանում հայտարարել է, որ ցանկանում է կինո նկարել: Շոն Բեյքերը հիշում է, որ այդ ընթացքում քրոջն էլ էր «տանջում», ստիպում դերեր խաղալ, ու մինչ այժմ քույրն իր հետ համագործակցում է:

Ռեժիսորը նշեց, որ կինո է ուսանել Նյու Յորքի համալսարանում: Որպես ռեժիսոր միշտ ջանացել է հանդիսատեսին մոտեցնել իր հերոսներին: Դրա համար էլ ցանկացած ֆիլմ նկարելու համար նախ մանրակրկիտ ուսումնասիրություններ է իրականացրել: Օրինակ, «Մանդարին» ֆիլմի համար իր համահեղինակ սցենարիստի հետ ութ ամիս ուսումնասիրել է տրանսսեքսուալ մարմնավաճառներին:

Բեյքերը նշեց, որ մինչեւ Նյու Յորք գալը չէր հասցրել բացահայտել համաշխարհային կինոն, ուսումնառության տարիներին հնարավորություն է ունեցել ուսումնասիրել տարբեր ուղղություններ՝ կինոյում:

Հիշեց նաեւ իր՝ առաջին անգամ շվեյցարական փառատոնում պատահականորեն հայտնվելը. «Մատս տնկեցի ու որոշեցի, որ հենց այդտեղ պիտի գնամ, որովհետեւ այդտեղ է ծնվել ֆոնդյուն»:

Ռեժիսորը պատմում է, որ առաջին՝ «Չորստառանի բառերի» ֆիլմից հետո հիասթափված էր, բայց հույսը չէր կորցնում, որ մի օր լավ է լինելու: Նա հայտնեց, որ իր առաջին երեք ֆիլմերը բացառապես սեփական գումարով է նկարել:

Դարեն Դինի հետ նկարած «Բրոդվեյի արքայազնից» հետո հաջողությունը թակել է հազիվ ծայրը ծայրին հասցնող ռեժիսորի դռները, բազմաթիվ մրցանակներ ու ճանաչում է ստացել:

Ինչ վերաբերում է «Մանդարին» ֆիլմին, բացառիկ է նաեւ նրանով, որ ամբողջովին IPhone-ով է նկարահանված:

«Ֆլորիդա» նախագծի» համար Բեյքերը նկարահանումներ է կատարել Ուոլթ Դիսնեյի համաշխարհային հանգստավայրում և դրա շրջակայքում, իսկ Ֆիլմի միջազգային պրեմիերան կայացել է Կաննում: Այս ֆիլմը նաեւ «Ոսկե ծիրանի» շնորհիվ Հայաստան է եկել:

Շոն Բեյքերն ասում է, որ այսօր Հոլիվուդում հիմնականում այնպիսի ֆիլմեր են նկարվում, որոնցում կամ պայթյուն կա, կամ դրանք քաղաքական ֆիլմեր են, որոնք «թռչում» են մարդու դեմքին. «Անձամբ ես, շատ կուզենայի վերադառնալ 70-ականների նրբագեղություն»:

Անդրադարձ եղավ նաեւ դերասանների հետ նրա աշխատանքին: Բեյքերն ասաց, որ չի սիրում, երբ առաջին անգամ կինոյում նկարվողի մասին ասում են ոչ պրոֆեսիոնալ դերասան, փոխանակ ասելու՝ առաջին անգամ նկարահանվող դերասան. «Մարդիկ կարծում են, որ ոչ պրոֆեսիոնալը չպրոֆեսիոնալն է, մինչդեռ ոչ պրոֆեսիոնալը նա է, որը կինոյի հետ կապված հավակնություններ չունի, իսկ առաջին անգամ նկարվողը հաստատ նման հավակնություններ ունի…Ես սիրում եմ աշխատել առաջին անգամ նկարահանվող դերասանների հետ ու նրանց «խառնել» պրոֆեսիոնալների հետ, այդպես հետաքրքիր դինամիկա է ստացվում»:

Չնայած ճանաչմանը՝ Բեյքերն ասում է. «Ես դեռ մանուկ եմ կինոյում, այ Ուլրիխ Զայդլը վարպետ է, միշտ զարմանում եմ, թե ոնց է կարողանում այդպես նկարել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031