Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Ղազարյանը պատմում է, թե ինչպես է գեներալ Մանվելի ավտոպարկը տեսնելով՝ ուզել իր «Վոլգան» նվիրել նրան

Հուլիս 23,2018 23:33

«Վեդի Ալկոյի» սեփականատեր, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը արցախյան ազատամարտի մասնակից է, երկրապահ, ուստի Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակի, Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումների մասին, նաեւ այն առաջարկների, որ ԵԿՄ-ի անունը պետք է փոխել, քանի որ հեղինակազրկված է: Նա պատասխանեց. «Անկախ այն ամենից, թե ես տարեկան քանի անգամ եմ ԵԿՄ շենք մտել կամ չեմ մտել, բայց ես համարում եմ, որ դա մեր բոլորիս տունն է: բոլոր այն մարդկանց, որոնք ժամանակին իրենց բանուգործը թողած՝ զբաղվել են հայրենիքի պաշտպանության խնդրով՝ իրենց կյանքը նվիրաբերելով հայրենիքին, բոլոր այդ մարդկանց համար այդ տարածքը նաեւ տուն է: Իհարկե, շատ ափսոսում եմ, ցավ եմ ապրում, որ գեներալ Մանվելի հետ կապված այդ բացահայտումները եղան, շատ վիրավորական, շատ ցավալի են, բայց ես այստեղ տեսնում եմ ոչ թե որ այդ պահածոները, երեխեքի գրած նամակներով ծանրոցները Մանվելը գողացել է, ես այստեղ ավելի շատ տեսնում եմ անտարբերություն, անփութություն, հիմարություն, անշնորհքություն: Եթե սրանք Մանվելն օգտագործեր, ուրեմն 2 տարվա ընթացքում պետք է վաղուց օգտագործած լիներ, չէ՞: Այդտեղ ավելի շատ անտերություն ու անփութություն է, որ այդ պահածոները, ծանրոցները այդքան ժամանակ մնացել էին այդ պահեստներում»:

Մեր դիտարկմանը, որ արջերին կեր էր՝ նա պատասխանեց. «Արջերն էլ արդեն պետք է կերած, վերջացրած լինեին, չէ՞, եթե արջերի կերակրման համար էր: Կամ ի՞նչ գործ ունեին այդ ծանրոցները ԵԿՄ-ում, սկսենք այդտեղից, ինչի՞ էին դրանք գնացել ԵԿՄ: Պետությունն ի՞նչ էր անում, բա պետության գործառույթները ո՞րն էին, այսինքն, մարդկանց հնարավորություն ես տալիս նաեւ այդ ճանապարհով հանցագո՞րծ դառնալու: Եթե օգնությունը բաժանում են տարբեր կազմակերպություններ, արդեն պետությունը մեծացնում է հնարավորությունը թալան ասեմ, գողություն, կոռուպցիա, չարաշահում ասեմ: Դրա համար պետք է ավելի կազմակերպած գործեին, որ չգնար հասներ որեւէ մեկի կամ մի կազմակերպության ամբարները»:

Հարցին՝ բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ Արցախի հերոսը կարող է այդ կարգի՝ զինվորի բաժինը, շապիկները, զուգարանի թղթերը, այդ ամենը լցնել իր պահեստները՝ Մանվել Ղազարյանը պատասխանեց. «Ինքը երեւի կխոսի, բացատրություն կտա: Ես չեմ ուզում գեներալ Մանվելի պաշտպանի դերը ստանձնել: Այդ կառույցի անդամը լինելով, ցավ զգալով՝ փորձում եմ ինչ-որ տեղ իմ մեջ ձեւ գտնել, թե ոնց արդարացնենք…Այդքան ծանրոցներն ի՞նչ էին անում, եթե դրանք օգտագործվեին, վաղուց օգտագործած վերջացած պիտի լինեին, ուրեմն չեն օգտագործել, սկի այդ դուռը երեւի չի էլ բացվել այդ 2 տարիների ընթացքում, հո էդ մարդիկ հիմար չէին կամ քար չէին, որ տեսնեին երեխեքի ձեռքով պատրաստված ծանրոցները, վրան էլ նամակները փակցրած…նրանք կա՛մ պետք է այդ նամակները ոչնչացնեին, կամ պետք է ուտեին, կամ ուղարկեին դիրքեր: Ես ուրիշ ձեւ չեմ պատկերացնում: Լավ, վախ չունեի՞ն, որ աշխատողներից մեկը այդ նամակով ծանրոցը կարող է վերցնի տանի իրենց տուն, գողանա ու հարեւանը տեսնի, մի լրագրող տեսնի ու էլի այս նույն խայտառակությունը դառնա: Դրանց ժամկետը պիտի ավարտված լինեին՝ քաղցրավենիքներ էին, լավ, նամակնե՞րն էլ էին արջերին կեր տալու, լրիվ անտրամաբանական է»:

