«Մենք հարգում ենք օրենքը, մենք մեր պաստառները կփակցնենք այսօր ժամը 24.00-ից հետո»,- Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակի ասուլիսին հայտարարեց ԲՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ ասուլիսին մասնակցում էին նաև մի շարք երկրներից ժամանած քաղաքապետեր. օրինակ՝ 22 միլիոնանոց Ջակարտայի քաղաքապետը:
ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Արման Աբովյանը նշեց, որ ստորագրվել է հուշագիր քաղաքապետերի հետ, և նրանք պարտավորություն են վերցրել ոչ միայն աջակցելու խորհուրդներով, այլև կոնկրետ հստակ ֆինանսական հստակություն: Արման Աբովյանը վստահեցրեց՝ իրենք գալիս են ապահովելու Երևան քաղաքի համաչափ զարգացման ծրագիրը. «Մենք նպատակ չունենք ոչ մեկի հաշվին ինքնահաստատվելու և սևացնելու: Մենք ուզում ենք անել այնպես, որ այս քաղաքից էլ ոչ մեկ չգնա»:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական պաստառներն արդեն փակցված են, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Դրան պետք է արձագանքի ԿԸՀ-ն: Դուք հրաշալի հնարավորություն ունեք այդ հարցով դիմել պարոն Տիգրան Մուկուչյանին: Մենք այսօր ժամը 24.00-ից հետո պաստառներ կփակցնենք, մենք դեռ չենք փակցրել մեր պաստառները. հարգում ենք օրենքը»:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց՝ ԲՀԿ-ն իր քարոզարշավը կսկսի վաղը ժամը 12.00-ին՝ Նուբարաշենի եկեղեցու մոտակայքից:
Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ այս անգամ երևանցու քվեն չի աղճատվելու. «Եթե որևէ մեկ այլ քաղաքական ուժի վստահություն տա երևանցին, լինելու եմ առաջին մարդը, որ բացելու է այդ նախընտրական շտաբի դուռը, շնորհավորելու, որ նոր իշխանությունը հաջողի»:
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Պետրոս Ղազարյանը մտավախություն հայտնեց, որ որոշ քաղաքական ուժեր չեն ցանկանա մասնակցել դեբատներին, մինչդեռ դա պետք է երևանցիներին, քաղաքական ուժերին, լրագրողներին և լավ ընտրություններ կազմակերպելուն: Այնուհետև կես կատակ կես լուրջ ասաց, թե բոլոր քաղաքական ուժերն էլ ըստ էության ցանկանում են, որ Կամո Արեյանը փոխվի:
Հարցին՝ ինչո՞ւ ժամանակին լինելով ավագանու կազմում՝ ԲՀԿ-ն չկարողացավ հասնել մի շարք խնդիրների լուծմանը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ունենալով ավագանիում մեծամասնություն ի դեմս ՀՀԿ-ի՝ մեր ավագանիներն իրենց սակավ ձայներով չեն կարողացել շատ խնդիրը լուծել: Ես որպես պատգամավոր մշտապես եղել եմ, երբ Երևանում փորձել են որևէ մշակութային շենք քանդել: Շատ խնդիրներ չեն լուծվել այն պատճառով, որ ՀՀԿ-ն եղել է մեծամասնություն, և իրենց ձայնը եղել է դոմինանտ: Դրա համար ենք ասում, որ հեղափոխության մոտիվացիան պիտի լինի այն, որ որևէ քաղաքական ուժ չունենա քաղաքական մենաշնորհ»:
Իսկ թե ինչու Երևանը պիտի ունենա կին քաղաքապետ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այո,Երևանին կին քաղաքապետ է պետք, քանի որ Երևանը համարում եմ մեծ տնտեսություն: Կանայք շատ ավելի նուրբ են տեսնում սոցիալական խնդիրը, որ տարեցների, երեխաների կյանքը Երևանում դարձնում են անարդյունավետ: Տղամարդկանց բանաձևը հարձակումը, պաշտպանությունն է, կանանցը՝ երկխոսություն, փոխզիջում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ԲՀԿ ֆեյսբուքյան էջի


















































