Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեֆի ժամանակ Վազգենը մեզ ասաց՝ տղերք, ձեզ խորհուրդ կտամ ոչ մի կուսակցություն չմտնեք, քաղաքականությունը ձեր բանը չի». Մանվել Ղազարյան

Հուլիս 23,2018 21:44

«Վեդի Ալկոյի» սեփականատեր, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը երկարատեւ «լռությունից» հետո Aravot.am-ի հետ զրույցում իր գնահատականները տվեց նախկին իշխանության սխալների, գործարարների նկատմամբ նրանց դրսեւորած խտրական վերաբերմունքի եւ նոր իրողությունների մասին:

Թե ինչու է երկար տարիներ լռել՝ այսպես բացատրեց. «Եթե պետք է մի բան ասես ու քեզ լսող չլինի, գոնե դու պետք է գնահատես քո խոսքի արժեքն ու լռես: Ես այդ մոտեցումն էի ընտրել ու գտնում եմ, որ շատ ճիշտ էի արել: Հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց շատ լուրջ խնդիր է եղել, ինձ դիմել են, ասել են՝ Մանվել, բա դու բան չունե՞ս ասելու, ասել եմ՝ ունեմ, շատ լուրջ խնդիր եմ բարձրացրել, հիմա այս տարի նորից այդ խնդիրը կա, անցյալ տարի էլ կար: Սրանից մի 8 տարի առաջ այդ հարցը բարձրացրել եմ, ասել եմ՝ գյուղատնտեսական աշխատանքների ամենապիկ ժամանակ՝ հուլիս ամսին ամեն տարի Արարատյան դաշտավայրի ջուրը 20-25 օրով, մի ամսով, 15 օրով կորում է: Թե ուր է կորում՝ չգիտես ու էդ կորչելը մեր երկրի վրա նստում է տասնյակ հազարավոր տոննա բերքի կորուստ՝ կլինի հացահատիկ, լոլիկ, դեղձ, խաղող: Մարդիկ հելան ու գնացին, ոչ մի պատասխան չտվեցին: Շատ բարձրաստիճան մարդիկ էին: Իրենք ինձ հարցրել էին՝ Մանվել, ասելու բան չունե՞ս, ասեցի իմ ասելիքը, հելան ու գնացին: Հետո կողքից իմ ընկերներն ինձ ասում են՝ բա քեզ պե՞տք էր, ինչի՞ խոսացիր: Ասում եմ՝ ինձ հարցրեցին, ասեցի այն, ինչ կա: Այսինքն, այնպես չի, որ ես ընդհանրապես չեմ խոսել: Ես աշխատել եմ: Եթե տեսնում ես, որ քո խոսքը չեն լսում կամ լսելիս էլ չեն պատասխանում, ավելի լավ է չխոսես, ինչի՞ խոսես»:

Հիշեցնենք, որ Մանվել Ղազարյանը 3 անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել: Իր խոսքով՝ «Մշտապես եղել եմ ՀՀԿ-ի թիմի հետ եւ մշտապես եղել եմ անկուսակցական: Վազգեն Սարգսյանն էլ ինձ չի համոզել կամ պարտադրել, որ դառնամ կուսակցական, Մարգարյան Անդրանիկն էլ: Չէի ուզում կուսակցական դառնալ: 91-ին մի անգամ, երբ մեր ջոկատը վերադարձել էր Ղարաբաղից, վերադարձի քեֆի ժամանակ Վազգենը մեզ ասեց՝ տղերք, ձեզ խորհուրդ կտամ ոչ մի կուսակցություն չմտնեք: Ասեց՝ քաղաքականությունը ձեր բանը չի, դուք ավելի լավ է պայքարում եք ձեր հայրենիքի համար, մնաք ավելի մաքուր, ավելի անբասիր, ավելի անկեղծ, ավելի նվիրված կլինեք հայրենիքին, քան որեւէ կուսակցության անդամ դառնալով»:

Հարցին՝ բա ինչո՞ւ մտաք քաղաքականություն՝ նա պատասխանեց. «Քաղաքականություն մտնելը չի նշանակում անպայման ինչ-որ…դրանից առաջ էլ էինք մենք մտել քաղաքականություն: Երբ որ մենք զինվորություն էինք անում, նաեւ խոսում էինք քաղաքական հարցերից, Ղարաբաղի հարցը ոնց կլինի: Այն ժամանակ ոչ Շուշին էինք ազատագրել, ոչ Լաչինի միջանցքը կար, շատ ավելի ծանր էր Ղարաբաղի վիճակը: Ես ասում էի՝ տղերք, բերեք մենք էդ թեմաներից չխոսենք, մենք զինվորություն ենք անում, մենք մեր գործն անենք, քաղաքական գործիչները թող քաղաքականությամբ զբաղվեն, զինվորի նվաճումն ամրագրեն, հետո, երբ չկարողանան, մենք կգնանք իրենց տեղը: Կյանքը աստիճանաբար բերեց հասցրեց այն աստիճանի, որ տեսանք՝ իրոք, արդեն եկել է, որ դու պետք է քայլ առաջ անես: Միջավայրը նաեւ շատ օժանդակում էր ինձ, տեսնում էր, որ ես առաջ պետք է գնամ՝ ԱԺ, կառավարություն եւ այլն»:

Մեր հարցին՝ կյա՞նքը այդպես ստիպեց, ինչպես ասում եք, թե՞ տնտեսական միջավայրը ՀՀ-ում այնպիսին էր, քաղաքականությունն այնպես էր վարվում, որ գործարարները պիտի տանիք գտնեին անպայման՝ Մանվել Ղազարյանը պատասխանեց. «Չէ, 99-ին, նաեւ 2003-ին ես համարում եմ, որ շատ ճիշտ էր գործարար պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում: Հիմա էլ շատ մարդիկ կան, որ կյանքը ընդամենը կա՛մ աշխատասենյակի պատուհանից են տեսել, կա՛մ իրենց առանձնատան պատուհանից են տեսել, ոչ մի բան չեն պատկերացնում արտադրությունում, տնտեսությունում, տնտեսական դաշտում, շատերը՝ նաեւ մարդկային հարաբերություններում ու մի հատ ցուցակով դառնում են պատգամավոր, գնում են, սկսում են ինչ-որ օրենքներ գրել կամ օրենքներ հաստատել: Մենք մինչեւ 2003-ը շատ մեծ ծավալի աշխատանք ենք տարել օրենսդրական դաշտում: Հարկային-արտադրող փոխհարաբերությունները ավելի ջերմ էին, շատ ավելի փոխադարձ վստահություն կար, քան վերջին 10-15 տարիներին՝ հարձակվենք ու բռնենք, ինչի՞ համար, ո՞ւմ եք բռնում: Մի կողմը թալան է անում, էն մյուս կողմին անընդհատ բռնում ու պատժում են, ինչի՞ համար»:

Մանվել Ղազարյանը վստահեցրեց, որ բացարձակ նշանակություն չի ունեցել, որ ինքը ՀՀԿ-ից է եղել, անընդհատ իր ընկերությունում ստուգումների են գնացել. «Այնտեղ էլ յուրայինների մեջ «ոչ յուրային» եմ եղել»: Մենք ճշտեցինք՝ դա՝ Մարտի 1-ից հետո՞, երբ միացավ «7-ի փաստաթղթին»՝ նա պատասխանեց. «Չէ, ինչի՞, Մարտի 1-ից առաջ էլ: Ես ժամանակ է եղել, որ անխնա քննադատել եմ մեր թիմակից իշխանավոր չինովնիկներից, մարդկանց դուրը չի եկել, սկսել են տարբեր լծակներով նաեւ իրենք ինձ արդեն…փորձել են ինչ-որ բաներ գտնել»:

Մանվել Ղազարյանը վստահեցրեց, որ ինքը երբեւէ իշխանական «կերակրատաշտին» մոտ չի եղել, չի օգտվել: Մեր հարցին՝ եթե «այդ տանիքը» չի օգտագործում գործարարը, չի օգտվում, ինչո՞ւ է պետք գնալ ԱԺ, չէ՞ որ գործարարը պետք է զբաղվի գործարարությամբ՝ նա պատասխանեց. «Առաջին 2 անգամ, որ ես ընտրվեցի, իմաստ կար, բայց 3-րդ անգամ գտնում եմ, որ իմաստ չկար: Ես ինքս էլ հետո փոշմանել էի, որ 3-րդ անգամ ընտրվել էի ԱԺ պատգամավոր: Գիտեք, պահեր կան, որ դառնում է սկզբունքի հարց, նաեւ երբեմն ամբիցիաների խնդիր: Ասում են՝ եթե մարդը 10 մետր բարձրությունից ընկնում է ու չի վնասվում, դա ի՞նչ է՝ պատահականություն, երկրորդ անգամ ի՞նչ է, ասում են՝ զուգադիպություն է, բա երրորդ անգամ ի՞նչ է, ասում են՝ երրորդ անգամ արդեն խասյաթ է դարձել: Հիմա այնտեղ էլ ինչ-որ բաներ կան, որ հետո մտածում ես, որ իրոք, կարող է ամբիցիա էր, կարող է մրցակցության խնդիր էր քո ու դիմացինիդ միջեւ, թե ով կհաղթի: Կամ, ասենք, 2007-ին, ես որ ընտրվեցի, մրցակիցս հեչ ԱԺ գալու բան չէր, էլի, որ մտածեի՝ լավ: Եթե մի արժանավոր մտավորական լիներ՝ վստահ կթողնեի դաշտը, կասեի թող ինքը ընտրվի, գնա, բայց թողնելու բան չէր, էս երկրի համար ոչ մի բան չարած մեկը, ինչ-որ մի բախտախնդիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. https://geheniaraqelblog.wordpress.com/2017/08/21/քաղաքականությամբ-չի-կարելի-զբաղվել/ «Այնտեղ որտեղ ճնշում կա, կլինեն նաեւ վախկոտությունն, ամբարտավանությունն ու զազրախոսությունը։ Մարդը կարիք ունի ազատության որպեսզի հասկանա ազատության օգտակարությունը »: Րաֆֆի

