Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Փաշինյանը Չինաստանի դեսպանին բացատրեց ծառ տնկելու նրբությունը եւ սելֆիներ արեց. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 22,2018 18:40

Այսօր հայ-չինական բարեկամության դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր ելույթում հիշատակեց ՀՀ քաղաքացիներին սպասարկող Չինաստանի դրոշով ավտոբուսների, շտապօգնության մեքենաների մասին, խոսեց կրթության կարեւորության, հայ-չինական հարաբերություններից: Նա հիշեցրեց հայտնի ասացվածքը՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես:

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Էրլունն էլ իր խոսքում չինացիների հայտնի խոսքը մեջբերեց՝ «Չինացիներն ասում են՝ ծառ աճեցնելու համար պահանջվում է տասը տարի, մարդ կրթելու համար՝ հարյուր»:

Նիկոլ Փաշինյանին եւ ներկաներին դուր եկավ այն, որ Չինաստանի դեսպանն իր խոսքում մի քանի հայերեն բառ օգտագործեց, բայց առավել զարմացրեց նրա արտաբերած «չնաշխարհիկ» բառը. «Հայերենում կա մի բառ՝ չնաշխարհիկ, որը բառացիորեն թարգմանվում է որպես «Չինաստան աշխարհից» եւ նշանակում հիասքանչ: Հուսով եմ, որ հայ-չինական բարեկամության դպրոցը կդառնա իսկապես չնաշխարհիկ»:

Դեսպանն ու ՀՀ վարչապետը դպրոցի բակում խորհրդանշական երկու ծառ տնկեցին: Փաշինյանը դեսպանին կարծես սովորեցնում էր, թե ինչպես պետք է ծառը տնկել, ինչ անել, որ տնկին կպչի հողին: Նա անմիջապես բահն առավ ձեռքը եւ անցավ գործի: Չինաստանի դեսպանն ասաց. «Կարծում եմ, սա կլինի ե՛ւ ծառ, ե՛ւ հայ-չինական բարեկամության խորհրդանիշ, կխորհրդանշի մեր ընկերությունը»:

Բացման արարողությունից հետո դպրոցի աշխատակազմն ու աշակերտները խնդրեցին, որ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվեն: Վարչապետը լուսանկարվելուց հետո սկսեց սելֆիներ անել ու հրավիրեց նաեւ դեսպանին, իսկ իր հետ լուսանկարվողներին տեղեկացրեց. «Երեխեք, մեր կայքում նկարը դրված է լինելու, կքաշեք»:

Ավելի ուշ, երբ լրագրողներին հարցազրույց էր տալիս, մի մանկահասակ երեխա մոր գրկում սկսեց ձեռքը բռունցք արած վանկարկել՝ «Նի-կոլ Փաշինյա՛ն, Նի-կո՛լ, Փաշինյա՛ն»:

«Վայ մռո՜ւթ», – արձագանքեց վարչապետն ու համբուրեց երեխայի ձեռքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031