Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը` հաղթած աշակերտներին. «Հայաստանում հաջողության բանաձեւը փոխվել է, յուրաքանչյուրի հաջողությունը կախված է իրենից»

Օգոստոս 31,2018 17:06

Գիտելիքի օրվա նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու 2018» եւ «Մեղու 2017» մրցույթների, միջազգային օլիմպիադաների հաղթողներին: «Մեղու» հայերենի մրցույթին ընդհանուր թվով մասնակցել է 38743 դպրոցական ՀՀ եւ Արցախի 991 դպրոցներին, իսկ 2018 թ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին` 43941 դպրոցական:

Վարչապետը կարեւորեց կրթության դերը եւ ասաց, թե ինչու է մրցանակների ու նվերների հանձնումը նման հանդիսավորությամբ կազմակերպվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նա նաեւ ասաց, որ այսօրվա Հայաստանում հաջողության բանաձեւը փոխվել է, եթե անցյալում հաջողության հասնելու համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ, թիկունք, հմտություններ, որոնք կապված չէին կրթության հետ, ապա այսօր յուրաքանչյուրի հաջողությունը կախված է հենց իրենից:

Aravot.am-ը զրուցեց մրցանակակիրներից մի քանիսի հետ: «Քվանտ» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտը, որ Խալաթյան ներկայացավ, «Կենգուրու» մրցույթում հաղթել է եւ որպես մրցանակ ստացել է ճանապարհորդություն` Բուլղարիա մեկ շաբաթով: Նա ասում է, որ հետաքրքիր կլինի ծանոթանալ այլազգի հասակակիցների հետ, նոր ընկերներ ձեռք բերել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Էջմիածնից Մարիամ անունով աշակերտուհին իրենց մարզում առաջին տեղն է զբաղեցրել «Մեղու» մրցույթում եւ ստացել է 107 միավոր: Նա էլ հայտնեց, որ որոշել է տնտեսագիտական համալսարան ընդունվել, քանի որ հաշվապահություն ու թվեր շատ է սիրում:

8-րդ դասարանցի Հայկուհին Արագածոտնի մարզում առաջին տեղն է գրավել 112 միավորով: Ասում է՝ հիշարժան օր էր, որովհետեւ ստացել է պատվոգիր, նվերներ, համապատասխան գրառումով պայուսակ: «Մեղուի» հաղթողը որոշել է հետագայում դերասանուհի կամ ռեժիսոր դառնալ:

Աբովյանցի փոքրիկը, որ Դավիթ Զաքարյան ներկայացավ, ոսկե մեդալ է ստացել վարչապետի ձեռքից: Նա էլ հաղթել էր «Կենգուրու» մրցույթում: Դավիթն ասաց, որ հետագայում ճարտարապետ է դառնալու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իրենց դպրոցի շրջանավարտների մշտական հաջողություններից` ասաց. «Ֆիզմաթ դպրոցն ունի ավանդույթներ, ձեւավորվել է լավագույն մանկավարժների կոլեկտիվ, որոնք այդ գործը շարունակում են: Փառք ու պատիվ մեր մանկավարժներին, որ կարողանում են շարունակել, քարը քարի վրա դնելով լավագույն արդյունքներ արձանագրել: Մենք համահունչ քայլում ենք միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններին, հետեւաբար արձանագրում ենք լավագույն արդյունքներ»:

Հարցրինք, թե վերջին 5 տարում քանի մրցանակ են բերել իրեն սաները: «Մենք մասնակցում ենք նաեւ այլ օլիմպիադաների, որոնք չեն արձանագրում, եւ դրանց հաղթող երեխաներն այսօր չներկայացան այստեղ: Օրինակ, պարբերաբար ամեն տարի Ալմա Աթայում անցկացվող Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային, որտեղ մեր սաները ամեն տարի առնվազն 10 մեդալի են արժանանում, կամ Կովկասյան երկրների օլիմպիադա կա, որը ՌԴ-ն է կազմակերպում Մայկոպում, եւ այդտեղ էլ մասնակցում ենք 4 երեխաներով ու մշտապես հաջողություն ենք գրանցում:

Վաղը Երեւանի թիմը մեկնելու է մեծ քաղաքների մրցաշարին, որը երրորդ տարին է՝ կազմակերպում է Մոսկվան,: Հայաստանից մասնակցում է 8 աշակերտ, որից 6-ը մեր դպրոցի սաներն են: Համոզված եմ, որ նրանց մեծ մասը վերադառնալու է մեդալներով: Եվ եթե այդ բոլորը հաշվենք, 100-ից ավելի է ստացվում 5 տարիների ընթացքում, ու առյուծի բաժինը ֆիզմաթ դպրոցին է պատկանում»,-ասաց պարոն Նավասարդյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031