    « Ազատամարտիկը քաղաքականությամբ չպետք է զբաղվի »: Այս բառակապակցությունը բոլորին է ծանոթ, սակայն շատերը չգիտեն, որ Էշացման գործընթացը սկսվում է հենց այսպես՝ Բռնապետության սկիզբը դարձավ հենց այս կարգախոսը: Առհասարակ, բոլոր բռնակալներն էլ այսպես են հաստատում իրենց բռնապետությունը: : Պատահական չէ, որ Հայաստանի երեք նախագահներն այս կարգախոսով հաստատեցին իրենց իշխանությունը, ոչնչացրեցին բոլոր մրցակիցներին, իրենց դեմ արդարացի պայքարի դուրս եկած մարդկանց: Հիշեք ոչ վաղ անցյալի պատմական դեպքերը, թե ինչպես Վազգեն Սարգսյանը ազատամարտիկներին արգելեց քաղաքականությամբ զբաղվել, որից հետո գործի դրվեց ԿԳԲ- ի զտիչ մեքենան, սկսեցին դավադրաբար ոչնչացնել Մովսես Գեորգիսյանի ու Մոնթեի պես հերոսներին, ԿԳԲ- ի կառափնարաններում մինչև օրս ոչնչացնում են հարյուրավոր գաղափարի մարտիկների: Պատահական չէր Վազգեն Սարգսյանի արտահայտած միտքը, որ «Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում »

  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊԱՐՈՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

    Սույն թվի սեպտեմբերի լուրյ 26-ին ՀՀ նախագահի աշխատավայրից հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Սարգպանը մյուս ուժային նախարարների ներկայությամբ արեց մի հայտարարություն, ըստ որի՛ եթե նույնիսկ ընդդիմությունը ունենար 100% ձայն, միեւնոււն է, սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո իրենք թույլ չեն տա, որ իշխանությունը անցնի ընդդիմությանը Ըստ երեւույթին ստեղծվելիք այս իրադրությունը հաշվարկված էր նախագահ Լեւոն Տեր Պետրոսյսւնի կողմից, երբ իր նախընտրական ելույթներում անընդհատ ակնարկում էր. թե ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի կունենան եղբայրական կռիվներ, եւ Իր խոսքը զուգակցում էր ռազմական մկանների ցուցադրումներով։

    Նախագահ Տեր-Պետրոսյանի եւ Ձէր, պարոն գլխավոր դատախազ, լռությունը պաշտպանության նախարարի վերոհիշյալ հայտարարության եւ սեպտեմբերի 25-ի դեպքերի ժամանակ այդ նույն նախարարի սանձարձակ պահվածքի վերաբերյալ ենթադրել են տափս, որ Հայաստանում ուժային նախարարները գրավում են առաջնակարգ դիրք, եւ նախագահը, Ազգային ժողովը, ինչպես նաեւ մյուս իշխանությունները գտնվում են ուժային նախարարությունների թելադրանքի ներքո։ Սույն հանգամանքը խորապես անհանգստացնում է մեզ եւ համակում է մտահոգությամբ մեր հանրապետության՝ որպես ժողովրդավարական, իրավական պետություն կառուցող երկրի ընթանալիք ուղու նկատմամբ։

    Պահանջում ենք, որ Դուք՝ որպես ՀՀ գլխավոր դատախազ, պաշտպանության նախարարի վերոհիշյալ հայտարարությանը տաք Ձեր գնահատականը եւ ձեռք առնեք համապատասխան գործողություններ։

    ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ բանաստեղծուհի, ակադեմիկոս

    ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՑԱՆ գրող, Երգահան-երգիչ

    ՍԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Հճն ակադեմիկոս,

    Սիջագգային ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

    ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՋՄԲԵԿՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

    ՄԵԼԻՔ ԱԴԱՄՅԱՆ Ֆ․ ԵՊՀ դոցենտ

    ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ գրող

    ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ երգիչ

    ՏԱՐԻԵԼ ՂԱՋՈՅԱՆ մանկ․ գիտ․ թեկնածու դոցենտ,

    ԲԵԼԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կոզակ — կենս, գիտ, դոկտոր

    ՌՈԲԵՐՏ ԴԱՇՏՈՅԱՆ ՀՊՃՀ դասախոս

    ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆ նկարիչ

    ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ գրող

    ԿԱՐԻՆե ԴԱՆՒԵԼՅԱՆ միջազգային Էկոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս

    ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ նկարիչ

    https://geheniaraqel.com/2020/01/21/մտավորականների-բաց-նամակը-հհ-դատախազ/

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031