Հարցին՝այդ դեպքում շտապօգնության մեքենա՞ն ոնց էր հայտնվել այնտեղ կամ իր ավտոպարկի մասին ի՞նչ կասեք՝ Մանվել Ղազարյանը պատասխանեց. «Ռուսաստանի քաղաքներից մեկի հայ համայնքը բավականին մեծ գումար էր հավաքել, մոտ 10 մեքենա էին առել, մեքենան կալոնայով բերեցին ապրիլյան դեպքերից հետո, բայց տաք ժամանակ, դեռեւս չէին սառել, ինձ զանգ են տալիս, ասում են, որ այդ մեքենաներից մեկը քեզ տանք: Ասեցի՝ ինձ պետք չի: Ինձ՝ նկատի ունեմ մեր ջոկատին: Ասի՝ ինձ պետք չի, եթե մեր ջոկատին մեքենա պետք լինի, մենք մեր համար կարանք գնենք: Խնդրեցի այդ մեքենան, տարան տվեցին Ասկերանի ազատամարտի վետերանների միությանը: Այդ նույն ձեւի հիմա կարող է մենք վերցրած լինեինք մեքենան, հետո խուզարկությունների արդյունքում պարզվեր, որ մենք էլ այդպես մեքենա ունենք, բայց այդ մեքենան սրտանց տվել են մեր ընկերները, ցանկացել էին տալ: Սոչիի հայ համայնքն էր: Մենք հրաժարվեցինք, հիմա այդ մեքենան Ասկերանում ավելի շատ գործ կանի, քան մեր մոտ մի տեղ կանգնացրած կլիներ…Ուզում եմ ասել ցանկացած երկրապահ ջոկատ կարող է նման մեքենա ունենա, որովհետեւ այդ մեքենան ուշ թե շուտ ծառայելու է իր նպատակին»:

Մանվել Ղազարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի անձնական ավտոպարկը անձամբ տեսել է մի քանի տարի առաջ. «Հին «Զապորոժեց»-ներ, «Մոսկվիչ»-ներ, «Վոլգա»-ներ, այդտեղ ընդհանրապես ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, ոչ էլ ինչ-որ մեղք եմ տեսնում: Ես այդ օրերին ունեի մի հատ Վոլգա, ուզում էի դա նվիրել իրեն, երբ իր պարկը տեսա, հետո իմ մեջ մտածելով՝ ասեցի դե լավ, չվռազեմ: Այդ մեքենան տվեցի մեկ ուրիշ ընկերոջս…Կարայի ես էլ մի մեքենա նվեր տված լինեի Մանվելին՝ տեսնելով, որ էդ մարդը թուլություն ունի»: Ավելի ուշ գործարարը պարզել է, որ ընկերոջը փող է պետք եղել ու իր նվիրած Վոլգան վաճառել է, ընդ որում՝ կես գնով:

Ըստ Մանվել Ղազարյանի, եթե ազատագրական պայքարը չլիներ, գուցե Մանվել Գրիգորյանը ինչ-որ տեղ «մաքսիմում պահեստապետ» լիներ, կամ վարորդ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Ոչինչ չհամոզեցիր իմ լավ ընկեր

  2. Ruben says:

    Հարցեր ճշգրտելու համար՝.
    1. Մանվել Ղազարյանը ո՞ր «Վեդի Ալկոյի» սեփականատերն է՝ ՓԲԸ-ի, թե՞ ՍՊԸ-ի:
    2. Մանվել Ղազարյանը սեփականատե՞րն է, թե՞ տնօրենը, թե՞ գործադիր տնօրենը:
    Վազգեն Սարգսյանի եւ նրա եղբայրների դերը «Վեդի Ալկոյում» հիմնադրման (1994թ.) օրից:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031