Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փանիկի գյուղապետի պահանջը Ռուսաստանի Դաշնությունից․ «Գույքահարկ մուծեք ձեր ծանր տեխնիկայի համար»

Հուլիս 20,2018 17:08

Ռուսական 102-րդ ռազմաբազայի գերծանր տեխնիկան, որն ամեն օր անցնում է Փանիկով,  քարուքանդ է արել գյուղի ճանապարհները։ Այս մասին ահազանգում է Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:

Ռազմաբազայի ծանր տեխնիկան Փանիկով տեղաշարժվում է դեպի Ալագյազի ուսումնառազմական բազա, որտեղ անցկացվում են ուսումնավարժանքներ։

Գյուղապետը պաշտոնական գրություններ է հղել թե՛ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, և թե՛ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին։

«Գրել եմ, որ մեր ասֆալտապատման շերտը չի կարող դիմանալ գերծանր 100 տոննանոց տեխնիկա տեղափոխելիս։  Իմ պահանջն է՝ եթե այդ տեխնիկան տեղափոխում են, ճանապարհը վերցնեն  միջպետական ճանապարհների ցանկում, որովհետև համայնքի բյուջեն այդ հնարավորությունը չունի վերանորոգելու։ Դեսպանը պատասխանել է, որ միջպետական պայմանագիր կա և ձեր երկիրն է պատասխանատու դրա համար»,-ասում է գյուղապետը:

«Կապի ու տրանսպորտի նախարարն էլ շաբլոն պատասխան է գրում։ Իրենք տպած ունեն իրենց մոտ պատասխանները, ասում ՝ համայնքի ճանապարհն է, և համայնքը պետք է շահագործի։ Ես դեմ չեմ, որ համայնքը շահագործի, բայց համայնքը կարող է շահագործել սովորական տեխնիկայի համար, գերծանր տեխնիկաների համար համայնքը ի վիճակի չէ շահագործելու և պաշտպանելու։ Դե էդ դեպքում Ռուսաստանի գերծանր տեխնիկաները թող գույքահարկ մուծեն համայնքի բյուջե, որպեսզի համայնքն էլ կարողանա էդ գույքահարկի հաշվին ճանապարհները վերանորոգի։ Օրական մինիմումը 50-100 տեխնիկա գնում է Արագած, հետ են գալիս, իսկ այդ ճանապարհները 2008 թվականին վերանորոգեցին և շատ անորակ ձևով։ Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, ինչքան հնարավոր է ես պահպանում եմ կենտրոնական ճանապարհները, փոսալցումներ եմ անում, բայց հաջորդ քայլին 100 տոննանոց տեխնիկաները՝ երկու տանկ բարձած, անցնում են,  դա իրենով մեկ արդեն ասֆալտը քայքայում է, ո՞վ պիտի պատասխան տա, համա՞յնքը։ Թող գույքահարկ մուծեն յուրաքանչյուր տեխնիկայի համար համայնքին, մենք էլ պատասխան տանք»,- դժգոհեց Վարդան Մակեյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ պաշտոնական այցով Գյումրի ժամանակ ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց այս նույն հարցը՝ ասելով․ «Ձեր տանկերը փչացնում են մեր փողոցները»։

Նա հիշեցրեց, որ նույնիսկ նամակ են հղել  ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին, որով Ռուսաստանի Դաշնությանը  խնդրել են իր միջոցներով վերանորոգել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրել ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայից։

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ևս պատրաստվում է այս թեմայով քննարկում ծավալել Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայի հրամանատարական կազմի հետ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց մարզպետը

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յօդուածի վերնագիրը շեշտը դնում է այլ, երեւի երկրոդ կարգի կէտի մը վրայ:

    Քաղաքապետին պահանջքը, առաջին հերթին, փաստօրէն ուղղուած է Հայաստանի կառավարութեան: Եւ այս գետնի վրայ, տեսականօրէն իրաւացի է, քանզի Հայաստանի Պետութիւնը այս կամ այն ձեւով, ուղղակիօրէն կամ անուղղակիորէն, նիւթական եւ ոչ-նիւթական առումներով, օգուտ կամ փոխհատուցում ստանում է Ռուսաստանից, ի միջի այլոց, այդ ռազմաբազային համար: Կարելի է նոյնիսկ առարկել որ այս ռազմաբազայի գոյութիւնը ինքնին արդէն, Ռուսաստանի նկատմամբ պարտատու կը դարձնէ Հայաստանը, սկսեալ այս սահմանամերձ գիւղից:

    Թէ որ Հայաստանում ոմանց կրքոտ տենչանքն է որ այդ ռազմաբազան փակուի, այդ ել երեւի իրենց իրաւունքն է: Քանզի Սահմանադրութիւնը տարրական երախտագիտութեան պարտադրանք չի հաստատեր, եւ ինքնասպանութիւնն ել Օրէնքի դէմ չէ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031